Կաթողիկոսը իրավաբանների հետ քննարկել է եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրները

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, քննարկել եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրները: Հ

Մայր Աթոռի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ներկայացվել են եկեղեցու վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ պատրաստված զեկույցին և Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողովին առնչվող հարցեր։

Սեպտեմբերի վերջին կառավարությունը հրապարակվեց «եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը»: Այն կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույցն արդեն «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական» է որակել։ Զեկույցը խիստ քննադատել են նաև հայաստանյան իրավապաշտպանները՝ պնդելով, որ բաց աղբյուրների վրա հիմնված տեքստը դեղին մամուլի հրապարակում է հիշեցնում:

Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաև Հայոց Եկեղեցու վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, դատապարտել՝ այն գնահատելով որպես Եկեղեցու ներքին կյանքին և ինքնակառավարմանը միջամտելու փորձ։ Նրանց գնահատմամբ՝ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը չեն կարող հանդիսանալ խորհրդարանական վերահսկողության առարկա։

ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է՝ ուսումնասիրելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակը, թեև Հայաստանում եկեղեցին ու պետությունն անջատ են իրարից: Նախօրեին էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», առանց ընդդիմության մասնակցության, հաստատեց հանձնաժողովի կազմը: Քննադատները սա համարում են պետության կողմից ուղիղ միջամտություն եկեղեցու գործերին:

Մասնակիցները ներկայացրել են առաջարկներ Հայոց Եկեղեցու և հոգևորականների իրավունքների պաշտպանության համար ներպետական և միջազգային իրավական մեխանիզմների կիրառման վերաբերյալ։ Քննարկվել են նաև Եկեղեցու բնականոն գործունեությանը և հոգևոր ծառայությանը խոչընդոտող խնդիրների հաղթահարման հնարավոր ուղիները։

Տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան տիար Արա Զոհրաբյանը Ներկայացրել են նաև տեղեկություններ Եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող քրեական վարույթների ընթացքի, կայացված դատական ակտերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Գարեգին Երկրորդը վերահաստատել է. «Հայ Եկեղեցին գործել և գործում է օրենքի շրջանակներում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը»։

Վարչապետ Փաշինյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ տարբեր պատճառաբանություններով փորձում է հասնել կաթողիկոսի հեռացմանը, այդ հարցը ներառել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական և իր կառավարության ծրագրում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն, նա քաղաքացիների հետ այս մասին չի խոսել և չի անդրադարձել եկեղեցուն կամ հոգևորականներին։ Վարչապետն այս օրակարգը թարմացրեց միայն ընտրվելուց հետո։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment