Արգելվել է ընդդիմադիր վեց պատգամավորների օգնականների մուտքը ԱԺ շենք

Քաղաքական բանավեճի հարթակ խորհրդարանում վերջին նիստի քննարկումներն այնքան էլ քաղաքական չէին․հոկտեմբերի 6-ին բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի, ուղեկցվել փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով։ Միջադեպի մասնակից էին դարձել անգամ պատգամավորների օգնականները։ Նրանք դրա համար պատասխանատվության են ենթարկվելու․ այդպես է որոշել ԱԺ ղեկավարությունը։

Խորհրդարանում հստակ պատասխան դեռ չի հնչում՝ արդյոք հոկտեմբերի 6-ին ԱԺ նիստերի դահլիճում, ապա միջանցքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև մոտ մեկ ժամ տևած լարված իրավիճակը կդառնա նորաստեղծ էթիկայի հանձնաժողովի քննության առաջին նյութը։

Այս իրավիճակը, սակայն, խորհրդարանում այլ կերպ ծավալվելու պատճառ է դարձել։ ԱԺ նախագահի որոշմամբ՝ պատգամավորների վեց օգնականների արգելվել է մուտք գործել ԱԺ շենք։ Խոսքն «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամների օգնականների մասին է։ Խորհրդարանական մեծամասնության կարծիքով՝ նրանք իրենց անվտանգության աշխատակիցների գործառույթ են վերագրել։ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հաստատում են, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամների օգնականների վարքագիծն ուսումնասիրության առարկա է դարձել։

Այդ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հերքում է պնդումը, թե խմբակցության աշխատակիցները փորձել են մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ․

«Չեմ ուզում շատ անդրադառնալ այս միջադեպին, որհետև միջադեպը սպառված է։ Կոնկրետ ձայնագրություններում էլ երևում է, որ փաստացի նման գործողություններ չկան և տվյալ մարդիկ ուղղակի կանգնած սպասում էին, թե երբ պատգամավորները դուրս կգան։ Հավաստիացնում եմ ձեզ, եթե նման միտում լիներ, այդ միտումը ավելի շուտ էլ կարող էր լինել։ Կարար լիներ օգոստոսին քառօրյաների ժամանակ, կարող էր լինել սեպտեմբերի քառօրյայի ժամանակ։ Սպասենք ծառայողական քննության արդյունքներին։ Մեր կողմից մենք կարող ենք հայտնել մեր պատրաստակամությունը․ եթե մեր կողմից լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջվում են, մենք պատրաստ ենք ներկայացնել»։

Խորհրդարանի տեսախցիկները, սակայն, այլ իրավիճակ են արձանագրել։ Երևում է, թե ինչպես են «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամերի օգնականները փորձում ճեղքել անվտանգության աշխատակիցների պատնեշը նիստերի դահլիճ մտնելու համար։ Այդ հրմշտոցից տեղաշարժվում էր անգամ մետաղորսիչ սարքը։ Ինչո՞ւ էին պատգամավորների օգնականները փորձում մուտք գործել նիստերի դահլիճ, ինչի՞ իրավունքը չունեին։ Այս հարցերի պատասխանը «Ուժեղ Հայաստան»–ի պատգամավորների փոխարեն փորձել է տալ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը․

«Իհարկե, լավ չէ, որ նման դեպքեր լինում են, բայց նման դեպքերի ուղիղ պատասխանատվությունը ԱԺ նախագահի տիրույթում է։ Դահլիճ մտնելը շատ ժամանակ, կարծում եմ, էմոցիաների տիրույթում է, որովհետև շատերի համար դահլիճի ներսում նաև իրենց ընկերներն են, ու այդ անհանգստությունը կարող է բերել նրան, որ ուզենան մտնել և չթողնել, որ ինչ–որ սխալ բան տեղի ունենա իրենց գործընկերոջ, իրենց ընկերոջ նկատմամբ։ Բայց նման դեպքեր չեմ կարծում, որ միայն ընդդիմության օգնականների կողմից են եղել։ Նախկինում մենք նաև այլ դեպքերի ենք ականատես եղել»։

Խնդրին առնչվող մեկ այլ հարց էլ այն է, թե ինչպես է ԱԺ տեսախցիկի ձայնագրությունը հայտնվել լրատվամիջոցներից մեկի տրամադրության տակ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը դժվարանում է պատասխանել․

«Չեմ կարող ասել, թե տեսանյութն ինչպես է հայտնվել և ինչու է հայտնվել, այդ հարցի պատասխանը ես իսկապես չունեմ։ Բայց հնարավոր է, որ առաջիկայում պարզաբանում տանք այդ հարցի վերաբերյալ։ Եթե քրեական գործի նյութ չէ, եթե անհատական տվյալներ չի պարունակում, և եթե ինչ–որ մի լրատվամիջոց հարցում է անում և ուզում է այդ տեսանյութը, հնարավոր է նման իրավիճակ ։ Բայց սա ասում եմ ենթադրաբար։ Պետք է ուսումնասիրեմ կանոնադրությունը, հասկանանք` երբ են տալիս, ինչ պայմաններում են տալիս և որ տեսանյութը կարող են տալ, որը՝ ոչ»։

Խորհրդարանական ընդդիմությունը օրենսդիր մարմնում փորձում է ձևավորել նաև իր օրակարգը։ Հաջորդ լիագումար նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ներկայացնելու «Խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը՝ հաստատում է խմբակցության քարտուղարը․

«Մենք հետամուտ ենք լինելու, որ անվերջանալի զիջումների շղթան ավարտվի, և մենք հանդես ենք գալու զիջումները դադարեցնելու ծրագրով։ Այսպիսի իրավիճակներ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ , թե՛ ԱՄՆ հետ հարաբերություններում առկա են նրա պատճառով, որովհետև գործող իշխանությունները փորձելով վարել բալանսավորված քաղաքականություն, փաստացի ամբողջ արտաքին քաղաքականությունը կառուցել են հակադրությունների վրա։ Հայաստանը պետք է լինի ոչ թե հակադրությունների գործիք, այլ համագործակցության հարթակ միջազգային գերտերությունների համար»։

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» խմբակցության համար առաջնայինը շարունակում է մնալ Եկեղեցու շուրջը ստեղծված իրավիճակը։ Մերժելով այդ հարցի ուսումնասիրության համար ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու հնարավորությունը՝ ընդդիմադիր ուժը հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում հենց այդ հարցով պատրաստ է փողոցային պայքարի դուրս գալու։

Leave a Comment