Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյան այցով Թեհրանում է։ Նա արդեն հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հատկապես ո՞ր թեմաներն են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի Թեհրան այցի և քննարկումների առանցքում։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Միրզոյանը Թեհրանում է, որպեսզի հստակեցնի Իրանի դեմ սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Իրանագետը կարևորում է, թե արդյոք Երևանը լիովին ընդունում է և իրականացնելու է Վաշինգտոնի մոտեցումները Իրանի դեմ սահմանափակումների հարցում․
«Գուցե հենց սահմանափակումներ են քննարկվելու, որ կիրառել է ԱՄՆ–ն։ Ինքնաթիռների, ճանապարհների, առևտրի հարցերը հաստատ կլինեն օրակարգում, հատկապես, երբ իրավիճակը ավելի սրվի, որովհետև ԱՄՆ–ն պատրաստվում է ավելի լայնածավալ հարձակումների, այսինքն՝ անորոշ է։ Այսպես է հարցը՝ ՀՀ–ն լրիվ իրականացնու՞մ է այն, ինչ ԱՄՆ–ն պահանջում է, թե՞ ենթադրենք, թույլ է տալիս, որ ինքնաթիռները Հայաստան գնան ու գան։ Կան երկրներ, որոնք չեն ենթարկվում այդ սահմանափակումներին։
Հարցն այն է, թե Հայաստանը որքանո՞վ է ընդունում ամերիկյան մոտեցումները։ Ինձ թվում է գլխավոր հարցը դա կլինի»։
Մոտ մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգները Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց, որոնք մասնավորապես թիրախավորում են երկրի ավիացիոն ոլորտը։
Ըստ հրապարակումների՝ դրանց նպատակն է՝ կասեցնել իրանական Mahan Air ավիաընկերության գործունեությունը։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև քողարկված ընկերություններ, բեռնափոխադրողներ, օտարերկրյա միջնորդներ ու փոխադրման կեղծ երթուղիներ, որոնց միջոցով, ըստ Վաշինգտոնի, Իրանը ձեռք է բերում ամերիկյան ծագման օդանավեր և զգայուն տեխնոլոգիաներ։
Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հստակեցրել էր, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Իրան այցը իրականացվում է Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերի ու խորհրդակցությունների շրջանակում։
Հնարավոր է՝ օրակարգում լինի նաև Իրանից Հայաստան գազի մատակարարումների ծավալը մեծացնելու հարցը, կարծում է Էմմա Բեգիջանյանը։
Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են գործակցության բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Նշվել է Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու կարևորությունը, քննարկվել է երկու երկրների միջև բեռնափոխադրումների դյուրացման հնարավորությունը։
Միզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել ապաշրջափակմամբ ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռվող նոր հնարավորությունները:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ Հայաստանն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանի ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը: