Բեռլինում ցուցադրվելու է նաեւ «Կարմիր Քրդստան» ֆիլմը

ԽՍՀՄ-ի «մոռացված» քրդերի մասին է պատմում Բեռլինում սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի մեկն անցկացվող քրդական ֆիլմերի 16-րդ կինոփառատոնը, որ բազմաշերտ է՝ ցուցադրվելիք ավելի քան 30 վավերագրական, գեղարվեստական, կարճամետրաժ ֆիլմեր վերցված են թե՛ արխիվային պահոցներից, թե՛ քրդական սփյուռքից՝ Նորվեգիայից, Իրանից, Հայաստանից եւ թե արդի ֆիլմեր են՝ Քրդաստանից: Սեպտեմբերի 23-ին սրա մասին ծանուցում է «Բեռլիներ ցայթունգը»՝ հավելելով, թե Ստալինի օրոք «1937-ին եւ 1944-ին քրդերը Կովկասից տեղահանվել, Կենտրոնական Ասիա են ուղարկվել, զարգացրել են իրենց ուրույն մշակույթը»: Ցուցադրվելու են 1929-ին Խորհրդային Հայաստանում նկարահանված «Զարե» համր ֆիլմը, վավերագրական «Քրդերը Խորհրդային Հայաստանում» (1947 թ.), ինչպես նաեւ 1938-ին ԽՍՀՄ-ում նկարահանված «Կարմիր Քրդստան» վավերագրական ֆիլմը՝ պատմական բնօրինակ տարբերակով: «Բեռլիներ ցայթունգի» իրազեկմամբ՝ այն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քուրդ բնակչության սոցիալ մշակութային փոխակերպումների մասին է, «պատկերում է Կարմիր Քրդստան ինքնավար մարզի ստեղծումը այսօրվա Ղարաբաղում, որի գոյությունը կարճատեւ եղավ» (1923-ից 1929 թվականները)։ Ցուցադրվելու է նաեւ «1930  Զիլան» վավեագրական ֆիլմը, որ պատմում է նշյալ թվականին Թուրքիայի Զիլանի ձորում Արարատի ապստամբությունը ճնշելու ժամանակ պետական մարմինների իրականացրած ջարդի մասին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Leave a Comment