95 հազար դրամ՝ ուսման ընթացքում․ ԱԱԾ-ում ուսման և վերապատրաստման նոր համակարգ է նախատեսվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ուսման, վերապատրաստման, կադրերի տրամադրության տակ գտնվելու և ծառայության անցնելու կարգավորումներում, ինչպես նաև սահմանել նոր պահանջներ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի՝ սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների որոշ պաշտոններում նշանակվելու համար։

ԱԱԾ ծառայողները կարող են ուսման ուղարկվել նաև օտարերկրյա ուսումնական հաստատություններ

Նախատեսվում է, որ պետական լիազոր մարմնի կողմից ՀՀ կամ օտարերկրյա պետության ուսումնական հաստատություն, այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություն, առկա ուսուցման ձևով՝ լրիվ բեռնվածությամբ, ուսման ուղարկված ԱԱԾ ծառայողները ուսումնառության ամբողջ ընթացքում գտնվելու են կադրերի տրամադրության տակ։

Նրանց կշնորհվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի համար սահմանված զինվորական կոչումներ կամ նրանց ունեցած կոչումներին հավասար կոչումներ։ Ծառայողների համար ծառայության սկիզբ է համարվելու կադրերի տրամադրության տակ թողնելու օրը։

Ուսման ընթացքում ծառայողը կստանա նվազագույն աշխատավարձի չափով վճարում

Նախագծով նախատեսվում է, որ ուսման նպատակով կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողը կստանա Հայաստանում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով վճարում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայում խոսքը ամսական 95 հազար դրամի մասին է։ Միաժամանակ, պետական լիազոր մարմնի կողմից ուսման ուղարկվելու դեպքը նախատեսվում է առանձնացնել ծառայողի սովորական ծառայողական գործունեությունից՝ համապատասխանաբար կարգավորելով նրա կադրերի տրամադրության տակ գտնվելու, ծառայության սկիզբը և հետագա ծառայության հարցերը։

Ուսումը ինքնակամ դադարեցնելու դեպքում կարող են առաջանալ ծառայությունից ազատվելու հետևանքներ

Նաև կարգավորվում են այն դեպքերը, երբ ծառայողը ուսման է ուղարկվել պետական լիազոր մարմնի կողմից, սակայն առանց հարգելի պատճառի ինքնակամ դադարեցնում է ուսումը, չի հանձնում կրթական ծրագրով նախատեսված ավարտական քննությունները կամ հեռացվում է ուսումնական հաստատությունից։ Այս դեպքում ծառայողը կարող է մինչև մեկ ամիս ժամկետով թողնվել կադրերի տրամադրության տակ։

Այդ ժամանակահատվածում նրան պետք է առաջարկվի իր անձնական և գործնական հատկանիշներին ու կրթությանը համապատասխանող պաշտոն, եթե նա չունի օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ։ Եթե համապատասխան պաշտոն չկա, ծառայողը կարող է արձակվել ծառայությունից՝ առանց այլ պաշտոն առաջարկելու։

Եթե ծառայողը համաձայն չէ իրեն առաջարկվող պաշտոնին, դա կարող է հիմք հանդիսանալ ծառայությունից արձակելու համար։

Նոր պահանջներ՝ սահմանային վերահսկողության որոշ պաշտոնների համար

Առանձին փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի՝ սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների համար։

Մասնավորապես, ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակվելու համար նախատեսվում է պահանջել՝

  • բարձրագույն կրթություն,
  • սահմանային վերահսկողության վերապատրաստման դասընթացի ավարտ։

Միաժամանակ նախատեսվում է ստեղծել սահմանային վերահսկողության ավագ հսկիչի արհեստագործական կրթության հնարավորություն ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում։

Նման կրթություն ստացած քաղաքացիները կարող են նշանակվել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման ավագ հսկիչի պաշտոնում։

Հատուկ կարգավորում է տրվում այն դեպքի համար, երբ ՀՀ պետական սահմանի յուրաքանչյուր անցման կետում ավագ հսկիչների պաշտոնները 20 տոկոս և ավելի թափուր են։ Այդ դեպքում, պետական լիազոր մարմնի ղեկավարի համաձայնությամբ, ավագ հսկիչի պաշտոնում կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք դեռևս չունեն սահմանային վերահսկողության ավագ հսկիչի արհեստագործական կրթություն, սակայն ունեն առնվազն միջնակարգ կրթություն։

Այդ անձինք պետք է պաշտոնի նշանակվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, ստանան համապատասխան արհեստագործական կրթություն։

Մինչև կրթություն ստանալը նրանք իրենց ծառայողական պարտականությունները կարող են կատարել միայն կարճաժամկետ վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո։

Արդեն գործող ծառայողները նույնպես պետք է վերապատրաստվեն

Նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահին սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող բոլոր ծառայողները պետք է վերապատրաստվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում։

Կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները պետք է չորս տարվա ընթացքում գործուղվեն ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատություն՝ սահմանային վերահսկողության ավագ հսկիչի արհեստագործական կրթություն ստանալու նպատակով։

Նրանց ուսումնառության ընթացքում նախատեսվում է պահպանել վերջին զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը։

Արհեստագործական կրթություն ստացած ավագ հսկիչները կարող են համարվել ատեստավորված

Նախագծով սահմանվում է նաև, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում սահմանային վերահսկողության ավագ հսկիչի արհեստագործական կրթություն ստացած և ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան ստորաբաժանման ավագ հսկիչի պաշտոնում նշանակված ծառայողը ատեստավորված է համարվում ուսումնական հաստատության պետական ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա։ Այս դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից։

Կրթական ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի երկրորդ կիսամյակից, իսկ ծրագրին տարեկան միջինը կարող է մասնակցել 50 ծառայող։ Ծրագրի մասնակիցների վարձատրության համար տարեկան լրացուցիչ կպահանջվի 28,5 մլն դրամ, իսկ կրթական գործընթացի հետ կապված այլ ծախսերի՝ այդ թվում դասախոսների վարձատրության, ուսումնամեթոդական գործընթացի, կոմունալ և այլ ընթացիկ ծախսերի համար՝ 43,722 մլն դրամ։

Նախագծի համաձայն՝ 2027 թվականի համար լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի։

Ի՞նչ նպատակ է հետապնդում նախագիծը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարական ծրագրով նախատեսված՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների մասնագիտացված կրթական համակարգի ներդրմամբ։ Դրա ընդունման արդյունքում, ըստ հիմնավորման, Ազգային անվտանգության ծառայությունը պետք է համալրվի մասնագիտական կրթություն ունեցող ծառայողներով, իսկ սահմանային վերահսկողության ոլորտում պետք է ձևավորվի համապատասխան մասնագիտացված կրթական համակարգ։

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, սակայն սահմանային վերահսկողության ավագ հսկիչների արհեստագործական կրթությանն առնչվող դրույթի համար նախատեսված է առանձին ուժի մեջ մտնելու ժամկետ։

Փոփոխությունները դեռևս օրենսդրական կարգավորման փուլում են և դրանց վերջնական բովանդակությունը կարող է փոփոխվել մինչև ընդունումը։

Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Իրավաբան.net

Leave a Comment