«Հայ կատարողական արվեստը. պատմությունն ու ներկան» անգլերեն

Վարշավայում վերջերս լույս է տեսել «Հայ կատարողական արվեստը. պատմությունն ու ներկան» անգլերեն ժողովածուն, որը կազմել եւ խմբագրել են թատերագետ, գրող, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանը (Հայաստան) եւ թատերագետ, Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան): Սա Վարշավայի համալսարանի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի թատրոնի եւ դրամայի ուսումնասիրությունների լաբորատորիայի եւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տարիների տքնաջան համագործակցության արդյունքն է:

Հրատարակությունը հայ թատրոնի պատմության եւ արդի զարգացումների վերաբերյալ ուսումնասիրությունները միջազգային ընթերցողին ներկայացնելու կարեւոր նախաձեռնություն է: Կազմողների երկու առաջաբանները եւ 14 հոդվածներն անդրադառնում են հայ թատրոնի պատմությանը, նշանավոր գործիչներին, ժամանակակից դրամատուրգիային, բեմադրական արվեստին եւ անկախ թատրոնների զարգացմանը: Դրանք են՝ Անուշ Ասլիբեկյանի «Հայ կատարողական արվեստը. անցյալից մինչեւ մեր օրերը», Անդրեյ Մոսկվինի «Իմ բարեկամությունը Հայաստանի եւ հայ թատրոնի հետ», Արծվի Բախչինյանի «Սառա Բեռնարը եւ հայերը», Աննա Ասատրյանի «Բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը եւ Տիգրան Չուխաջյանի կատակերգական օպերաները», Արմեն Սահակյանի «Ժամանակակից թատրոնի սոցիալական խնդիրները՝ էթիկական հարացույցից դեպի լիբերալ հարացույց անցման պայմաններում», Անուշ Ասլիբեկյանի «Գոյ» թատրոն-լաբորատորիա. հետխորհրդային Հայաստանի առաջին թատրոնը՝ անկախ թատրոնի մոդելով», Գոռ Վանյանի «Նորը եւ ավանդականը Արմեն Գուլակյանի արվեստում (նվիրվում է Արմեն Գուլակյանի ծննդյան 125-ամյակին)», Էլֆիք Զոհրաբյանի «Ժամանակակից հայ դրամատուրգիայի ժանրային ուղղությունները (2010-2022)», Արմեն Ավանեսյանի «Ժամանակակից հայ դրամատուրգիայի գրական հերոսը (կերպարը)», Մանե Մկրտչյանի «Հայ թատրոնի զարգացման միտումները (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի օրինակով)», Անդրեյ Մոսկվինի «Հայաստանի ազգային դրամատիկական թատրոնը. սեփական ուղու որոնման մեջ», Գրիգոր Օրդոյանի «Ժամանակակից թատերական ներկայացման էվոլյուցիան», Նազենիկ Սարգսյանի «Աշոտ Ասատուրյանի «Սիմֆոնիկ պարերը», Անահիտ Բեքարյանի «Ջորջթաունի տղաները» երեւույթի դրսեւորումը Թորոնթոյում», Նաիրա Շահվալադյանի եւ Գոռ Վանյանի «Խաղ հանդիսատեսի հետ» եւ Նարինե Սարգսյանի «Կրթության դերը Հայաստանում անկախ թատրոնների ձեւավորման եւ զարգացման գործում»:

Ժողովածուում տեղ են գտել նաեւ գրքի մասին գնահատական երկու խոսք, որ հեղինակել են արվեստաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը եւ մոլդովացի թատերագետ, թատերգակ, արվեստագիտության դոկտոր, Քիշնեւի Երաժշտության, թատրոնի եւ կերպարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Անջելինա Ռոշկա-Իչիմը: Գրքի շապիկին պատկերված է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» ստեղծագործությունը. շապիկի ձեւավորումը կատարել է նկարիչ Արթուր Մանուկյանը:

Տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հայ թատրոնի անցյալը եւ ներկան օտար ոլորտներում եւ ոչ հայալեզու միջավայրերում ամենից քիչ ուշադրությանն է արժանանում:  Այդ առումով «Հայ կատարողական արվեստը. պատմությունն ու ներկան» անգլերեն հատորի նշանակությունը, հիրավի, չափազանց կարեւոր է: Նշենք նաեւ, որ ի դեմս Անդրեյ Մոսկվինի, հայ ժամանակակից թատրոնը եւ թատերագիտությունը ձեռք է բերել մի խանդավառ բարեկամի եւ խորագիտակ մասնագետի, որը մինչ այս ընթերցողի սեղանին էր դրել (դարձյալ Անուշ Ասլիբեկյանի համագործակցությամբ) «Արդի հայ դրամա» լեհերեն ժողովածուն (2019), իր խմբագրած «Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի թատերագիտություն» գիտական հանդեսի 2022 թվականի երկրորդ հատորի կեսը՝ «Լուսարձակը՝ Հայաստան» բաժնում մեծ տեղ է տվել հայ հեղինակների՝ թատրոնին, կինոյին եւ պարարվեստին նվիրված անգլերեն եւ ռուսերեն հոդվածների:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ «Հայ կատարողական արվեստը. պատմությունն ու ներկան» գրքի շնորհանդեսը, որին մասնակցելու համար Վարշավայից հատուկ Երեւան էր եկել Անդրեյ Մոսկվինը:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Leave a Comment