ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի կարևոր ուղերձ է հղել։ ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետի խոսքը տևել է 18 րոպե, բայց հնչել են նաև այնպիսի մտքեր, որ նախկինում այս ձևակերպմամբ չեն ներկայացվել հանրությանը։ Սա մեծապես կապված էր Ռուսաստանի հետ հարաբերությունների և դրանց փոփոխության հիմքերի հետ։
Ովքե՞ր և ինչպե՞ս են փորձել միջամտել ՀՀ ընտրություններին, ի՞նչ ցանցային մեխանիզմ է գործել, և ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից։
ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Հայաստանի վարչապետը խոսեց հայերեն, ինչպես Բիշքեկում։ Բայց այս անգամ նրա որոշումն աժիոտաժ չառաջացրեց, ինչպես Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովին, երբ մասնակիցները զարմացան Փաշինյանի՝ ռուսերենով չխոսելու որոշումից։
ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետը նոր ուղերձներ հղեց։ Եվ առաջինն այն էր, որ Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունեցող երկրների ցանկում Փաշինյանը չնշեց Ռուսաստանի Դաշնությունը։ 12 պետության և մեկ կառույցի անուն թվարկեց՝ առանց Ռուսաստանի։ Սա ուշագրավ հանգամանք է համարում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը․
«Շատ հետաքրքիր նոր միտք ասաց, որ Ռուսաստանի հետ տրանսֆորմացիայի մեջ են հարաբերությունները այն պատճառով, որ չկա կոնֆլիկտ Ադրբեջանի հետ։ Կոպիտ ասած, Ռուսաստանը խաղում էր այդ կոնֆլիկտի վրա։ Հիմա կոնֆլիկտ չկա՝ չի կարող խաղալ և նոր հարաբերությունների մեջ պետք է մտնենք։ Դա նաև պատասխան է Նիկոլ Փաշինյանի այն ջանքերին, որը Ռուսաստանը դնում է մեր եվրոինտեգրման դեմ։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ասաց, որ՝ դուք չեք մտնում ռազմավարական նշանակություն ունեցող պետությունների ցանկի մեջ։ Ու Նիկոլ Փաշինյանը թվարկեց այդ պետությունների ցանկը։ ՄԱԿ-ի ամբիոնից նա ասաց միայն՝ մենք հույսով ենք, որ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ կլինեն։ Նույնիսկ համոզված չեմ, որ օգտագործեց «գործընկերային» բառը»։
Ուշագրավ է նաև, որ Հայաստանի վարչապետը տարածաշրջանում հաստատվող խաղաղությունը նույն ելույթի ժամանակ դիտարկում է նաև հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանության մեջ՝ թեև նկատելով, որ այդ հարաբերությունները վերափոխվում են․
«Որովհետև նախորդող ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»։
Վարչապետի հաջորդ ասելիքը նախորդի տրամաբանական շարունակությունն էր։ Այս դեպքում՝ նորից առանց անուններ նշելու։ Միջազգային հանրության առջև Փաշինյանը խոսում էր հայաստանյան վերջին ընտրություններին արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների, հիբրիդային գործիքների և պետության զավթման փորձերի մասին․
«Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում, և արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը»։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ այս ակնարկի հասցեատերը ակնհայտ է․
«Ակնհայտ է՝ Ռուսաստանի մասին էր խոսում։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընտրակաշառքները մասամբ բաժանվում էին, որ խաղաղության օրակարգը առաջ չգնա։ Բայց նա ասաց, որ հայ ժողովուրդը կանգնեց պինդ ու կանգնեց ի օգուտ խաղաղության»։
Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների հերթական հետքը օրերս ներկայացվեց չեխական Seznam Zprávy («Սեզնամ սպրավի») պարբերականի հետաքննության մեջ։ Այն բացահայտել է, որ Հայաստանի ԱԺ ընտրություններին միջամտելու փորձերի մեջ արդեն հայտնված ռուսական «Ռիբար» մեդիանախագիծը գործել է նաև Չեխիայում։
Մասնավորապես՝ «Ռիբար»–ի հետ կապվող նկարահանող խմբերը Չեխիայում և այլ եվրոպական երկրներում հարցազրույցներ են ձայնագրել քաղաքական գործիչների, լրագրողների և փորձագետների հետ։ Ընդ որում, ըստ հետաքննության, հարցազրույց տված անձանց համար միշտ չէ, որ պարզ է եղել, թե որ նախագծի համար է նախատեսված տեսանյութը։
Հետաքննության տվյալներով՝ հարցազրույցների կազմակերպման և հարցազրույց տվողների որոնման համար պատասխանատու է եղել Մոսկվայում բնակվող Բորիս Դվորկինը։ Պարբերականի տվյալներով՝ նրա նախագծերից մեկը ֆինանսավորել է Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստեղծված Ռուսաստանի՝ Հայրենիքի պատմության հիմնադրամը, որի խորհրդի նախագահը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն է։
Ինչ վերաբերում է «Ռիբար»–ի հիմնադիր Միխայիլ Զվինչուկին, ապա նա ԵՄ պատժամիջոցների տակ է։ Եվրոպական միության պատժամիջոցների հիմնավորման մեջ Զվինչուկը ներկայացվում է որպես ռուս ռազմական բլոգեր, որը նաև կեղծ տեղեկություն և Կրեմլին աջակցող քարոզչություն է տարածում։
Հետաքննությունը պարզել է, որ այս մեխանիզմի նպատակը եվրոպական լսարանի համար իրենց ձեռնտու բովանդակության արտադրության ցանց ստեղծելն էր։
Այսինքն՝ մեխանիզմը միայն պատրաստի կեցծ տեղեկություններ հաղորդելը չէր։ Խոսքը նաև տեղում մարդկանց, քաղաքական գործիչների, լրագրողների և փորձագետների հետ կապեր ստեղծելու, նրանցից բովանդակություն ստանալու և այն հետագայում այլ հարթակներում օգտագործելու մասին էր։
Իսկ «Ռիբար»–ի գործունեությունը Հայաստանի ընտրությունների կապակցությամբ արդեն ունի նաև պաշտոնական գնահատական։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2025 թվականի դեկտեմբերին «Ռիբար» ՍՊԸ-ն ներառել է պատժամիջոցների ենթարկվածների ցանկ՝ հիմնավորելով, որ ընկերությունը Ռուսաստանի տեղեկատվական պատերազմի շրջանակում փորձել է միջամտել ժողովրդավարական գործընթացներին՝ ներառյալ Հայաստանի և Մոլդովայի ընտրությունները։ 2026 թվականի հուլիսին Լոնդոնը պատժամիջոցների տակ է դրել նաև «Ռիբար»–ին կապակցված ևս 10 անձի։