2027 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծրագիրը կավարտվի։ Սոցփաթեթի նախկին շահառուները, սակայն, չեն կորցնի իրենց հաշիվներում արդեն կուտակված գումարները․ դրանք շարունակելու են օգտագործվել գործող կարգավորումներով սահմանված ուղղություններով։ Միաժամանակ առողջապահական բաղադրիչը փոխարինվելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով, իսկ պետական տարբեր ոլորտներում սոցիալական երաշխիքները նախատեսվում է ապահովել այլ մեխանիզմներով։ Iravaban.net-ը տեղեկանում է ԱԲՆ-ից։
Աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանը, Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ԺՊ Հայկ Բաբայանը և ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են նախատեսվող փոփոխությունների մասին։
Ինչո՞ւ է սոցփաթեթը դադարեցվում
Լուսինե Հարությունյանի խոսքով՝ սոցիալական փաթեթը ներդրվել էր 2012-2013 թվականներին՝ կրթական, սոցիալական և առողջապահական տարբեր խնդիրների լուծման նպատակով։ Տարիների ընթացքում դրա առանձին բաղադրիչները, սակայն, ստացել են այլ համակարգային լուծումներ։
Մասնավորապես, 2026 թվականի հունվարի 1-ից ներդրվել է առողջության ապահովագրության համակարգը, իսկ պետական տարբեր ոլորտներում ներդրվել են կամ նախատեսվում են այլ մեխանիզմներ՝ աշխատողների վարձատրության, մասնագիտական զարգացման և սոցիալական երաշխիքների ուղղությամբ։
Նախարարության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ սոցփաթեթը, չնայած իր անվանմանը և սոցիալական ուղղվածությանը, սոցիալական աջակցության ծրագիր չի հանդիսացել։ Այն գործատուի կողմից աշխատողին տրամադրվող սոցիալ-աշխատանքային երաշխիք էր և կախված չէր աշխատողի աշխատավարձի չափից կամ սոցիալական վիճակից։
2027 թվականի հունվարի 1-ից ծրագիրը կավարտվի բոլոր շահառուների համար, այդ թվում՝ զինվորականների։
Ներկայում սոցփաթեթից տարեկան օգտվում է շուրջ 130 հազար շահառու։ Սոցփաթեթի հիմնական ուղղություններն են եղել հանգիստը և զբոսաշրջությունը, առողջապահական լրացուցիչ ծառայությունները, ուսման վճարը, հիփոթեքային վարկի մարումը, սպորտային ծառայություններից օգտվելը և այլ ուղղություններ։
Պաշտոնյաների ներկայացմամբ՝ սոցփաթեթի դադարեցումը չի նշանակում, որ արդեն կուտակված միջոցները կզրոյացվեն։
Կուտակված գումարները չեն կորելու
Սոցփաթեթի հաշիվներում կուտակված գումարները շարունակելու են մնալ քաղաքացիների տրամադրության տակ և կարող են օգտագործվել կառավարության որոշմամբ սահմանված ուղղություններով։ Այս պահին սոցփաթեթի հաշիվներում կուտակված է միջինում շուրջ 13 միլիարդ դրամ։ Թե մինչև տարեվերջ որքան գումար կկուտակվի կամ որքան մասը կծախսվի, պաշտոնյաները չեն կանխատեսում, քանի որ շահառուները շարունակաբար օգտագործում են այդ միջոցները։
Սոցփաթեթի հաշիվները նույնպես չեն փակվելու ավտոմատ կերպով։ Եթե հաշվում գումար կա, այն շարունակելու է գործել այնքան ժամանակ, քանի դեռ այդ միջոցները չեն օգտագործվել։
Եթե հաշվում գումար այլևս չկա, հաշվի փակման հետ կապված անցումային ընթացակարգերը բանկերի հետ դեռ քննարկման փուլում են։
Ո՞վ կարող է կանխիկացնել սոցփաթեթի գումարը
Սոցփաթեթի գումարի կանխիկացման հնարավորությունը բոլոր շահառուների համար չի լինելու։ Գործող կարգավորումներով առանձնացվում են մի քանի դեպքեր։
Առաջինը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները։ 2027 թվականի հունվարի 1-ից նրանք կկարողանան կանխիկացնել 2026 թվականի ընթացքում իրենց կուտակային կենսաթոշակային ֆոնդ փոխանցված սոցիալական վճարների չափին համապատասխան գումար։
Օրինակ՝ եթե անձի սոցփաթեթի հաշվին կա 700 հազար դրամ, իսկ 2026 թվականի ընթացքում նրա անունից կուտակային կենսաթոշակային ֆոնդ է փոխանցվել 90 հազար դրամ, նա կարող է կանխիկացնել 90 հազար դրամը։ Մնացած 610 հազար դրամը կմնա սոցփաթեթի հաշվին և կօգտագործվի սահմանված ուղղություններով։
Այս հնարավորությունը չի տարածվում այն ուժային կառույցների աշխատողների վրա, որոնք սոցիալական վճարներ չեն կատարում։
Երկրորդ դեպքը կենսաթոշակառուներին է վերաբերում։ Եթե անձը սոցփաթեթի իրավունք տվող աշխատանքից ազատվում է, և նրա հաշվին երեք ամիս սոցփաթեթի գումար չի փոխանցվում, նա կարող է դիմել և կանխիկացնել կուտակված գումարը։
Երրորդ դեպքը շահառուի մահվան հետ է կապված։ Այս դեպքում սոցփաթեթի հաշվում առկա միջոցները կարող են կանխիկացվել ժառանգների կողմից։
Հանգստի համար 200 հազար դրամի սահմանափակում չկա
Ասուլիսի ընթացքում պարզաբանվել է նաև քաղաքացիների շրջանում տարածված մեկ հարց․ եթե սոցփաթեթի հաշվին, օրինակ, կա 700 հազար դրամ, արդյո՞ք զբոսաշրջային կամ հանգստի ծառայության համար կարելի է միանգամից օգտագործել ամբողջ գումարը։
Շահառուի համար 200 հազար դրամի միանվագ ծախսի սահմանափակում չկա։ Եթե հաշվում առկա է 700 հազար դրամ, այն կարող է ամբողջությամբ օգտագործվել հանգստի ծառայության համար՝ համապատասխան պայմանագիր կնքելով ծառայություն մատուցող կազմակերպության հետ։
Ներկայիս կարգավորումներով սոցփաթեթի գումարը կարող է ուղղվել նաև առողջապահական լրացուցիչ ծառայությունների, այդ թվում՝ որոշակի ստոմատոլոգիական ծառայությունների, ուսման վարձի, ուսանողական վարկի, հիփոթեքային վարկի, սպորտային կազմակերպությունների ծառայությունների և այլ սահմանված նպատակների։
2027-ից առողջության ապահովագրության նոր փուլ
Սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի փոխարեն պետական աշխատողները կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Հայկ Բաբայանի ներկայացմամբ՝ 2027 թվականից ապահովագրված անձանց շրջանակն ընդլայնվելու է։ Ընդհանուր առմամբ խոսքը մոտ 340-350 հազար աշխատողի մասին է՝ պետական և ոչ պետական հատվածներից, թեև թիվը կարող է փոփոխվել։
Նոր խմբերի թվում են լինելու նաև պայմանագրային աշխատողները։
Առողջության ապահովագրության համար սահմանված վճարը կազմում է 10 800 դրամ։ Սոցփաթեթի դադարեցումից հետո նախկին 6000 դրամանոց սոցփաթեթային ֆինանսավորումն այլևս չի շարունակվելու նույն ձևով։
Ավելի քան 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողների դեպքում ապահովագրավճարը նախատեսվում է վճարել ընդհանուր կարգով։ Միաժամանակ նրանք հնարավորություն ունեն հայտարարագրի միջոցով առողջապահական ծախսերի համար օգտվել սոցիալական կրեդիտից և համապատասխան պայմանների դեպքում հետ ստանալ վճարված գումարը։
Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական աշխատողների համար ներկայացվեց նաև այն մոտեցումը, որ 10 800 դրամ ապահովագրավճարից 8800 դրամը կվճարվի պետական բյուջեից։ Վերջնական կարգավորումների վերաբերյալ, սակայն, պաշտոնյաները նշել են, որ հետագա տարիների համար դեռևս չեն կարող վերջնական կանխատեսումներ անել։
Առողջության ապահովագրությունը՝ կանխարգելիչ բաղադրիչով
Սոցփաթեթի շահառուների համար նախկինում գործող կարևոր բաղադրիչներից մեկը տարեկան պարտադիր բուժզննությունն էր։
Հարցին, թե արդյոք համընդհանուր ապահովագրության համակարգում քաղաքացին կարող է առանց գանգատի դիմել բժշկի և անցնել կանխարգելիչ հետազոտություն, Հայկ Բաբայանը նշել է, որ նման համակարգ նախատեսվում է։
Նրա խոսքով՝ 2029 թվականից քաղաքացիների համար նախատեսվում է նախնական կանխարգելիչ բուժզննումների պարտադիր մեխանիզմ։
Բուժզննումները նախատեսվում է կազմակերպել որոշակի օրացույցով, որպեսզի համակարգը կարողանա սպասարկել բնակչության մեծ թվով շահառուների։
Ներկայացված գնահատմամբ՝ մինչև 2028 թվականի վերջը առողջության ապահովագրության համակարգի ծածկույթը նախատեսվում է հասցնել մոտ 85-90 տոկոսի։
Սոցփաթեթի փոխարինման շրջանակում կրթության ոլորտում ևս նախատեսվում են այլ մեխանիզմներ։
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Սուսաննա Ազատյանի խոսքով՝ այսօր ատեստավորման արդյունքում շուրջ 9500 ուսուցիչ ստանում է բարձրացված դրույքաչափ և լրավճար։
Ներկայում ատեստավորված ուսուցիչների համար գործող դրույքաչափը 200 հազար դրամ է։
2027 թվականից նախատեսվում է այն բարձրացնել մինչև 300 հազար դրամ։ Ատեստավորման արդյունքում սահմանված լրավճարները ևս նախատեսվում է հաշվարկել արդեն 300 հազար դրամի նկատմամբ։
Նախարարությունը նաև նախաձեռնել է «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի մշակումը։ Նախագիծը դեռ նախնական փուլում է, սակայն նախատեսվում է դրանում ներառել ուսուցիչների բարեկեցությանը, բնակարանային ապահովմանը և այլ սոցիալական երաշխիքներին վերաբերող դրույթներ։
Սոցփաթեթի նախկին շահառուները կկարողանան օգտվել նաև հարկային վերադարձից
Սոցփաթեթի դադարեցման պայմաններում նախատեսվում են նաև հարկային մեխանիզմներ։
Նախկին սոցփաթեթի շահառուները առողջապահական ապահովագրության շրջանակում կատարած որոշ ծախսերի համար հետագայում կարող են օգտվել հարկային վերադարձի հնարավորությունից։
Նշվել է տարեկան մինչև 100 հազար դրամի չափով առողջապահական ծախսերի վերադարձի հնարավորությունը։ Կրթական ծախսերի մասով ևս վարձու աշխատողները կարող են օգտվել հարկային վերադարձից՝ մինչև 50 հազար դրամի չափով։
Իսկ ի՞նչ կլինի սոցփաթեթի հանգստի բաղադրիչի փոխարեն
Սոցփաթեթի դադարեցումից հետո պետությունը առանձին նոր «հանգստի փաթեթ» չի նախատեսում։
Պաշտոնյաների պարզաբանմամբ՝ սոցփաթեթը որպես միասնական սոցիալ-աշխատանքային երաշխիք ավարտվում է, իսկ տարբեր ոլորտներում դրա միջոցով լուծվող խնդիրները պետք է ապահովվեն այլ մեխանիզմներով։ Մասնավորապես՝ առողջապահական խնդիրները լուծվելու են համընդհանուր ապահովագրության համակարգով, կրթական ոլորտում նախատեսվում են ատեստավորման և վարձատրության նոր մեխանիզմներ, իսկ պետական ծառայության այլ ոլորտներում՝ վարձատրության և սոցիալական երաշխիքների նոր համակարգեր։