Գազայի հարցում Թուրքիայի կոշտ դիրքորոշումը քննադատելով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։ Էրդողանին ուղղված քննադատությունների շարքում Նեթանյահուն հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը՝ այն ներկայացնելով Թուրքիայի քաղաքականության դեմ իր քննադատությունների համատեքստում։
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն, Իսրայելում նոր չէ․ այն տարիներ շարունակ պարբերաբար հայտնվում է քաղաքական օրակարգում՝ հատկապես թուրք-իսրայելական հարաբերությունների սրման փուլերում։ Այս ամռանը Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կրկին կասեցվել է։ Ի՞նչ տեղ ունի Հայոց ցեղասպանության հարցը Իսրայել–Թուրքիա հակադրության այս փուլում՝ պատմական արդարության օրակարգո՞ւմ, թե՞ որպես արտաքին քաղաքական ճնշման գործիք։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ տարբեր երկրների մեծ թվով պատվիրակներ լքեցին դահլիճը՝ ծափերի և սուլոցների ներքո։
Հանդարտության կոչերից հետո միայն նա հնարավորություն ունեցավ սկսել ելույթը։
«Նախքան սկսելը՝ մի փոքր հայտարարություն։ Եթե այս դահլիճում դեռ կան այլ բարոյական վախկոտներ, որոնք դեռ չեն հեռացել, խնդրում եմ՝ հեռացեք հիմա։ Շատ շնորհակալ եմ»։
Նեթանյահուն ասաց՝ շնորհակալ է Դոնալդ Թրամփին՝ իր ձևակերպմամբ, «համարձակ առաջնորդության» և «բարբարոսների» դեմ պայքարում գործընկերության համար։ Ասաց՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը միասին գործել են՝ փրկելու «քաղաքակրթությունը», Գազայից վերադարձնելու իսրայելցի պատանդներին։ Քննադատելով Իսրայելի հասցեին միջազգային աճող քննադատությունը՝ Նեթանյահուն պնդեց, թե Քաթարը, որտեղ ապաստան են գտել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի առաջնորդները, տարիներ շարունակ միլիարդներ է ծախսել Իսրայելի մասին, իր ձևակերպմամբ, «սուտ տեղեկություններ տարածելու» համար՝ ֆինանսավորելով ամերիկյան համալսարաններ և աջակցելով Al Jazeera-ի նման լրատվամիջոցներին՝ սերմանելով ատելություն։
Գազայի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը անդրադառնալով՝ Նեթանյահուն քննադատությունը հասցեագրեց նաև Անկարային։
«Այժմ ստեր տարածող հակասեմականների շարքին միացած վերջին երկիրը Թուրքիան է։ Էրդողանը բռնապետ է, որը նաև հյուրընկալում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական առաջնորդներին»։
Նույն քննադատության շարքում Նեթանյահուն հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը։
Թուրքիայի առաջնորդը «սպանել է հազարավոր խաղաղ քուրդ բնակիչների, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բանտարկել է հազարավոր լրագրողների և, ըստ էության, այս հարցում համաշխարհային ռեկորդակիր է»։
Հայոց ցեղասպանության օրն Իսրայելում նշելու մասին օրինագիծը դեռ 2018-ին դրվել էր Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, սակայն չէր ընդունվել։ Հետագա տարիներին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման տարբեր փուլերում, Իսրայելի տարբեր պաշտոնյաներ պարբերաբար անդրադարձել են ճանաչման հնարավորությանը։
Ցեղասպանագետ Արմեն Մարուքյանը նկատում է, որ, ինչպես միշտ, Իսրայելը շահարկում է այդ հարցն իր արտաքին քաղաքական նպատակների համար։
«Հատկապես, երբ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների փուլ է թևակոխում, այդ ժամանակ հիշում են հայերի ցեղասպանության մասին և փորձում են դրանով ինչ-որ հոգեբանական ճնշում գործադրել թուրքական իշխանությունների կամ թուրքական պետության վրա։ Հերթական անգամ մենք դրա ականատեսն ենք, որովհետև Թուրքիան, գիտենք, որ հրապարակայնորեն Գազայում Իսրայելի գործողությունները դատապարտում է։ Հիմա սա, այսպես ասենք, լռեցնելու, զսպելու ինչ-որ գործիք է, որն ավանդաբար Իսրայելն օգտագործում է»։
Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը այս տարվա հունիսին նոր փուլ էր մտել․ կառավարության որոշումը պետք է ներկայացվեր Քնեսեթի քվեարկությանը։ Սակայն հուլիսին հայտնի դարձավ, որ չի դրվել քվեարկության։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ պատճառներից մեկը վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշումն էր։ Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հաստատել էր, որ Բաքվի միջամտությամբ Իսրայելը դադարեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Քնեսեթը չի ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև, թեև հարցը ժամանակ առ ժամանակ Իսրայելը կարող է հրապարակ բերել։
«Իսրայելը օգտագործում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը իր, այսպես կոչված, աշխարհաքաղաքական նպատակների համար՝ կապված Թուրքիայի հետ։ Թուրքիայի հակաիսրայելական հռետորաբանությանը ինչ-որ ձևով հակահարված տալու համար»։
Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Թուրքիայի և Իսրայելի, այսպես կոչված, հռետորաբանական պատերազմը կշարունակվի, նույնիսկ կարող է ավելի սրվել։ Սակայն նա չի կարծում, որ հարցը կարող է ունենալ շարունակություն։
Մինչ Նեթանյահուն ՄԱԿ-ում խոսում էր Իսրայելի դեմ հնչող քննադատության մասին, Գազայի վերականգնման հարցում նոր ծրագիր է փորձ արվում կյանքի կոչել։ ԱՄՆ աջակցությամբ գործող «Խաղաղության խորհուրդը» հայտարարել է մոտ 2.5 միլիարդ դոլարի՝ 66 ծրագրից բաղկացած առաջին փաթեթի մասին։ Այն նախատեսում է ժամանակավոր կացարաններ, փլատակների մաքրում, հիվանդանոցների, ենթակառուցվածքների վերականգնում և կառավարման նոր համակարգի ձևավորում։ Սակայն ծրագրի իրականացումը դեռ անորոշ է՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև չլուծված հարցերի պատճառով։ Ամբողջական վերականգնման արժեքը գնահատվում է ավելի քան 71 միլիարդ դոլար։
ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ վաղ վերականգնումը չպետք է հետաձգվի, մինչդեռ տեղում լայնածավալ վերականգնումը դեռ չի սկսվել։ Ավերված կամ վնասված շենքերում մարդիկ շարունակում են ապրել, իսկ սեպտեմբերի կեսերին փլուզված վնասված շենքի տակ 21 մարդու զոհվելու դեպքը կրկին ցույց տվեց իրավիճակի վտանգավորությունը։ Պաղեստինյան և ՄԱԿ-ի պաշտոնյաները վերականգնման աշխատանքների դանդաղումը կապում են նաև անհրաժեշտ տեխնիկայի և մուտքի սահմանափակումների հետ, մինչդեռ Իսրայելը դրանք պատճառաբանում է անվտանգության հարցերով։