ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթնաժողովն անցնելու է հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։
Քանի որ 2026 թվականին ԱՊՀ մարմինների նախագահությունը ստանձնել է Թուրքմենստանը, հանդիպումը կանցկացվի երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի գլխավորությամբ։
Այս տարի լրացել է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակը։ ԱՊՀ անդամ ինը երկրների առաջնորդները գագաթնաժողովում կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները։ Օրակարգում ներառված են անվտանգության, իրավապահ ոլորտում համագործակցության, առևտրատնտեսական և էներգետիկ կապերի խորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ կապված հարցեր։
Ընդլայնված ձևաչափով նախատեսված հանդիպմանը հրավիրվել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով դիվանագիտական շփումների մակարդակով դեռ չի քննարկվում, Թուրքմենստանում ևս երկու ղեկավարների առանձին հանդիպում նախատեսված չէ: