ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկել է ոստիկաններին տեխնիկական միջոցներով տեղում ստուգել վարորդների թուքը՝ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը պարզելու համար։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում։
Ներկայում թմրամիջոց կամ հոգեմետ նյութ օգտագործելու հետ կապված վիճակը պարզելու համար նախատեսվում է արյան կամ մեզի հետազոտություն։ ՆԳՆ-ն առաջարկել է այդ ցանկում ներառել նաև թուքը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայում ոստիկանությունը կարող է տեխնիկական միջոցներով ինքնուրույն ստուգել վարորդներին միայն ալկոհոլի օգտագործման համար՝ արտաշնչած օդում դրա պարունակությունը որոշելով։ Թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգումն իրականացվում է բժշկական կազմակերպությունում՝ արյան կամ մեզի նմուշներով։
Փոփոխությունները ոստիկաններին հնարավորություն կտան վարորդի թուքը տեխնիկական միջոցով ստուգել անմիջապես տեղում։ Թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հայտնաբերման դեպքում ստուգման արդյունքը կարող է հիմք դառնալ օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառման համար։
ՆԳՆ-ն ակնկալում է, որ փոփոխությունները հնարավորություն կտան ավելի արդյունավետ կանխել թմրամիջոց օգտագործելուց հետո տրանսպորտային միջոց վարելու դեպքերը։ Նախագիծը մշակվել է կառավարության՝ 2025 թվականի հունիսի 5-ին հաստատած թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության համաձայն։
Փոփոխություններն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
