Տարեցների միջազգային օրը՝ նրանց պատմությունները, մտքերն ու չիրականացած ցանկությունները

Տարեցների միջազգային օրը առիթ է խոսելու ոչ միայն տարեցների մասին, այլև հենց նրանց լսելու։ «Ռադիոլուրը» փորձել է տարբեր տարիքի մարդկանցից իմանալ՝ ինչ են տարիների հետ ձեռք բերել ու ինչ են կորցրել, ինչի մասին են այսօր այլ կերպ մտածում և ինչի մասին են ափսոսում հիմա։ Այս պատմությունները տարբեր են, բայց դրանցում կան հարցեր, որոնք միայն իրենց չեն վերաբերում։

Հայաստանում այսօր արդեն բնակչության ամեն յոթերորդը 65 և ավելի տարեկան է։ 2025-ի տվյալներով՝ նրանց թիվը մոտ 446 հազար է, իսկ նույն տարում կենսաթոշակառուների միջին ամսական թիվը մոտ 477 հազար էր։ Թոշակների չափերն այս տարի բարձրացել են․ ապրիլից նվազագույն կենսաթոշակը 46 հազար դրամ է, իսկ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը՝ մոտ 59 հազար։ Բայց տարեց մարդու կյանքը միայն կենսաթոշակով չի որոշվում։ Մեկը շարունակում է աշխատելու ցանկություն ունենալ, մյուսը թոռներին է մեծացնում, երրորդը պարզապես ուզում է չկտրվել մարդկանցից։

80-ամյա դաշնակահար Արմենակ Միրզոյանի օրը վաղուց միայն երաժշտությամբ չի անցնում․ առօրյայի մի մասը թոռներն են։ Իրենց սովորեցնում է իր՝ տարիների ընթացքում հասկացածը․ «Իրանց սովորեցնում եմ այնպես, որ սխալները, որ ես արել եմ, իրենք չանեն, ու հարգեն մեծերին, սիրեն հարազատներին»։

Տարեց դաշնակահարը երիտասարդ տարիներին իր մեջ վստահության  պակասն է հիշում։ Հետադարձ հայացքով ասում է՝  ավելի համարձակ էր պետք լինել և ավելի շատ վստահել սեփական որոշումներին․

«Երիտասարդական տարիները ես, ոնց ասեմ, համարձակ չէի, այդ կասկածելը իմ վրա կար, հասկանու՞մ եք, կասկածանք կար, բայց մարդ պիտի վստահ լինի, հասկանու՞մ եք վստահություն, խելացի լինեն, մեր երկիրը սիրեն»։

Տարեցների համար միայն ընտանիքին օգտակար լինելը չէ, որ կարևոր է։ Շատերի համար խնդիրը նաև աշխատանքն է՝ մնալ ակտիվ, աշխատել և իրենց պիտանի զգալ։   

«Ափսոսում եմ, որ մեծ եմ, չեմ կարող, էլի գործ ճարեմ։ Պահակի գործ լինի, թեկուզ ինչ-որ բան լինի, որ  օգտակար լինեմ, բայց չկա էդպիսի գործ»։

Այս ցանկությունը միայն մեկ մարդու պատմություն չէ։ 2026-ին կառավարությունը  ծրագիր է հաստատել՝ 63-ից բարձր անձանց զբաղվածությանը աջակցելու համար։ Տարեցների աշխատանքային կյանքը սոցիալական քաղաքականության առանձին հարց է դառնում։ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյան․

Ձայն– «Շատ կարևոր է և ժողովրդագրական, և զբաղվածության առումով և այդ մարդկանց առողջության պահպանման առումով, ընդհանրապես, կենսունակության պահպանման առումով, մենք խրախուսենք, որպեսզի նրանք հնարավորինս երկար մնան աշխատաշուկայում»։

«Ռադիոլուրի» զրուցակից տիկին Սոնան թերահավատորեն է վերաբերվում պետական ծրագրերին կամ թոշակի բարձրացմանը․

«Չի օգնի բարձրացումը։ Թոշակն ի՞նչ փող է, որ օգնի, ինչքան բարձրանա»։ 

«Ռադիոլուրի» մեկ այլ զրուցակից՝ Զավեն Ղազարյանը, ասում է՝ բացի ֆինանսական խնդիրներից՝ տարեցներին երբեմն պակասում է մարդկային հասարակ վերաբերմունքը երիտասարդների կողմից։

«Նստում ենք տրանսպորտ, նստած են լիքը ջահելներ, ուսանողներ, նույնիսկ տղաներ, ջահել տղաներ, տարիքով մարդիկ, հատկապես կանայք, գալիս են, կողքերը կանգնում են, ոչ ուզում են տեղ տալ, ոչ էլ զբաղվում են իրանց համար ոնց  որ հեռախոսով, իրենց էլ չեն տեսնում»։

Սերունդների միջև հարաբերությունները փոխվում են։ Տարեցները հաճախ խոսում են հարգանքի մասին, երիտասարդներն էլ՝ փոխադարձ հարգանքի անհրաժեշտության։  

«Հիմա մեր սերնդի մոտ կոնկրետ էնպես կարծիք է, որ եթե դու հարգես ինձ, ես էլ քեզ կհարգեմ։ Ու ինչ-որ դեպքեր կան, որ իհարկե մեծերը սխալ են ինչ-որ դեպքերում, բայց նրանք, իհարկե չեն ընդունում իրենց սխալը ու ստիպված պետք է, այսպես ասած, հեզ խոնարհ համաձայնես իրենց կարծիքին՝ ընդամենը ինչ-որ կոնֆլիկտներից խուսափելու համար»։

 «Ռադիոլուր»-ի զրուցակից տիկին Սոնայի համար, սակայն, տարիքը առաջին հերթին ներքին վիճակ է։  

«Ինձ զգում եմ ձեր տարիքին, քանի որ մարդ կա, որ հոգին մաքուր է լինում, չի ծերանում։ Հիմա ինձ ինչքան ուզում եք ասեք, դու էլ չանես, էդ լավ բանը չանես, մեկ է, ես անելու եմ էդ լավ բանը ուրիշի համար։

Հայաստանում տարեցների թիվն աճում է, և նրանց կյանքն ու դրա որակը գնալով ավելի կարևոր հարց են դառնում ոչ միայն սոցիալական քաղաքականության, այլև ընտանիքի ու տարբեր սերունդների հարաբերությունների համար։ Իսկ նրանց պատմությունները ցույց են տալիս՝ տարիքին զուգահեռ մարդը չի դադարում երազել, սովորել, սխալվել ու մյուսների համար լավ բան անել։  

Leave a Comment