Հունաստանը ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է մինչև 4 մլրդ դոլարի շրջանակում արդիականացնել կործանիչներն ու ձեռք բերել ժամանակակից հրթիռներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսում է F-16 Viper և F-35 կործանիչների, ինչպես նաև Black Hawk ուղղաթիռների համար նորագույն հրթիռների ու ռումբերի մատակարարում և հնացած F-16 կործանիչների արդիականացում մինչև Viper տարբերակ։
Գործակալությունը նշում է, որ 2024 թվականին Հունաստանը ԱՄՆ-ի հետ պայմանավորվել էր ձեռք բերել 20 F-35 կործանիչ և 35 UH-60M Black Hawk ուղղաթիռ։ Հունաստանը նաև արդիականացնում է շուրջ 82 F-16 կործանիչ՝ դրանք հասցնելով Viper տարբերակի, և նախատեսում է արդիականացնել նույն տեսակի ևս 37 ինքնաթիռ։
Նախորդ օրը Աթենք էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-Հունաստան ռազմավարական երկխոսության արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ կողմերը հայտնել էին Foreign Military Sales ծրագրի շրջանակում 4 մլրդ դոլարի սպառազինության մատակարարման գործարքների մասին։
Օգոստոսին Հունաստանն ու Իսրայելը շուրջ 3 մլրդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր էին կնքել, որով նախատեսվում է Հունաստանում ստեղծել հակաօդային պաշտպանության համալիր բազմաշերտ համակարգ։
