
Այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։
Ըստ նախարարության՝ հանդիպմանը քննարկվել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը նաև տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։
Թուրքական պատվիրակությունը հանդիպել է նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ղեկավարների հետ։
Խուդաթյանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է իր էներգահամակարգը Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի համակարգերին միացնելու հարցում։ Նրա խոսքով՝ դա Հայաստանին հնարավորություն կտա ինչպես էլեկտրաէներգիա արտահանել, այնպես էլ ներմուծել։
Հայաստանն ու Թուրքիան զուգահեռ աշխատանքներ են տանում նաև Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղությամբ։ Ավելի քան երեք տասնամյակ չգործող երկաթուղու հայկական հատվածի նախագծման համար օգոստոսին միջազգային մրցույթ էր հայտարարվել։