
TRIPP Development Company-ում Հայաստանը սկզբնական շրջանում կունենա 26, իսկ Միացյալ Նահանգները՝ 74 տոկոս բաժնեմաս, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Երևանն ու Վաշինգտոնն այժմ աշխատում են ընկերության ստեղծման և բաժնետիրական համաձայնագրի ստորագրման վրա։ Եթե համաձայնագիրը հետագայում երկարաձգվի, 50-րդ տարում Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս՝ առանց լրացուցիչ ներդրման։
Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ի իրականացումը «պատմական նշանակություն» կունենա Հայաստանի համար․ Հայաստանը ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, իսկ դրա միջոցով՝ նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։
Վարչապետի խոսքով՝ նախատեսվում է վերականգնել Մեղրիի և Երասխի՝ խորհրդային տարիներին գործող, հետագայում քանդված երկաթուղային հատվածները։ TRIPP-ի շրջանակում քննարկվում է նաև ճանապարհների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի կառուցումը։
Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացում դեռ լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցը, ականազերծման շուրջ համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձը։
Միաժամանակ վարչապետն անդրադարձել է նաև վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմության ու մշակութային ժառանգության շուրջ հնչող փոխադարձ հայտարարություններին։ Պաշտոնական Բաքուն ակտիվորեն ալբանական է հռչակում Արցախի հայկական եկեղեցիները՝ պնդելով, թե հայերը կեղծել են դրան ճարտարապետությունն ու յուրացրել
«Մենք՝ նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին», – ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ խաղաղության մասին հոգ տանելը և այն ինստիտուցիոնալացնելը պետք է լինի Երևանի ու Բաքվի համագործակցության հիմնական թեման։
Փաշինյանի խոսքով՝ հաջորդ խոշոր հարցը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։
Վարչապետն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ հայտարարելով, որ դրանք «տրանսֆորմացիայի փուլում» են։
«Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա», – ասել է Փաշինյանը։
Թուրքիայի հետ հարաբերությունների մասին էլ վարչապետն ասել է, որ Երևանն ու Անկարան «վճռականորեն առաջ են մղում» կարգավորման գործընթացը։
Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները նա բնութագրել է որպես Հայաստանի համար «բացառիկ կարևորություն» ունեցող։