Հայաստանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգետիկ համակարգերի հնարավոր փոխկապակցումն արդեն ոչ միայն քաղաքական, այլև մասնագիտական քննարկման փուլում է։ Օրեր առաջ Երևանում էր Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության՝ TEİAŞ-ի (ԹԷԻԱՇ) խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությունը։ Քննարկվել է երկու երկրների էներգահամակարգերի կապը, այդ թվում՝ Կարս–Գյումրի էլեկտրահաղորդման գծի հնարավոր վերագործարկումը։ Ի՞նչ կարող է տալ այդ կապը Հայաստանին, և այն կարո՞ղ է նոր կախվածություն ստեղծել, ինչպես մտահոգվում են որոշ շրջանակներում։
Հայաստանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցումն ակտիվորեն քննարկվում է։ Իսկ արագ առաջ շարժվելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի մի մասը, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, արդեն կա։
«Առաջին հերթին Կարս–Գյումրի էլեկտրահաղորդման գծի մասն է, որովհետև այս գծի հիմնական հատվածները բավական լավ պահպանվել են, և փոքր ներդրումներ անելուց հետո հնարավոր կլինի գիծը շահագործման հանձնել։ Բայց նաև՝ այլ գծերի կառուցման մասով։ Քննարկել ենք երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերը իրար կապելու հարցը։ Մասնավորապես, փոխհոսքեր ապահովելու և էլեկտրաէներգիայի առևտուր ապահովելու հարցը։ Ես կարծում եմ՝ էներգետիկ ուղղությունը լավ քայլ է այս ուղղությամբ սկսել որոշակի հարաբերություններ։ Ըստ անհրաժեշտության, եթե Թուրքիային անհրաժեշտ լինի էլեկտրաէներգիա, մենք պատրաստ ենք էլեկտրաէներգիա վաճառել և պատրաստ ենք գնել նույն դեպքում»։
Հենց այս հարցերն են Երևանում քննարկել Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության՝ TEİAŞ-ի (ԹԷԻԱՇ) –ի ներկայացուցիչների պատվիրակության հետ։ Բայց նախարարն ընդգծում է՝ էներգետիկ կապերի ընդլայնման հարցը Հայաստանը քննարկում է ոչ միայն Թուրքիայի հետ։
«Այս հարցը ակտուալ է մեզ համար։ Բոլոր հարևանների մասով հարցը քննարկում ենք։ Նաև Իրանի գործընկերների հետ, Վրաստանի գործընկերների հետ։ Պետք է ասեմ, որ հարցը քննարկում ենք նաև Ադրբեջանի գործընկերների հետ, և մենք վերջին շրջանում հայտարարել ենք, որ և՛ տնտեսական առումով, և՛ անվտանգային առումով այս հարցը կարևոր է, և այս հարցը շարունակաբար մեր օրակարգում է»։
Այդուհանդերձ, Թուրքիայի հետ հնարավոր էներգետիկ կապի շուրջ Հայաստանում արդեն մտահոգություններ են հնչում։ Մասնավորապես՝ արդյոք նման քայլով Հայաստանը նոր էներգետիկ կախվածության մեջ չի՞ հայտնվի։ Սրան գումարվել են պետականացման գործընթացում գտնվող ՀԷՑ-ի հնարավոր վաճառքի խոսակցությունները։
Նախարար Խուդաթյանը դրանք կապում է տարբեր զարգացումների հետ և ասում՝ թուրքական պատվիրակության հետ ՀԷՑ-ի հարցը չի քննարկվել։ Քննարկվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի՝ ԲԷՑ-ի հետ կապված ենթակառուցվածքը։
ՀԷՑ-ը զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ՝ այն հասցնելով սպառողներին։ ԲԷՑ-ը պետական ընկերություն է և ապահովում է էլեկտրաէներգիայի հաղորդումը՝ արտադրողներից դեպի բաշխիչ համակարգեր։
«Գործընկերները հանդիպել են բարձրավոլտ էլեկտրական ցանցերի էներգետիկ օպերատորի գործընկերների հետ, հիմնականում քննարկել են գծերի վիճակը, տեխնիկական մանրամասներ, ինչ հզորություններով է կարելի կապվել, ինչ ծավալի փոխհոսքեր, ինչ սեզոնների փոխհոսքեր կարելի է ապահովել։ Ըստ էության, քննարկումը դրա մասին էր։ Հայաստանի էներգահամակարգը որքան ավելի շատ միացած լինի այլ երկրների էներգահամակարգերին, այնքան ոչ մեկից կախվածության տակ չի լինի։ Աշխարհի, եվրոպական երկրների էներգահամակարգերը միանգամից կապված են մի քանի տասնյակ երկրներին, ինչը լրացուցիչ ամրություն է տալիս նրանց»։
Բայց ինչպե՞ս է աշխատում նման կապը, և ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին։ Հարցին մասնագիտական տեսանկյունից անդրադառնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Թուրքական էներգահամակարգը բավականին խոշոր, զարգացած համակարգ է՝ մոտ 110․000 մեգավատ դրվածքային հզորությամբ։ Հայաստանն ավելի փոքր համակարգ է։ Եթե կարճ՝ այդ կապը մեր պարագայում միայն օգուտ կարող է լինել մեր երկրին ու չի կարող առաջացնել լրացուցիչ կախվածություն։ Այն կարող է թուլացնել այն կախվածությունները, որոնք այսօր մենք ունենք ռեժիմային կարգավորման տեսանկյունից»։
Այսինքն՝ տրամաբանությունը միայն Թուրքիայից էլեկտրաէներգիա գնելը չէ։ Էներգահամակարգերի կապը ենթադրում է նաև փոխհոսքեր՝ անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիա վաճառելու և գնելու հնարավորություն։ Գործընթացի հեռանկարի մասին վարչապետ Փաշինյանը ևս խոսել է՝ ընդգծելով, որ էներգետիկ ծրագրերը երկարաժամկետ են։
«Էներգետիկան այն ոլորտն է, որ առնվազն 10 տարվա կտրվածքով ենք մենք հարցերը քննարկում»։
Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակության այցը Երևան Թուրքիայի և Հայաստանի մասնագիտական կառույցների առաջին պաշտոնական շփումներից էր՝ էլեկտրահաղորդման գծերի վերականգնման և էներգահամակարգերի հնարավոր միացման հարցով։
Իսկ ենթակառուցվածքների վերականգնման թեման արդեն քննարկվել էր այս տարվա ապրիլին Կարսում, երբ հայկական և թուրքական պատվիրակությունները հանդիպել էին։ Այդ ժամանակ, սակայն, հիմնական թեման Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնումն էր։
Էներգետիկ կապի գաղափարը նոր չէ։ Դեռ 2008–2009 թվականներին՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանում, հայկական պետական ընկերությունը պայմանագիր էր կնքել թուրքական շուկայում գործող «UNIT Group»-ի հետ՝ էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ։ Նախագիծը, սակայն, քաղաքական պատճառներով այդպես էլ չիրականացվեց։