Կառավարությունը հետաձգել է հեռախոսների IMEI համարների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը

Կառավարությանը ևս երկու ամիս ժամանակ է անհրաժեշտ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և հարակից օրենքներում նախատեսվող փոփոխությունների նախագծերը լրամշակելու համար։ Խոսքն օրենսդրական այն փաթեթի մասին է, որով նախատեսվում է բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան ստեղծել։ Գործադիրի գլխավոր հիմնավորումը բջջային հեռախոսների ստվերային շուկան կրճատելն է, ընդդիմախոսների գլխավոր մտահոգությունը անձնական տվյալների պաշտպանության հարցն է։

Բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան ստեղծելու մասին նախագիծը կլրամշակվի։ Կառավարությունը մինչև երկու ամիս ժամանակ է խնդրել՝ նոր տարբերակը խորհրդարանին ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը․

«Ինչո՞ւ ենք հետաձգում․ հիմնական խնդիրը, որը գործադիրն ուզում է լուծել այս նախաձեռնությամբ, դա ստվերային շրջանառության դեմ պայքարն է։ Այսինքն՝ ֆիսկալ խնդրի լուծման անհրաժեշտություն ենք տեսնում»։

Թադևոսյանի խոսքով՝ նախագծում պետք է ավելի հստակ սահմանվեն տեխնիկական կանոնակարգերը և բացատրվեն կիրառվող եզրույթները։

Կառավարությունը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և հարակից օրենքներում նախատեսվող փոփոխություններին հավանություն էր տվել հունիսի 25-ի նիստում։ Օրենսդրական փաթեթով նախատեսվում է ստեղծել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Նպատակը բջջային հեռախոսների ստվերային շուկան կրճատելն ու չմաքսազերծված կամ կեղծված IMEI կոդերով սարքերի շրջանառությունը կանխելն է:

Նախարարը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է, թե ինչպես է կառավարվելու շտեմարանը․ բջջային կապի օպերատորների մասնակցությամբ կստեղծվի կազմակերպություն, որը կկառավարի հեռախոսների IMEI համարների շտեմարանը։ Դրանք հնարավորություն կտան նույնականացնելու սարքերը և տարբերակելու օրինական ներմուծումն անօրինականից։

Թադևոսյանը նշել է, որ հնարավոր սահմանափակումների կիրառման պայմանները դեռ պետք է հստակեցվեն։

Նախագծի վերաբերյալ պատգամավորները որոշ դիտարկումներ են արել։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի կարծիքով՝ քանի որ նախաձեռնության գլխավոր հիմնավորումը ստվերային շրջանառության կրճատումն է, պետք է լսել հարկային ու ֆինանսական ոլորտների պատասխանատուներին․

«Եթե կարգավորումը հիմնականում ֆիսկալ բնույթի է, ապա այդ դեպքում տրամաբանական է, որ կառավարության ներկայացուցիչը պետք է լինի Ֆինանսների նախարարը կամ առնվազն ՊԵԿ ղեկավարը, որպեսզի ֆիսկալ տեսանկյունից նայենք»։

Ֆիսկալ բաղադրիչից բացի՝ պատգամավորներին մտահոգում է նաև անձնական տվյալների պաշտպանության հարցը։ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հասմիկ Ենգոյան․

«Թուրքիա, Իրան, Բելոռուս, նման երկրներում է IMEI կոդերի հետ միասին հավաքվում նաև անձնական տվյալներ։ Չեմ ուզում երկրներին վիրավորել, բայց հաշվի առնելով այդ երկրների ժողովրդավարության զարգացման մակարդակը պարզ է դառնում, թե որ երկրների բջջային հեռախոսի օպերատորն ու ադմինիստրատորը հավաքում անձնական տվյալ»։

IMEI կոդերի միասնական շտեմարանի ստեղծման գաղափարը, հիշեցնենք, հանրային քննարկումների առիթ էր դարձել։ Հնչել էին թե՛ ստվերային շուկայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ տեսակետներ, թե՛ անձնական տվյալների պաշտպանության և հնարավոր վերահսկողության մասին մտահոգություններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ գործադիրն այս հարցում քաղաքական որոշում է ընդունել վերջ դնելու «բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանին»։ Լուծումները, նրա խոսքով, կլինեն ռադիկալ, բայց քաղաքակիրթ։

Leave a Comment