Գերմանիան կրթական ծրագրերով ընդլայնում է ներկայությունը Հայաստանում

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչները՝ փոխդեսպան Լարս Հենիգի գլխավորությամբ Կապանում ու Գորիսում էին՝ պատմելու՝ Գերմանիան կրթական շատ  դռներ է բացում սյունեցիների  և, առահասարակ, բոլորի առջև։ Հայաստանում այսօր գերմաներեն է սովորում ավելի քան 61 հազար աշակերտ՝ 200-ից ավելի դպրոցում։ Սյունիքում այդ թիվը մոտ 2 հազար 700 է՝ 10 դպրոցում։ Այսինքն՝ միայն այս մարզում հազարավոր երեխաների համար գերմաներենը դպրոցական առարկայից կարող է վերածվել կրթական ու մասնագիտական նոր հնարավորությունների լեզվի։

Guten Tag. Կապանի N 6 հիմնական դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Լաուրա Ղազարյանը մոտ 4 տասնամյակ այսպես է ողջունում իր աշակերտներին։ Տարիներ առաջ ավարտելով բուհը և հնարավորություն չունենալով մնալ Երևանում ՝վերադառնում է Կապան։ Սահմանամերձ Ծավ գյուղի դպրոց է գործուղվում, հետո՝ Կապան։ Հիմա հպարտությամբ պատմում է իր աշակերտների մասին․ ոմանք արդեն աշխատում են Գերմանիայում, այդ թվում՝ Հայաստանի դեսպանատանը։

Իսկ այս դասարանում գերմաներենը դեռ նոր ճանապարհի սկիզբ է։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լաուրա Ղազարյանին էր վստահվել գերմաներենով բաց դաս անցկացնելը։ Հավաքվել էին քաղաքի գերմանախոս երիտասարդները՝ ծանոթանալու կրթական հնարավորություններին, որոնք դեսպանատան ներկայացուցիչները փոխդեսպան Լարս Հենիգի գլխավորությամբ ներկայացնում էին Կապանում ու Գորիսում։  

 «Գերմաներենն ի՞նչ դռներ կբացի սյունեցիների համար»՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է Հայաստանում Գերմանիայի փոխդեսպանը։

«Խոսքը միայն գերմաներեն սովորելու մասին չէ։ Գերմանական կողմն առաջարկում է կրթական մի ամբողջ շղթա՝ դպրոցական ծրագրերից ու լեզվի խորացված ուսուցումից մինչև փոխանակման հնարավորություններ, ակադեմիական կրթություն և հետագայում նաև տնտեսական կապեր»։

Ինչո՞վ են գերմանական ծրագրերը տարբերվում՝ հարցրինք փոխդեսպան Հենիգին։

«Մեր ծրագիրն էապես տարբերվում է մյուսներից։ Գյոթեի ինստիտուտը բազմաթիվ հնարավորություն է տալիս սովորողներին ու դասավանդողներին։ Գերմանական ակադեմիական կրթական փոխանակման հատուկ ծրագրեր ունենք երիտասարդների համար։ Ծրագիր ունենք խորացված գերմաներեն սովորելու համար։ Եվ ամենակարևորը՝ թե ինչպես կարող են ցանկացողները այս ծրագրերի միջոցով տնտեսական կապեր հաստատել Գերմանիայի հետ»։

Գերմանական կողմի առաջարկը մեկ ծրագրով չի սահմանափակվում։ PASCH-ի՝ «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի 9 դպրոց միացված է գերմանական դպրոցների միջազգային ցանցին։ Դրանց մի մասում գերմաներենի խորացված ուսուցումը զուգորդվում է DSD՝ գերմաներենի դիպլոմի ծրագրերով։ Որոշ դեպքերում DSD-2 քննությունը հաջողությամբ հանձնած աշակերտները կարող են Գերմանիայի բուհեր ընդունվել առանց լրացուցիչ լեզվական քննության։

Կրթական կամուրջը, սակայն, միայն նրանց համար չէ, ովքեր արդեն որոշել են Գերմանիայում սովորել։ Գերմաներենը կարող է սկսվել հենց դպրոցում, իսկ հետո շարունակվել՝ լեզվի կենտրոններում, փոխանակման ծրագրերում, ակադեմիական կրթության ընթացքում։ Գերմանիայի դեսպանության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում գործում են նաև Գյոթեի ինստիտուտի գործընկեր Գերմաներենի ուսուցման կենտրոնը, իսկ Deutsche Welle-ն առաջարկում է անվճար առցանց դասընթացներ A1-ից մինչև B1 մակարդակ։

