ԵՄ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանին՝ միությանն ավելի մոտենալու հարցում, վստահեցնում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Որպես օրինակ նա նշում է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։ Նա հիշեցրել է, որ եվրոպական երկրները ինքնուրույն որոշում են ընդունել աջակցելու հայ արտահանողներին, երբ Ռուսաստանը արգելեց հայկական արտադրանքի ներմուծումը։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը լրագրողներին ասել է, որ եվրոպական երկրները գնահատում են Հայաստանի ջանքերը միությանը ավելի մերձենալու հարցում և պատրաստ են աջակցելու։
«Սա ԵՄ-ում ճանապարհային մեծ քարտեզ է՝ պատրաստվելու և թեկնածու երկրներին համապատասխան ազդակ տալու համար, որ եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես պատրաստ ենք և անում ենք մեր քայլերը»։
Հայաստանը, ըստ եվրոպացի պաշտոնյայի, իրական քայլերով շարժվում է դեպի ԵՄ։ Ի պատասխան՝ ԵՄ-ն էլ վիզային ռեժիմի ազատականացման գործընթաց է սկսել։ Հայաստանը միակ երկիրն է այս պահին, որի հետ միությունը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ է վարում։
Քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը «ԵՄ-ն Հայաստանի համար․ արժեքներ, վստահություն, բարեկեցություն» թեմայով զեկույց էր պատրաստել։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա խոսում է, թե հատկապես ինչ պետք է իմանա հայ հանրությունը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մասին․
«Իմանա, որ վիզաների ազատականացումը կարող է 2-3 տարում տեղի ունենալ, իսկ ԵՄ ֆորմալ անդամակցությունը կարող է 10-15 տարի կամ, ընդհանրապես, ավելի երկար տևել։ Բայց մյուս կողմից, աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով, օրինակ, Ուկրաինայի շուրջ կամ ԵՄ հարցում Վրաստանի դիրքորոշման հետ կապված, գործընթացը կարող է արագանալ։ Բայց կարևոր է իրական խոսակցությունը մեր հասարակության տարբեր շերտերի հետ տարբեր թեմաների շուրջ։ Դա հենց այն առաջնահերթությունն է, որը ես կոչում եմ ռազմավարական հաղորդակցություն»։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հիշեցնում է, որ Հայաստանի դեմ Ռուսաստանի կիառած տնտեսական սահմանափակումներին ի պատասխան՝ ԵՄ-ն օգնում է Հայաստանին զարգացնելու տնտեսությունը․
«Ռուսաստանն արգելել է ներմուծումը ձեր երկրից և ԵՄ երկրների և Եվրոպական խորհրդարանի աջակցությամբ տրվել են առևտրային որոշակի արտոնություններ, որոնք Հայաստանին հնարավորություն են տալիս իր արտադրանքի մոտ 80 %-ը արտահանելու ԵՄ՝ առանց մաքսատուրքերի»։
Շաբաթներ առաջ Եվրոպական խորհրդարանը հավանություն տվեց Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ ստեղծելու առաջարկին։ Առայժմ պարզ չէ, թե որքան կգործի արտոնյալ ռեժիմը, սակայն Մարթա Կոսն ասում է, որ Հայաստանի տնտեսական զարգացման համար գոյություն ունի նաև հատուկ փաթեթ։ Սակայն նա փակագծեր չի բացել։