Բակի կայանատեղիի համար վիճում եք հարևանի հետ. ո՞վ է որոշում դրա օգտագործման կարգը

Շատերը կարծում են, որ բազմաբնակարան շենքի բակը պատկանում է բնակիչներին։ Իրականում օրենքով նրանց անհատույց փոխանցվում է միայն շենքի տակի հողատարածքը և դրա շուրջ մինչև 1,5 մետր լայնությամբ հողաշերտը։ Մնացած տարածքը, որպես կանոն, մնում է համայնքի սեփականություն, և հենց համայնքն է որոշում, թե ինչպես է այն օգտագործվելու։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են Կառավարության N 1855-Ն որոշմամբ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով և Քաղաքացիական օրենսգրքով։

Որքա՞ն հող է պատկանում բնակիչներին

Կառավարության որոշմամբ շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ և բնակիչներին անհատույց փոխանցվող հողամաս է համարվում՝

  • շենքի պարագծով անմիջականորեն շենքի տակգտնվող հողատարածքը,
  • ևսալվածքի չափով՝ մինչև 1,5 մետր լայնությամբ հողաշերտը, եթե այն ճանապարհ, փողոց կամ դրանց հարող հատված չէ և այլ անձի սեփականություն չէ։

Օրինական կցակառույց ունեցող շենքերի դեպքում ավելանում է նաև կցակառույցի տակի հողատարածքը։

Առանձին կանոն կա հարևան շենքերի համար. եթե դրանց միջև հեռավորությունը 3 մետրից պակաս է, փաստացի հողատարածքը բաժանվում է հավասար մասերի։

Ի՞նչ է մնում բակից

Այն ամենը, ինչ դուրս է այդ սահմանից՝ կայանատեղիները, խաղահրապարակը, անցումները, կանաչ գոտին, մնում է համայնքի կամ պետության սեփականություն, եթե օրենքով սահմանված կարգով այլ անձի սեփականություն չի դարձել։

Ուստի կայանատեղու շուրջ վեճում հիմնական հարցն այն չէ, թե ինչ են որոշել բնակիչները, այլ այն, թե ում սեփականությունն է այդ կոնկրետ հողակտորը։

Ի՞նչ է պատկանում բնակիչներին շենքի ներսում

Օրենքի 6-րդ հոդվածով ընդհանուր բաժնային սեփականություն են շենքը կրող կառուցվածքները, միջհարկային ծածկերը, նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, մուտքերը, աստիճանավանդակները, վերելակները, ինչպես նաև շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն։

Ո՞վ է որոշում այդ տարածքի օգտագործման կարգը

Այն մասի համար, որը պատկանում է բնակիչներին, կարգը սահմանում է սեփականատերերի ժողովը, և դրա որոշումը պարտադիր է բոլոր սեփականատերերի համար՝ ներառյալ դեմ քվեարկածների և ժողովին չմասնակցածների։

Ժողով հրավիրելու իրավունք ունի յուրաքանչյուր սեփականատեր, ժողովն իրավազոր է, եթե ներկա են սեփականատերերի կեսից ավելին, իսկ որոշումներն ընդունվում են ներկաների ձայների կեսից ավելիով։

Ընդ որում, սեփականատերն իրավունք չունի պահանջել, որ իրեն հատկացվի ընդհանուր գույքից իր բաժնին համաչափ կոնկրետ մաս։ Այսինքն՝ նույնիսկ շենքին կից հողաշերտում ոչ ոք չի կարող պահանջել մշտական անձնական կայանատեղի։

Ո՞վ է որոշում համայնքային մասի ճակատագիրը

Երևանում ավագանին է սահմանում ուղեփակոցների և արգելափակոցների տեղադրման կարգը, պահանջները և սահմանափակումները ընդհանուր օգտագործման տարածքներում, ինչպես նաև այն դեպքերը, երբ թույլատրվում է համայնքային հողամասերի տիրապետումն առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման։

Իսկ քաղաքապետը համայնքի վարչական սահմաններում կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները և ընդունում է համայնքային հողամասում ինքնակամ կառույցի քանդման մասին որոշում։

Ուստի, եթե հարևանը բակում արգելափակոց կամ ցանկապատ է տեղադրել, հարցը լուծվում է ոչ թե բնակիչների միջև, այլ համայնքապետարանի միջոցով։

Ի՞նչ իրավունք ունեք, երբ տարածքը ձերն է

Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածով ոչ ոք իրավունք չունի առանց օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործել հողամաս կամ այնտեղ տեղադրել որևէ շարժական գույք։ Ներխուժում է համարվում նաև այն դեպքը, երբ անձը, ով նախկինում թույլտվություն ուներ, չի կատարում գույքը հեռացնելու պահանջը։

Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնել իր տարածքում ապօրինի գտնվող ուրիշի շարժական գույքը, իսկ այդ գործողություններով ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ։

Նա կարող է նաև լիազորել ոստիկանությանը իր անունից գործողություններ կատարել ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ։

Սակայն պետական և համայնքային հողամասերի դեպքում ներխուժում առկա չէ այնքան ժամանակ, քանի դեռ իրավասու մարմինը չի ներկայացրել հողամասն ազատելու պահանջ։

Ինչպե՞ս ստուգել՝ տարածքը ձերն է, թե համայնքինը

Շենքի հողամասի սահմանները հաստատվում են հատակագծով և գրանցվում կադաստրում։ Ուստի միակ ճշգրիտ ճանապարհը կադաստրից շենքի հողամասի վերաբերյալ տեղեկատվություն ստանալն է։

Մինչև այդ ստուգումը ցանկացած վեճ հիմնվում է ենթադրության վրա։

Ամփոփում

Ամփոփելով՝ բնակիչներին անհատույց փոխանցվում է միայն շենքի տակի հողատարածքը և դրա շուրջ մինչև 1,5 մետր լայնությամբ հողաշերտը, իսկ հարևան շենքերի միջև 3 մետրից պակաս տարածքը բաժանվում է հավասար մասերի, բակի մնացած մասը, որպես կանոն, համայնքինն է, բնակիչներին պատկանող մասի օգտագործման կարգը որոշում է սեփականատերերի ժողովը, որի որոշումը պարտադիր է բոլորի համար, սեփականատերը չի կարող պահանջել ընդհանուր գույքից իր բաժնին համաչափ կոնկրետ մաս, համայնքային տարածքում արգելափակոցների տեղադրման կարգը սահմանում է ավագանին, իսկ ապօրինի հողօգտագործումները վերացնում է համայնքի ղեկավարը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Ընդհանուր տարածքների և հողամասերի օգտագործման հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով  [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment