Վտանգավոր շրջադարձ՝ դեպի անհայտը – Ազգ

Ըստ երեւույթին եւ ըստ էության Բիշքեկի հանդիպումից, Փաշինյան-Պուտին մանրամասնորեն դեռեւս չհրապարակված երկխոսությունից հետո, որն ավարտվեց  առանձին հանդիպման փոխադարձ խոստումով, այդպես էլ հստակ, հանրության համար հասկանալի չդարձավ, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրիում 102-րդ ռազմաբազային (արեւմտահայերը պիտի ասեին՝ ռազմախարիսխին), ավելի ճշգրիտ՝ ռուսական ռազմական ներկայությանը Հայաստանում: Իրականում երկկողմ խոսակցությունը նման էր ծեքծեքուն follow up փսփսոցի: «Եթե ուզում է ձեր ժողովուրդը, մե՛նք կարող ենք հեռանալ», հասկացնում է ռուսական կողմը հանձին նախագահ Պուտինի: «Եթե ցանկանում եք՝ մենք էլ այդ ռազմախարիսխի անհրաժեշտությունը չենք զգում», հոխորտում է Փաշինյանը, որին ի պատասխան ռուսական կողմը վրա է տալիս. «Ճիշտն ասած՝ մենք էլ: Երբ ձեր ժողովուրդն ուզի՝ կնստենք գնացք ու կգնանք»: «Գնա՞ցք,- ասում է Նիկոլը:- Այդ ո՞ւմ գնացքն է, մեր երկաթուղի՞ն: Դա մերն է, եւ պետք է մենք որոշենք, թե ո՛վ կարող է նստել այդ գնացքը»: «Այսի՞նքն», հարց են տալիս ռուսները: «Այսինքն՝ դո՛ւք պետք է վճարեք մեզ 7 մլրդ. դոլար այդ երկաթուղու համար», ասում է 7 մլրդ. դոլարի հեռանկարից պայծառացած դեմքով Նիկոլը, որը, այդ խոսակցությունից անմիջապես հետո հայտարարում է, որ երկու երկրների միջեւ անհրաժեշտ է լիկվիդացիա անել, այսինքն՝ լուծարք, այսինքն, ժողովրդային լեզվով ասած՝ պրիոմ-զդաչի, ապրանքի-ունեցվածքի ընդունում-հանձնում:

Ես չգիտեմ, թե ի՞նչ կարող ենք ընդունել ռուսներից եւ ի՞նչ հանձնել ռուսներին: Ախր ավելի քան 300 տարվա պատմություն, ավանդույթ, միասին թափված արյուն, բարեկամություն ու մշակույթ կա, նաեւ ստացվածք, զինվորական օդանավակայան ու ռազմական գույք ու զենքեր կան մեր հողի վրա: Ի՞նչպես կարելի է դրանք հաշվել ու հաշվարկել փողոցի խանութպանի ու սնանկացած առեւտրականի նման: Միայն տգետը, ուրիշ առեւտրականներին ծախվածը կարող է նման կեցվածք ընդունել, միայն poker-ի սեղանին բլեֆ անող դժբախտը կարող է նման ձեւով հոխորտալ ու պահանջներ դնել ու փորձել «օգտվել» մի բանից, որը իրենը չէ, ինչը դեմ է իր շահերին, այս պարագայում՝ իր երկրի՛ շահերին:

Այս պարագայում էլ մեր վերլուծաբանները չկարողացան, չփորձեցին անգամ բացատրել մեր ժողովրդին, նաեւ ինձ, թե ի՞նչ է նշանակում 102-րդ ռազմախարիսխի վերացումը մեր երկրի հյուսիսային սահմանից: Այդ մասին չխոսեցին անգամ տիտղոսակիր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ դառնալու, այսինքն՝ քիչ ավելի աշխատավարձի ու ճղճիմ թոշակի հետամուտ մեր պատմաբանները: Նրանք չհիշեցին,- նիկոլականների պարտադիր ուրացումների քաղաքականությանը ենթակա,- ո՛չ Գյուլիստանի, ո՛չ էլ Թյուրքմենչայի պայմանագրերը Պարսկաստանի, այնուհետեւ Թուրքիայի դեմ Ռուսաստանի մղած 10 եւ ավելի պատերազմների արդյունքում ստեղծված, հաստատված, կիրառված պայմանները, եւ, ի վերջո, Հայաստան դարձած մեր երկրի, ընդհուպ՝ պետության մասին, որը, մերօրյա ռուսոֆոբներն ընդունեն կամ ոչ, դարերի ու տասնամյակների ընթացքում դարձավ իր պատմական հողի վրա ողջ հայության վերաբնակեցման, համախմբման կենտրոնը: Ոչ միայն հայության, այլեւ թուրքական հալածանքներից նույնպես մազապուրծ ասորիների, հույների, եզդիների, նաեւ՝ մոլոկանների հայրենիք ու պետություն:

