Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը։ Երկու օր առաջ «Ռոսսելխոզնադզորը» հաղորդել էր, որ հայկական կողմից դեռ չեն հաստատել, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։ Սրան զուգահեռ ռուսական կողմից հասկացնում են, որ Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելն ավելի ցավnտ կլինի, քան Գերմանիայի ու ԵՄ համար։ Ի պատասխան՝ հայ փորձագետները հիշեցնում են, թե ինչպես է նախկինում ՌԴ սխալվել իր հաշվարկներում երբ փորձում էր ճնշում գործադրել Եվրոպական երկրների վրա։
«Հնարավոր է Մոսկվան կրկին սխալվում է իր հաշվարկներում», «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Վարդանյանը։ Այսպիսով, փորձագետն արձագանքում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի հայտարարությանը, որ Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար։
«ՌԴ բազմիցս իր հաշվարկներում սխալվել է և ժամանակին էլ իրենք կարծում էին, թե Եվրոպան այլընտրանք չունի ռուսական գազին և, նույնիսկ Մեդվեդևը և այլ պաշտոնյաներ հայտարարում էին, որ այդ գազը կարող է հասնել երկու հազար դոլարի։ Այդպես իրենք կարծում էին, թե կկարողանան ճնշումների ենթարկել Եվրոպային։ Բայց Եվրոպան տեղի չտվեց այդ ճնշումներին ու ժամանակի ընթացքում հասավ դիվերսիֆիկացիայի լուրջ մակարդակի և այժմ արդեն իր գազի չնչին մասն է գնում ՌԴ-ից և այժմ արդեն օրենք է ընդունել, որ առաջիկա տարիներին ԵՄ ընդհանրապես չպետք է գազ գնի ՌԴ-ից։ Հայաստանը իր գազը այո, Ռուսաստանից է գնում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը այլընտրանք չունի։ Մենք հանգիստ կարող ենք գնել իրանական գազ, այլ երկրից կարող ենք գնել, այնպես որ Ռուսաստանը այս հարցում էլ հնարավոր է սխալվում է իր հաշվարկներում»։
Ի դեպ, Politico–ն գրում է, որ Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել սահմանափակելու գազի և էլեկտրաէներգիայի սպառման ծավալը։ Ըստ պարբերականի՝ էներգետիկայի հարցերի եվրահանձնակատար Յորգենսենն ասել է, որ էներգետիկ համաշխարհային շուկայում առաջարկի սահմանափակման և գնային տատանումների պայմաններում՝ հարկադրական սահմանափակումները էֆեկտիվ միջոց կլինեն գները զսպելու համար։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը ռուսական գազից հրաժարվելու դեպքում Հայաստանում հնարավոր խնդիրների մասին խոսել էր՝ ի պատասխան ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարության։ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը գազ է գնելու ամեն տեղից, որտեղից դա հնարավոր է՝ եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել գազի սակագինը:
«Գազի գին ասելիս, բոլորը պատկերացնում են դոլարային հարց, բայց դա նաև քաղաքական գին է ներառում, մենք պատրաստ չենք և այլևս պատրաստ չենք լինելու կախված լինել մեկ խողովակից, մեկ ճնշման կոճակից և անելու ենք Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերի դիվերսիֆիկացման գործընթացը։ Այդ մասին նաև ՀՀ վարչապետն է ասել։ Հայաստանի Հանրապետությունն իր սուվերենությունը պահպանելու է: ՌԴ գործընկերներն էլ մշտապես ասում են, որ դա ձեր սուվերեն որոշման իրավունքն է և մենք ընդունելու ենք դա»։
Փորձագետ Արմեն Վարդանյանը չի բացառում, որ Մոսկվան Հայաստանի նկատմամբ ճնշման մեխանիզմներ կիրառի․
«Իհարկե, երբեք չի կարելի վստահ լինել, թե ՌԴ–ն ինչ քայլերի կգնա։ Մենք պետք է բոլոր հնարավոր սցենարներին պատրաստ լինենք։ Եվ այո, չի բացառվում, որ գազը կտրեն, կամ ինչ-որ վերանորոգման աշխատանքների պատրվակով դադարեցնեն»։
Ընդամենը երկու շաբաթ առաջ Մոսկվան ժամանակավորապես դադարեցրեց բնական գազի փոխադրումը Հայաստան՝ ՌԴ տարածքում նշված գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված։ Եվ միայն երեք օր առաջ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրեց, որ վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով։
Գազամատակարարման դադարեցումը սպառողները չզգացին՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող լրացուցիչ գազի հաշվին։ Մոսկվան նաև գազի գնի հնարավոր փոփոխության մասին է խոսում՝ եթե Հայաստանը փորձի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Սակայն փորձագետները հուշում են, որ առնվազն մինչև տարեվերջ Հայաստանում գազի գինը սպառողների համար կմնա անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի համար՝ 143.7 դրամ։
Այս հայտարարություններից հետո ԿԲ–ն վերջերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նախկին 6.5-ի փոխարեն՝ սահմանեց 6.75 տոկոս։ Տնտեսագետներն այս քայլը սիմվոլիկ եբ համարում, սակայն գտնում են, որ այն ուղղված է ապագային։ Ավելի հոռետեսները սպասվող թանկացումների մասին են ակնարկում։ Սակայն փորձագետ Արմեն Վարդանյանը հստակեցնում է, որ այժմ իրանական գազատարի ողջ թողունակությունը չի օգտագործվում և հարցը շտկելի է․
«Գուցե իրանական գազատարի թողունակությունը հնարավորություն չտա բոլոր սպառողների պահանջները բավարարել, սակայն կարող ենք մեծացնել նաև այդ գազատարի խողովակների թողունակությունը։ Գիտենք, որ Իրանից Հայաստան խողովակաշարը այլ տրամաչափի է, իսկ Հայաստանի սահմանից ժամանակին կրճատվեց երկու անգամ։ Այնտեղ 1,5 մետր է, իսկ Հայաստան մտնողը՝ 750 սմ, և ՀՀ կարող է նոր խողովակաշար կառուցել՝ երկու անգամ ավելացնելով թողունակությունը և այդպիսով լուծել իր գազային բոլոր խնդիրները»։
Ըստ փորձագետի՝ կարելի է նաև պայմանավորվել ու Իրանից ավելի բարձորակ գազ գնել։ Այլընտրանք կարող է լինել նաև թուրքմենական գազը, ասում է Վարդանյանը։ Թուրքմենստանը ևս նախագիծ ունի Իրանի տարածքով գազ տարանցելու համար։ Հայաստանն այդ հնարավորությունը նույնպես կարող է օգտագործել։