Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Իռլանդիայի եվրոպական հարցերի ու պաշտպանության նախարար Թոմաս Բըրնը ստորագրել են հայկական ապրանքների համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող օրենսդրական ակտը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է երկու տարով վերացնել հայկական ապրանքների լայն տեսականու համար սահմանված մաքսատուրքերը։ Արտոնությունները տարածվում են ավելի քան 300 ապրանքախմբերի վրա։ Փաստաթուղթը պաշտպանական մեխանիզմներ է սահմանում նաև ԵՄ արտադրողների համար։
Հայկական ապրանքների համար առևտրային ժամանակավոր արտոնություններ նախատեսող ԵՄ կանոնակարգի ընդունման օրենսդրական ընթացակարգն ավարտված է։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ Խորհրդի նախագահող երկրի` Իռլանդիայի Եվրոպական հարցերի և պաշտպանության պետնախարար Թոմաս Բըրնը ստորագրել են «Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների մասին» օրենսդրական փաստաթուղթը։
«Ստորագրվող փաստաթուղթը վերաբերում է առևտրի ոլորտին։ Այն հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացում է ենթադրում»։
Կանոնակարգը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը։ Օրենսդրական ընթացակարգն իրականացվել է արագացված կարգով՝ հուլիսի 2-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Կանոնակարգը ներառում է պաշտպանական մեխանիզմներ՝ ԵՄ արտադրողների վրա ներմուծման հնարավոր բացասական ազդեցության դեպքում։ Կանոնակարգի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումների պայմաններում: Թե՛ ԵՄ Խորհուրդը, թե՛ Եվրոպական խորհրդարանը հավանություն են տվել Հանձնաժողովի առաջարկությանը՝ առանց փոփոխությունների։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Բոգդան Զդրոյևսկու հավատարմագրված օգնական Դարիա Ռոգալան «Ռադիոլուրի» հետ բացառիկ զրույցում մասնավորեցրել է՝ առաջարկվող միջոցառումները կընդգրկեն հայկական ապրանքների լայն տեսականի, մասնավորապես՝ միրգ, բանջարեղեն, ըմպելիք և ոգելից խմիչքներ, ինչպես նաև արդյունաբերական որոշ ապրանքներ։
«Այնուամենայնիվ, այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հանքաքարը, դեղագործական ապրանքները, թուղթը և տպագրական ապրանքները, արվեստի գործերն ու անտիկվարիատը, կմնան արտոնյալ ռեժիմից դուրս։ Որոշ հիմնական ապրանքային կատեգորիաների համար ազատականացումը կլինի մասնակի։ Սա վերաբերում է, օրինակ, երկաթին և պողպատին, որտեղ ընդգրկված են միայն ֆերոհամահալվածքները, և ալյումինին, որտեղ բացառությունների թվին են դասվում չմշակված ալյումինն ու ալյումինե նրբաթիթեղը։ Հետևաբար, արտոնությունների ճշգրիտ ծավալը պետք է գնահատվի հավելվածներում նշված կոնկրետ մաքսային կոդերի մակարդակով»։
Ընտրվել են այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել ռուսական սահմանափակումներից։
Արտահանման դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող աշխատաքը արդյունք է տվել, վստահեցնում է արտաքին գործերի ու միջազգյաին առևտրի նախարար Արարատ Միրզոյանը․
«Կարող եք տեսնել հայկական ծաղիկներ Թուրքմենստանում, հայկական դեղձ՝ Օմանում, հայկական ծիրան՝ Վարշավայում»։
Հայկական արտադրանքի արտահանմումը ԵՄ ավելացել է շուրջ 70 տոկոսով՝ վիճակագրական վերջին թվերն է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանն ընդգծում է․
«Հունվար օգոստոսին Հայաստանից ավելի շատ հայկական ծագման արտադրանք է արտահանվել եվրոպական շուկա, քան 2025–ին։ Ուղղությունները շատ են, բայց այստեղ իր տեղն ունի գյուղատնտեսական արտադրանքը»։
Եվրոպական միության և Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին ակնհայտորեն խորացել են։ 2025 թվականին ընդունվել է ԵՄ-Հայաստան Ռազմավարական օրակարգը, իսկ 2026 թվականի մայիսին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Ընթանում է նաև մուտքի վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, իսկ «Կապակցվածության գործընկերության» (Connectivity Partnership) շրջանակներում մշակվում են ենթակառուցվածքային ծրագրեր։