Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տարածքում գտնվող Սուրբ Գևորգ Կուրմուխի տաճարի տարածքում կատարվող պեղումների կապակցությամբ:
Վրացի հոգևորականները հայտարարում են, որ շինարարական ու հետազոտական աշխատանքները կատարվում են առանց վրացական կողմի մասնակցության։ Եկեղեցին Վրաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ միջամտելու իրավիճակին։
Վրաստանը երբեք չի սրի Ադրբեջանի հետ հարաբերությունները պատմական կամ հոգևոր հուշակոթողների պատճառով՝ համոզված է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը։ «Ռադիոլուր»–ը փորձագետի հետ զրուցեց Ադրբեջանի տարածքում գտնվող վրացական Սուրբ Գևորգ Կուրմուխի տաճարում անցկացվող պեղումների և Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի դժգոհության մասին։ Անդրադատնալով վրացական կողմի հայտարարություններին՝ Հասմիկ Մելիքսեթյանը նշեց, որ Վրաստանի իշխանությունները դեռ որևէ բողոք կամ դժգոհություն չեն հայտնել․
«Վրաց ուղղափառ եկեղեցին նշում էր, որ տաճարում և դրա շրջակայքում կատարվող յուրաքանչյուր միջամտություն մտահոգիչ է եկեղեցու համար։ Նաև շեշտում է, որ անորոշ են նպատակները։ Պարզ չէ, թե ինչու է Ադրբեջանը վրացական մշակութային ժառանգության հուշարձանի իբր վերականգնման համար ինչ-որ գործողություններ անում։ Պատրիարքարանը այդ հայտարարությամբ նաև կոչ էր անում Վրաստանի իշխանություններին զբաղվելու այդ հարցով և հասկանալու, թե ինչ իրավիճակ է այդտեղ տիրում և ինչ աշխատանքներ են արվում»։
Վրաց ուղղափառ եկեղեցին Սուրբ Գևորգ Կուրմուխի տաճարը համարում է վրացական պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձան, որտեղ այսօր Ադրբեջանը պեղումներ է անում առանց վրացական կողմի հետ համաձայնեցնելու և առանց վրացի փորձագետների հետ քննարկումների։ Պատրիարքարանի հայտարարության մեջ ասվում է․
«Յուրաքանչյուր միջամտություն տաճարին կամ հարակից տարածքին բազմաթիվ հարցեր է առաջացնում, մասնավորապես թե ինչ նպատակներով են վրացական մշակութային ժառանգության հուշարձան վերականգնում առանց Վրաստանի հետ համաձայնեցման։ Միայն համակարգված գործակցությունը թույլ կտա պաշտպանել հուշարձանը»։
Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ տաճարը կոչվում է Քյուրմյուքի և ոչ թե Կուրմուխի։ Բացի այդ՝ նշվում է, որ պատրիարքարանի հայտարարությունը հակասում է Բաքվի և Թբիլիսիի միջև գոյություն ունեցող բարիդրացիության ու գործընկերության ոգուն։
Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյան․ «Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հոխորտանքներ է հնչեցնում այն դեպքում, երբ վրաց եկեղեցին մտահոգություններ էր արտահայտել, ու դրանց պատասխանում է մեղադրանքներ հնչեցնելով վրաց եկեղեցու նկատմամբ»։
Բաքվից անգամ զգուշացրել են, որ Վրաստանի կրոնական կազմակերպությունները զերծ մնան երկու երկրների բարիդրացիությանը վնասող մոտեցումներից։ Ավելին՝ Ադրբեջանը վրացական կողմին հորդորում է չընդօրինակել ու չկրկնել Հայ առաքելական եկեղեցու հայտնի մոտեցումները, քանի որ Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները ադրբեջանական ժողովրդի և ադրբեջանական պետության ժառանգության անբաժանելի մասն են։
Ուշագրավ է, որ այսքանից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պարզապես ասել է, որ Կուրմուխի տաճարի վերականգնման հարցը կլուծվի Վրաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերին համապատասխան, քանի որ երկու երկրների հարաբերություններում լարվածություն չկա։
Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյան․ «Այն, ինչ Վրաստանի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ պատասխանեց, ոչ թե հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն էր, այլ կարծես փորձ էր մի փոքր մեղմելու Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը։ Սակայն Վրաստանի պաշտոնական արձագանքը այդ առումով դեռևս բացակայում է։ Այսինքն՝ դեռ չկա հստակ պատասխան, թե կա արդյոք ադրբեջանական կողմի հետ քննարկում»։
Տարներ առաջ Բաքվի և Թբիլիսիի միջև լարվածություն առաջացավ Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ, որը Վրաստան–Ադրբեջան սահմանին է։ Լարվածության պայմաններում ադրբեջանցի սահմանապահները պարզապես թույլ չտվեցին վրացի ուխտավորներին մուտք գործել վանական համալիր։ Հասմիկ Մելիքսեթյանը այդ առումով նկատում է, որ Դավիթ Գարեջին վրացիների համար ավելի մեծ նշանակություն ունի և, եթե այդ դեպքում Թբիլիսին չկարողացավ պայքարել, ապա այս դեպքում դժվար թե որևէ քայլ անի․
«Ի տարբերություն Կուրմուխի տաճարի, որը Ադրբեջանի տարածքում է, Դավիթ Գարեջի վանական համալիրը սահմանին է։ Եվ եթե հիշենք փորձը Դավիթ Գարեջիի, ապա կտեսնենք, որ վրացական կողմը հետքայլ արեց և չկարողացավ պահպանել կամ պաշտպանել իր ժառանգությունը»։
Վրաստանի հարցերով փորձագետը կարծում է, որ այս դեպքում ևս վրացական կողմը կսահմանափակվի լոկ հայտարարություններով։