Հութիները կրկին հայտնել են Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին հարվածելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) կրկին հարձակվել է Էր-Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա, ինչպես նաև հարվածներ հասցրել Նաջրանի օդանավակայանին և Խամիս-Մուշայթի ավիաբազային։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Այսօր երեկոյան մեր զինված ուժերը երկու թևավոր հրթիռով հարձակվել են Էր-Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա, բալիստիկ հրթիռով՝ Նաջրանի օդանավակայանի, և մեկ բալիստիկ հրթիռով՝ Խամիս-Մուշայթի ավիաբազայի վրա»,- ասվում է Սարիայի՝ Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ։

Սարիայի պնդմամբ՝ հարձակումների հետևանքով վնասվել են օբյեկտներ, իսկ երկու օդանավակայաններում էլ ավիաչվերթները դադարեցվել են։

Ավելի վաղ հութիների ներկայացուցիչը հայտնել էր Էր-Ռիադի օդանավակայանի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման մասին։ Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել էր թագավորության մայրաքաղաքի և Խամիս-Մուշայթի ուղղությամբ արձակված երեք հրթիռի որսալու մասին։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել էր նաև Էր-Ռիադում մանկապարտեզի և բժշկական համալիրի շենքերի վրա բեկորների ընկնելու մասին։

Leave a Comment