Համոզվելու համար բավարար է վերստին կարդալ Թյուրքմենչայի ռուս-թուրքական պայմանագրի վերջին կետը, որով Շահ Աբասի կողմից Պարսկաստան բռնագաղթեցված հայերը 1 տարի ժամանակ ստացան վերադառնալ իրենց երկիր՝ Հայաստան: Չմոռանալով նաեւ, հետագայում, նույնիսկ սովետական շրջանում, Հունաստանից, Լիբանանից, Սիրիայից եւ ավելի ուշ՝ Եգիպտոսից, Կիպրոսից, Գամիշլիից, նույնիսկ Ֆրանսիայից, Բուլղարիայից, Մ. Նահանգներից հայրենադարձված հայերին, հակառակ այն ժամանակ մեր երկրում տիրող  պայմաններին:

Ու հիմա, ի՞նչպես բացատրենք, ավելի ճիշտ, սովորեցնենք մեր երկիրը պատահականորեն ղեկավարող տգետներին, որ դժվար է եղել, խիստ դժվար, Հայաստանը վերստին դարձնել հայրենիք, մա՛յր հայրենիք, իր Արցախով, իր Սբ. Էջմիածնով, իր մշակույթով, իր բռնաբանտված Արարատով հանդերձ Հա-յաս-տան:

Ով չի հասկանում, այս ճշմարտությունը, չի հասկանա նաեւ այն, որ 102-րդ ռազմաբազան չի ստեղծվել պատահական, այսպես կոչված մեծապետական նկրտումների, ծավալապաշտական ծրագրերի համար: Այլ՝ որպես արդյունք կամ հետեւանք թուրքական, այժմ նաեւ ադրբեջանական, իսկ հեռանկարում՝ համաթուրանականության դեմ պատվարի, որը համապատասխանում է մեր ժողովրդի, մեր պետության շահերին, մեր ազգային պատշպանության կարիքներին: Մեզ բոլորովին պետք չեն ռուսոֆոբիայով, ռուսաատելությամբ տառապողների խորհուրդները: Մենք դրանց ծանոթ ենք դեռեւս Կիլիկիայի հայերի բռնագաղթեցման ենթարկվելու օրերից, երբ «արդարամիտ» Ֆրանսիան թույլ չտվեց, որ ռամկավար նշանավոր գործիչ Միհրան Տամատյանը Կիլիկիայի մյուս ժողովուրդների հավանությամբ վարչապետ ընտրվի եւ Ադանայից զորագունդ ուղարկի 9 ամիս թուրքական պաշարման տակ գտնվող Հաճընի բնակչությանը օգնելու:

Բնավ չեմ կարող ասել, թե ռուսները, անցնող դարերի ընթացքում միշտ եղել են ու կան վստահելի դաշնակիցներ: Մոսկվան ճակատագրական որոշ պահերին եթե ոչ դավաճանել, այլ լքել է մեզ իր տարածաշրջանային շահերի, նպատակահարմարությունների համար, հաճախ օգտագործելով մեր իսկ պետական գործիչների սխալ գործողություններն ու հայտարարությունները, ինչպես եղավ Արցախի հայազրկման պարագայում: Արցախի հանձնմանը հանդուրժելու ռուսական դիրքորոշումը մի օր առաջին քննադատողը լինելու է նույնինքն ռուսական քաղաքական ու ռազմագիտական միտքը:

Սակայն, չսպասելով այդ օրվան՝ մենք այսօր իրավունք չունենք ընդունելու, էլ ո՜ւր մնաց սակարկելու 102-րդ ռազմախարիսխը քանդել-տեղափոխելու առաջարկը: Այն պետք է մնա, որովհետեւ նման հենակետի գոյությունը զսպիչ ուժ է ոչ միայն Գյումրու բնակչության գոյության, այլեւ՝ ամբողջ Հայաստանի համար: Զսպիչ ուժ: Մանավանդ եթե հիշենք Թուրքիայի նախկին նախագահներից Թորգուտ Օզալի խոսքը, սպառնալիքը Հայաստանը «անիծյալ սեպ» հայտարարելու, այդ «սեպը» մի քանի ռումբով ոչնչացնելու («Բիր քաչ բոմբա աթալըմ», «Մի քանի ռումբ գցենք» արտահայտությունը), որը ժամանակին արժանացավ ՌԴ 7-րդ բանակի գլխավոր հրամանատար, մարշալ Շապոշնիկովի ըմբերանիչ պատասխանին՝ «Ուզո՞ւմ եք 3-րդ համաշխարհային պատերազմ» սպառնալիքին, որը զսպեց թուրքական կողմին եւ զսպում է առայսօր:

Տարիներ առաջ, երբ առանձին խոսակցության ընթացքում հարց տվեցի մեր երկրի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, թե իր կարծիքով ի՞նչ նշանակություն ունի Գյումրու 102-րդ բազան, նաեւ ասաց՝ «կարեւորը այնտեղ փողփողացող ռուսական դրոշն է»: Իմաստալից բացատրություն:

Պետք է միշտ փողփողի ռուսական դրոշը այդ նույն տեղում: Դա ամբողջ Հայաստանի համար զսպիչ, նաեւ տարածաշրջանի համար կայունության երաշխիք է: Հեռո՛ւ վտանգավոր դարձվածքներից:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Leave a Comment