Հանրային ընկալումների տեսանկյունից երեք զգայուն հարցի է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ավանդական ճեպազրույցի ժամանակ՝ ներկայացնելով այն ուղիները, որոնցով կառավարությունը պատկերացնում է եկեղեցու, ընտրական համակարգի և հիշատակի օրերին վարքագծի խնդիրների լուծումը։ Այս հարցերն առաջացել են ԱԺ–ում նոր քննիչ հանձնաժողով ձևավորելու, Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ մոնիտորինգի և սեպտեմբերի 27–ին պաշտոնական ուղերձ չհղելու ու Եռաբլուր չայցելելուց հետո։
Կառավարության ղեկավարը հստակեցրել է, թե ինչ լուծումներ է առաջիկայում իր ղեկավարած իշխող մեծամասնությունը պատկերացնում հանրային ընկալումների տեսանկյունից երեք զգայուն հարցի համար։
Առաջինը խորհրդարանական ընտրությունների ԵԽԽՎ մոնիտորինգի զեկույցում նշված մտահոգություններն են՝ ընտրությունների որակի վերաբերյալ դրական գնահատականների հետ մեկտեղ։ Վարչապետը կիսում է արտահայտված մտահոգությունները և խոստովանում, որ դրանք երբեմն քննարկվում են նաև կուսակցական ժողովներում։ Առաջին հերթին այն դրվագը, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ընտրացուցակներում բավական մեծ թվով տարբեր պաշտոնյաներ են ընդգրկվում՝ ընտրապայքարի համար դրանից բխող բոլոր հետևանքներով։
«Ես մեր կուսակցական ժողովներում ասում եմ, որ մեր ամենամեծ ռիսկը հանրապետական դառնալն է, և մենք պետք է այդ ռիսկը կառավարենք։ Ինքներս մեր ձեռով արմատախիլ անենք այդպիսի երևույթները, հակառակ դեպքում նշանակում է, որ մենք արժանանալու ենք հանրապետականի ճակատագրին»։
Ընդհանուր առմամբ վարչապետն ազդարարում է օրենսդրական որոշ կարգավորումներ անելու և ընտրական օրենսդրության որակը էականորեն փոխելու անհրաժեշտությունը։
Ինչ-որ չափով ընտրական խնդիրների հետ է կապում նաև կառավարություն-եկեղեցի հարաբերությունները, որոնց նույնպես անդրադարձ կա ԵԽԽՎ զեկույցում։ Վարչապետն արդեն ավելի հաստատուն է խոսում ԱԺ–ում քննիչ հանձնաժողով ձևավորելու և եկեղեցուն առնչվող վերջին զեկույցը տող առ տող
ուսումնասիրելու մասին։ Դրանից հետո այս հարցին նույնպես կտրվեն օրենսդրական լուծումներ։
«Հայաստանի ԸՕ–ն հստակ սահմանում է, որ կրոնական կազմակերպությունները չեն կարող զբաղվել քարոզչությամբ։ Զբաղվե՞լ են քարոզչությամբ մարդիկ՝ զբաղվել են, պե՞տք է պատասխան տա մեկը դրա համար՝ պետք է պատասխան տա։ Օրենսդրական փոփոխությունները պետք է վերաբերվեն առաջին հերթին թափանցիկությանը և եկեղեցու կառավարման ժողովականության սկզբունքի պարտադիր լինելուն։ Այսինքն՝ որ հավատավոր ժողովուրդը, համայնքը մասնակցի եկեղեցու կառավարմանը այնպես, ինչպես սահմանված է, որ իրենց խոսքը ինստիտուցիոնալ լինի եկեղեցու մոտ, ինչը մեր եկեղեցու ավանդույթն է։ Ի միջիայլոց, սփյուռքում այդպես են կառավարվում եկեղեցիները»։
Վարչապետը հույս ունի, որ այդ տարբերակով հնարավոր կլինի եկեղեցու կառավարման համակարգը փոխել ըստ իր պատկերացրածի։ Փոփոխություններով ուշադրության կենտրոնում կհայտնվեն նաև քահանաների սոցիալական երաշխիքները։
«Այսօր քահանաները պետության ոչ մի սոցիալական երաշխիքից չեն օգտվում։ Այդ մարդիկ 50 տարի քահանա որպես ծառայում են, բայց ստանում են ըստ էության նվազագույն թոշակ, որովհետև իրենց աշխատանքային այդ կենսագրությունը ոչ մի տեղ չի արձանագրվում։ Պետք է ամբողջությամբ հարկային համակարգը գործի եկեղեցու համար։ Մոմի վաճառքը ինչո՞ւ պիտի չհարկվի, բայց այդ հարկը մենք կվերադարձնենք։ Տեսեք․ այսօր քահանան եկամտային հարկի վերադարձից օգտվելով տուն գնելու հնարավորություն չունի, որովհետև ինքը վճարած եկամտային հարկ չունի, կամ ամուսնացյալ քահանայի դեպքում իր երեխայի համար վճարած ուսման վարձը սոցիալական կրեդիտով հետ ստանալու հնարավորություն չունի, որովհետև ինքը եկամտային հարկ չունի վճարած, առողջության դեպքում սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորություն չունի, որովհետև ինքը եկամտային հարկ չունի վճարած»։
Կառավարության նոր ծրագրերին Էջմիածնից դեռ չեն արձագանքել։ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին Մայր Աթոռը վերջին անգամ անդրադարձել էր սեպտեմբերի 24–ին։ «Ընդդեմ եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք», — հայտարարել էր Գարեգին Երկրորդը: «Եկեղեցու ճգնաժամի մասին» կառավարության զեկույցը Մայր Աթոռում որակել են «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական մոտեցումներով թելադրված»։
Զգայուն հարցերից երրորդն առնչվում է սեպտեմբերի 27–ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին։ Տարբեր գնահատականներով՝ այդ օրը իշխանության կողմից անուշադրության է մատնվել։ Իր դիրքորոշումը վարչապետը հիմնավորում է այսպես․
«Օրերով, ամիսներով անընդհատ խոսել եմ դրա մասին։ Ես նոր բան չունեմ ասելու 44–օրյա պատերազմի մասին, երբ նոր բան ունենամ ասելու, կասեմ այդ ասելիքը։ Ես այդ օրվա իմ գործողություններն էլ եմ ցույց տվել։ Պատարագի եմ գնացել այդ օրը, որտեղ նաև հոգեհանգստի կարգ է եղել։ Էլ չեմ ասում նախորդող շրջանում հիշեք ամեն անգամ, երբ մենք փորձում էինք Եռաբլուր այցելել ու հարգանքի տուրք մատուցել, ամեն անգամ հայտարարություններ, որ չպետք է գան, արգելափակենք, փակենք։ Պետական արարողություն էր, ոստիկանությունը անվտանգային միջոց էր ձեռնարկում՝ վայ, էս ի՞նչ արեցին։ Այդ ամեն ինչը հետևանք է, չէ՞ ունենում։ Մեր պատմության մեջ կա 360 ողբերգական օր, ուրեմն հարսանյաց սրահները եկեք փակենք, ռեստորանները, հեռուստատեսությունները, երգիչներին էլ արգելենք երգեն։ Դրա համար կա օրենք, և պետք է առաջնորդվել օրենքով»։
Ինչ վերաբերում է ուղերձներին, ապա ըստ վարչապետի՝ այսուհետև դրանցում պետք է լինեն այն ձևակերպումները, որոնք բխում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից։