Քարտապանի կողմից չվավերացված գործարքների դեպքում բանկը պարտավոր է ընդունել դիմում-պահանջը և որոշակի ժամկետում կամ հատուցել գումարը, կամ հիմնավորված մերժել։ Առանց շփման և առանց ՊԻՆ կոդի կատարված գործարքների դեպքում գումարը վերադարձվում է ոչ ուշ, քան դիմումից հինգ օր հետո։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները սահմանված են Կենտրոնական բանկի N 300-Ն որոշմամբ հաստատված կարգով, որի գործող խմբագրությունը կիրառվում է 2026 թվականի հուլիսի 17-ից։
Ի՞նչ է համարվում չվավերացված գործարք
Դրանք քաղվածքում արտացոլված կամ այլ կերպ ձեզ հայտնի դարձած այն գործարքներն են, որոնք կատարվել են առանց ձեր համաձայնության կամ թույլտվության։
Ի՞նչ ժամկետում պետք է դիմել
Դիմում-պահանջը ներկայացվում է քաղվածքն ստանալուց 15 օրվա ընթացքում, եթե պայմանագրով ավելի երկար ժամկետ սահմանված չէ։ Բանկը պարտավոր է ընդունել այն և տալ ընդունելու գրավոր հավաստում։
Ժամկետը երկարում է մինչև 55 օր, եթե ներկայացնեք փաստաթղթեր, որոնք հավաստում են, որ 15 օրում դիմելն անհնար էր։
Ե՞րբ է գումարը վերադարձվում հինգ օրում
Կարգի 44-րդ կետով առանց շփման և նույնականացում չպահանջող գործարքների դեպքում բանկը հատուցում է գումարը ոչ ուշ, քան դիմումի հինգերորդ օրը։
Խոսքը այն վճարումների մասին է, որոնք կատարվում են քարտը տերմինալին մոտեցնելով՝ առանց ՊԻՆ կոդի և ստորագրության։
Ի՞նչ ժամկետ է գործում մնացած դեպքերում
Բանկը 90 օրվա ընթացքում կամ հատուցում է գումարը, կամ մերժում՝ միայն երեք հիմքով՝
- խախտվել են դիմելու ժամկետները,
- դուք եք խախտել քարտի օգտագործման կանոնները, և հենց դրա հետևանքով են առաջացել այդ գործարքները,
- բանկն ունի հիմնավոր փաստեր, որ խարդախությունը ձեր կողմից է։
Այլ հիմքով մերժում նախատեսված չէ։
Կարո՞ղ է բանկը պայմանագրում գրել, որ պատասխանատու չէ
Ոչ։ Կարգով բանկը չի կարող սահմանել դրույթ, թե պատասխանատվություն չի կրում ՊԻՆ կոդով կատարված չվավերացված գործարքների համար։ Բացառություն է միայն չիպային քարտով կատարված գործարքը։
Ի՞նչ դեր ունի SMS ծանուցումը
Բանկը պարտավոր է անհապաղ տեղեկացնել ձեզ յուրաքանչյուր գործարքի մասին՝ SMS-ով կամ էլեկտրոնային փոստով, եթե դուք այդ ցանկությունն եք հայտնել։ Այդ եղանակներից մեկն անվճարպետք է լինի։
Ծանուցումն ուղղակի ազդում է ռիսկի բաշխման վրա. եթե դուք համաձայնել եք, բայց բանկը ծառայությունը չի տրամադրել, ռիսկը չի կարող դրվել բացառապես ձեր վրա։ Իսկ եթե ծանուցումն ստացել եք, բայց անհապաղ չեք հայտնել, որ գործարքը ձերը չէ, ռիսկը չի կարող դրվել բացառապես բանկի վրա։
Երկու կանոնն էլ չեն գործում, եթե հաղորդագրությունը չի հասել կապի խափանման պատճառով։
Պարտավո՞ր է բանկը հետգանձում նախաձեռնել
Այո։ Ձեր դիմում-պահանջի հիման վրա բանկը պարտավոր է նախաձեռնել միջոցների հետգանձման գործընթաց, որը միջազգային պրակտիկայում կոչվում է chargeback։
Ի՞նչ է լինում, եթե քարտն արդեն հանձնել եք
Հաշվի փակման դիմում ներկայացնելուց հետո տեղի ունեցած խարդախության ռիսկը կրում է բանկը, եթե դուք վերադարձրել եք քարտը։ Ուստի քարտը հանձնելիս պարտադիր պահանջեք գրավոր հավաստում։
Ի՞նչ է փոխվում հոկտեմբերի 8-ից
Նույն որոշման մեկ դրույթ ուժի մեջ է մտնում ավելի ուշ. այսուհետ բանկը պետք է ունենա ռիսկերի գնահատման սեփական մեթոդաբանություն և սահմանի սահմանաչափեր այն գործարքների համար, որոնք կատարվում են առանց բանկից թույլտվություն ստանալու՝ համակարգի ժամանակավոր անհասանելիության դեպքում։
Ամփոփում
Ամփոփելով՝ դիմում-պահանջը ներկայացվում է քաղվածքն ստանալուց 15 օրում, հարգելի պատճառի դեպքում՝ մինչև 55 օր, առանց շփման և առանց ՊԻՆ կոդի կատարված գործարքների գումարը բանկը վերադարձնում է հինգերորդ օրը, մնացած դեպքերում որոշումը կայացվում է 90 օրում և կարող է մերժվել միայն երեք հիմքով, բանկը չի կարող պայմանագրում գրել, որ պատասխանատու չէ ՊԻՆ կոդով կատարված գործարքների համար, SMS ծանուցման ծառայությունն անվճար է, իսկ հաշվի փակման դիմումից հետո խարդախության ռիսկը կրում է բանկը, եթե քարտը վերադարձվել է, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Բանկի կողմից գործարքի կասեցման մասին կարդացեք այս նյութում, իսկ «Ստոպ» գործիքի մասին՝ այստեղ։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Բանկային քարտերի և չվավերացված գործարքների հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։