Այսինքն՝ լեզուն այստեղ վերջնական նպատակ չէ։ Այն կամուրջ է՝ դպրոցից դեպի համալսարան, համալսարանից՝ մասնագիտական միջավայր, որով և ամրապնդվում են 2 երկրների կապերը։

Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ այդ երկրում կրթություն ստացած Մերի Նավասարդյանն այժմ գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրենն է։ Նկատել է՝ հաճախ Գերմանիայի կրթական ծրագրերին մարզերում լավ տեղյակ չեն , ուստի որոշել են այս ձևաչափով հանդիպումներ կազմակերպել  տարբեր համայնքներում։

«Փորձում եմ ստացած գիտելիքներս տեղափոխել տնտեսական դաշտ, որպեսզի այդ հնարավորությունից օգտվեն հայկական բիզնեսները։ Ես կարևորում եմ համագործակցությունը ոչ թե միայն կրթական ոլորտում, այլ կրթական, տնտեսական, քաղաքական լայն դաշտում եմ տեսնում հայ-գերմանական հարաբերությունները»։

Ֆրանկոֆոն Գորիսում ևս գերմաներենը կարևորում են։ Հետաքրքրությունը և մոտիվացիան մեծացնելու փորձն արդեն կոնկրետ աշակերտների պատմությունների է վերածվում։ Կարծես ստացվում է՝ ասում է Լարս Հենիգը։

Գորիսեցի Սեդա Քուշկյանը 9-րդցի է։ Երկրորդ դասարանից է սկսել սովորել, մասնակցել է բազմաթիվ մրցույթների։

«Հենց սկզբից հետաքրքրված եմ եղել գերմաներենով, այդ առարկան բոլոր հատկություններով գրավել է ինձ։ Մրցույթների եմ մասնակցել, մրցանակներ ստացել, ու քանի որ ցանկանում եմ բժիշկ դառնալ՝ կարևորում եմ գերմաներենը, ուզում եմ ուսումս շարունակել Գերմանիայում ու մասնագիտանալ այնտեղ»։

Լաուրա Ղազարյանը փոքր-ինչ տարակուսում է մեր  հարցից, թե արժե՞ սովորել գերմաներեն։ Վիճակագրական տվյալներ է բերում․ աշխարհում ամեն երկրորդ գիրքը տպագրվում է գերմաներենով, աշխարհում 100 մլն մարդու համար մայրենի լեզու է։ Մասնագիտական բազմաթիվ հնարավորություններ կան։

Լեզուն դասավանդողն ինքն էլ շարունակում է սովորել՝ չնայած տասնամյակների փորձին։ Որոշել է օգտվել Գերմանիայի դեսպանատան առաջարկած ակադեմիական փոխանակման ծրագրից։ Լաուրա Ղազարյանի համար լեզուն բառապաշարից ու քերականությունից ավելին է։

«Դա նշանակում է տվյալ երկրի մշակույթին, տվյալ երկրի ամեն ինչին մոտիկից ծանոթանալ։ Ու ամենակարևորը, որ միշտ հիշեցնում եմ աշակերտներիս․ Գերմանիան այն առանձնահատուկ երկիրներից մեկն է, որտեղ հնարավորություն ունեք ոչ միայն անվճար կրթվել, այլև՝ կրթաթոշակ ստանալ, ինչը հնարավորություն կտա այլ եվրոպական երկրների մշակույթների ծանոթանալու»։

Լարս Հենիգի համոզմամբ՝ պետք է փոխել նաև մարդկանց աշխարհընկալումը՝ ավելի լայն նայելու միջպետական օրակարգերին։ Գերմանիան ողջունում է Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգը, ու փոխդեսպանը համոզված է՝  այդ գաղափարը պետք է սերմանել տարբեր օղակներում․

«Երբ մարդիկ այս մակարդակի վրա հանդիպում են, խոսում միմյանց հետ, տարակարծությունները քչանում են։ Սա խաղաղության հիմք է ստեղծում համար։ Հիշեք՝ լավ հարաբերությունները չեն գալիս վերևից։ Հանրային մակարդակում  պիտի հարաբերությունները կառուցվեն ու վերհանվեն։ Կարծում եմ, որ մեր առաքելությունը նաև դրա մեջ է՝ հանդիպենք, խոսենք, ճանաչենք՝ փորձելով այդ հարաբերությունները կառուցել»։

Կապանում ու Գորիսում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչները նաև խրախուսական մրցանակներ հանձնեցին մրցույթներում աչքի ընկած աշակերտներին ու խոստացան՝ հաջորդ հանդիպումները կամրագրեն օրացույցում։

Leave a Comment