Նոր մեղադրանք Վենեսուելայի նախագահին․ հիմքում խոշտանգումների մասին ամերիկացի կալանավորների վկայություններն են

Վենեսուելայում ամերիկացիների կալանավորման խնդրահարույց դեպքերն ու նրանց պահման պայմանները տարիներ շարունակ եղել են ԱՄՆ–Վենեսուելա հարաբերությունների զգայուն հարցերից՝ խոշտանգումների մասին վկայություններով և ազատ արձակման շուրջ բանակցություններով։ Դրանք «պատանդների դիվանագիտություն» անվանումն են ստացել։ Այժմ պատմությունը կարող է ստանալ նոր՝ քրեական շարունակություն։ Ամերիկյան իշխանությունը մտադիր է նոր մեղադրանք առաջադրելու Վենեսուելայի նախագահին ու նրա տիկնոջը։

Հունվարի 3-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի ձերբակալությունը աշխարհի ուշադրության կենտրոնում էր։ ԱՄՆ զինված ուժերը Կարակասում հատուկ գործողություն կատարեցին՝ ներխուժելով Մադուրոյի նստավայր, որտեղից նրան ու տիկնոջը նախ ուղղաթիռով, ապա ռազմանավով Նյու Յորք տեղափոխեցին։ Մեղադրանքը վերաբերում էր զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառությանը։ Ավելի ուշ այս օպերացիան Վենեսուելան առևանգում որակեց, իսկ Միացյալ Նահանգները՝ ռազմական գործողություն։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ․

«Դա Կարակասի սրտում, խիստ ամրացված ռազմական ամրոցի դեմ ուղղված գործողություն էր՝ օրենքից դուրս գործող բռնապետ Նիկոլաս Մադուրոյին պատասխանատվության ենթարկելու նպատակով»։

Մադուրոն և Ֆլորեսն այժմ Նյու Յորքի դաշնային կալանավայրում են։ Նախատեսվում է, որ նրանց դատավարությունը կսկսվի 2027-ի հունվարին։ Բայց մինչև այդ հնարավոր է ավելանան ևս մեկ քրեական գործ ու նոր մեղադրանքներ, որոնք առնչվում են Վենեսուելայի կալանավայրերում մեկ տասնյակից ավելի ամերիկացիների նկատմամբ ենթադրյալ խոշտանգումներին։

Ամերիկացի ծովային հետևակ Մեթյու Հիթը 2020-ին է ձերբակալվել Վենեսուելայում և շուրջ երկու տարի անցկացրել կալանավայրում։ Նա CBS-ին պատմել է այդ տարիների մասին։

«Ինձ խոշտանգեցին։ Ձեռնաշղթաներով ամրացրին մետաղյա մահճակալի շրջանակին և հոսանքահարեցին՝ օգտագործելով ավտոմեքենայի մարտկոց ու լիցքավորման մալուխներ»։

Հիթի պատմությունը միակը չէ․ Վենեսուելայի հետախուզական ծառայությունն առնչություն ունի խոշտանգումների բազմաթիվ դեպքերի։ Կառույցը բազմիցս հայտնվել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում՝ քաղաքական ընդդիմախոսների ձերբակալությունների, կամայական կալանքների և խոշտանգումների վերաբերյալ մեղադրանքների կապակցությամբ։

2022-ից հետո Վենեսուելայի բանտերում հայտնված ամերիկացիների հարցով բանակցությունները ստացան «պատանդների դիվանագիտություն» անվանումը, որը սկսվեց CITGO 6-ի գործից։ Խոսքը Վենեսուելայի պետական նավթային ընկերության՝ ամերիկացի 6 աշխատակիցների կալանավորման մասին է։

Խմբի անդամներից մեկը լրատվամիջոցներին պատմել է․

«Նրանք թիրախավորում էին հայտնի կամ ազդեցիկ մարդկանց, քանի որ նրանց միջոցով գործարքներ անելու լծակներ էին ստանում։ Մենք ակնհայտորեն դարձել էինք քաղաքական խաղաքարտ և սակարկության առարկա։ Սա միանշանակ էր»։

Արդյուքը 2022-ի հոկտեմբերին տեղի ունեցած փոխանակումն էր․ Վենեսուելան ազատ արձակեց յոթ ամերիկացիներին, այդ թվում՝ CITGO 6-ի անդամներին, իսկ ԱՄՆ-ն՝Մադուրոյի կնոջ երկու ազգականներին, որոնք դատապարտված էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ CITGO 6-ի անդամ Ջորջ Տոլեդոն, որը գրեթե հինգ տարի անցկացրել էր Վենեսուելայի կալանավայրում, ազատ արձակվելուց հետո պատմել է այդ տարիների մասին․

«Դա նման էր լիակատար խավարից լիակատար լուսավորության անցնելու։ 18 ամիս շարունակ՝ օրական 24 ժամ, շաբաթը յոթ օր, ինձ վրա շատ ուժեղ ու ինտենսիվ լույս էր ուղղված։ Իսկ դա, գիտեք, նշանակում է, որ հնարավոր չէր քնել»։

Ուշագրավ է, որ Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի անունը Վենեսուելայի քաղաքականության մեջ վաղուց միայն նախագահի ընտանիքի հետ չի կապվում։ Նա եղել է Վենեսուելայի խորհրդարանի՝ Ազգային վեհժողովի նախագահ, գլխավոր դատախազ և համարվել է չավիստական իշխանության առանցքային գործիչներից մեկը։ Մադուրոյի նախկին խորհրդականներից մեկը նրա դերն այսպես է նկարագրել․

«Ֆլորեսը միշտ եղել է կուլիսներում՝ թելերն իր ձեռքում պահելով»։

Նոր մեղադրանքների ամբողջական ծավալն ու բովանդակությունը հայտնի կդառնան դատախազության պաշտոնական հայտարարությունից հետո, իսկ Մադուրոն ու Ֆլորեսն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Leave a Comment