Չեմ հիշում մեծերից ո՛վ է ասել, որ առողջ է այն ժողովուրդը, որը գիտի երգիծել, սեփական սխալների վրա ծիծաղել, իր ղեկավարներին ծաղրել:
Եթե դա ճիշտ է, ապա վերջին օրերին առողջության նշաններ են նկատվում մեր հասարակության շարքերում: Մարդիկ համացանցում, փողոցում թե հասարակական վայրերում քմծիծաղով են անդրադառնում պետական պաշտոնյաների ելույթներին, հայտարարություններին, հիմար որոշումներին, նույնիսկ, խոսքը մեր մեջ, «կառավարությունը այդ ե՛ս եմ» ասողին…
Ավտոբուսում տաք բանավեճ է, դեռեւս չստուգված տվյալներով լեցուն: Քննարկվում է օրվա գլխավոր թեման` Շաքիի դեպքը, ազերի ավտոմատավոր հրոսակի մուտքը Հայաստան. քաղաքացիական հագուստով, ծանր հրացանով, քայլում է 12 կիլոմետր` մինչեւ հասնում է գյուղ, ներխուժում 3 երեխաների հետ այնտեղ ապրող մայրիկի տուն, սարսափահար անում երեխաներին, բայց մայրիկը չի ընկրկում, սեղանից ձեռքն է վերցնում խոհանոցային դանակը, ու մինչ թուրքը փորձում է կրակել` ձախ ձեռքով փակում է հրացանի փողը, իսկ աջով` դանակը խրում է նրա որովայնի մեջ:
Ավտոբոսում բոլորն էին գոռալով խոսում, մեկը մյուսին լրացնում այլեւայլ մանրամասնություններով, ամեն մեկն իր վարկածն է ջանում խցկել, ջղագար պոռթկում էին հատկապես կանայք:
Մի պահ լսվեց մի տղամարդու բամբ ձայնը.
– Այդ կինը ցույց տվեց, որ ինքը կկու չի, որ մեկիկ-մեկիկ իր ձագերին տա: Նա էգ առյուծ է, նրան պետք է հերոսի կոչում տալ…
– Առը հա՛,- լսվեց մեկ ուրիշի ձայնը,- նրան ոչ թե կոչում կտան, այլ կտանեն քննչական, կհարցաքննեն, գործ կսարքեն վրեն…
– Ո՞նց թե,- նրան ընդհատեց «հերոսի կոչում» տվողը,- ինչպե՞ս է կարելի, չէ՞ որ ինքնապաշտպանության դեպքում…
– Առաջին հերթին հարց կտան,- ընդհատեց ըստ երեւույթին քննչականներում փորձառություն ունեցող տղամարդը,- էս դանակը քեզ ո՞ւրդուց, սառը զե՞նք ես պահում: Կարող ա՞ ուրիշների վրա էլ ես քաշել…
– Հա՛, հետո ի՞նչ,- գոռաց վերջում կանգնած ջահել մի տղա:
– Հետո էն, որ քննչական կկանչեն նրա մարդուն, մոտիկ բարեկամենրին էլ, ու բոլորի վրա կփաթաթեն ավելի լուրջ` արդեն քաղաքական մեղադրանք` աշխատում են պետական քաղաքականության դեմ, հակադրվում են խաղաղասերի խոստացած խաղաղությանը:
– Թող այդ խաղաղությունը իրենց մի տեղը կոխեն,- տեղից նորից պոռթկաց երիտասարդը:
Այստեղ լսվեց ավտոբուսի վարորդի բարձրախոսի ձայնը.
– Քաղաքացիներ, սա քաղաքական կլուբ չի, գնացեք այգի, ինչ ուզեք` խոսեք…
Տիրեց լռություն: Ավտոբուսն արդեն հասել էր Սախարովի հրապարակ, որը երեւի շուտով քաղաքապետը, մեկ sms-ով, նորից կկոչի Ազիզբեկովի անունով` հետեւելով Տիգրանաշենի քյարքիացման օրինակին:
Հաջորդ կանգառում մյուսների հետ ես էլ դուրս եկա «կլուբից», մտքումս արձանագրելով, թերեւս ցանկատեսությամբ, մեր հասարակության մեջ անտարբերների թվի նվազած լինելու փաստը: Նիկոլի ու նրա կուսակցություն կոչվող հետեւորդների ջանքերը, աչալրջությունը` իբր խաղաղապաշտ լինելու, Սրբազան Արարատը չտեսանկարահանելու, Արցախ ու արցախցի բառերը չհիշատակելու, Հայ եկեղեցու դեմ բամբասելու, Արեւմտահայաստանը պարտադիր մոռացության մատնելու, այդ բոլորը «պատերազմի հրահրիչ» համարելու ջղային ջանքերը մեկ օրում առ ոչինչ են դարձել Շաքիի միջադեպի իրողություն լինելու փաստով, ազերի հրոսակին խիզախորեն, բնազդորեն դիմագրավելու հայ կնոջ արարքը քանդեց նիկոլական խաղաղության միֆը, պայթեցրեց նրա «խաղաղության» փուչիկը, ցույց տալով, որ մեր ժողովրդը տակավին առողջ է, նա ծաղրում, ծիծաղում, երգիծանքի նյութ է դարձնում խաբեբաներին, խարդախներին, ստախոսներին:
Շաքիի միջադեպը պայթեցրեց խաղաղության նիկոլական միֆը:
Առողջ եղեք:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
03.01.2026 թ.