Գերմանական մեդիան նույն հակիրճ տեքստով եւ շեշտադրումներով անդրադարձավ ՀՀ վարչապետին սեպտեմբերի 18-ին Վիսբադենի Լանդթագում Հեսսենի խաղաղության մրցանակի արժանացման արարողությանը: «Հեսսենշաուի» (Hessenschau) մեկնաբանը ամփոփ հետեւյալն է նշում՝ «ՀՀ 51-ամյա վարչապետը մրցանակը ստացել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերի համար: ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Սերափ Գյուլերն ընդգծեց հետեւյալը՝ երբ Ադրբեջանը վիճահարույց ԼՂ-ն իր լիակատար վերահսկողության տակ վերցրեց, Փաշինյանը առճակատման փոխարեն դիվանագիտական ուղին ընտրեց: Եւ դա այն դեպքում, երբ բազմաթիվ հայեր կորցրել էին իրենց հայրենի տունը: 51-ամյա նախկին լրագրողը մեծ զիջումներ է արել Ադրբեջանին»:
Հայաստանում բնականաբար ավելի մանրամասն լուսաբանվեց իրադարձությունը, եւ ամեն անգամ շեշտվեց, որ մրցանակը «Հեսսեյան» է: Եթե երկրամասի անունը Հեսսեն է, ինչպե՞ս եւ ինչո՞ւ է մրցանակը կոչվում այդպես թերի ն-ով, թերեւս բացատրություն չստացանք, երբ Բեռլինում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆբ գրառմանը հարց ուղղեցինք: Դեսպանի գրառման առիթը «որոշ վերլուծաբանների դավադիր մտքերը» պարզաբանելու նպատակ ուներ: Խաղաղության մրցանակը տրվեց երեք տարի առաջ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման՝ սեպտեմբերի 19-ի նախորդող օրը, որ դավադրապաշտությունից անդին՝ համընդհանուր հիշողության եւ հարգանքի բացակայության մասին արձանագրություն է, որքան էլ ընկալելի լինի դեսպանի՝ «ի գիտություն տեղեկացնում եմ, որ Խաղաղության մրցանակը տրամադրելու որոշումը հիմնադրամի կողմից կայացվել է այս տարվա գարնանը, իսկ ամսաթիվը պայմանավորված է ՀՀ վարչապետի եւ հյուրընկալող կողմի օրացույցների համադրելիությամբ»:
Գերմանացիները սեփական պատմությունից գիտեն, որ օրը եւ խորհրդանիշը հիշողության մշակույթի մաս են, կարեւոր բաղադրիչ, եւ եթե անզգուշորեն առաջարկում են, ոչ ասելու արտոնությունը մերն է:
Մրցանակաբաշխության արարողության կարեւոր դերակատարը ճառասացն է: Հեսսենի խաղաղության մրցանակը ՀՀ վարչապետին հանձնելու առթիվ գովասանաճառի հեղինակ էր ընտրվել 2025-ից ԳԴՀ ԱԳՆ պետնախարար, 46-ամյա Սերափ Գյուլերը, որի գործառույթն է Գերմանիայի արտաքին քաղաքականության ռազմավարության ձեւավորումը: Հայ հանրությունը ազգությամբ թուրք գերմանացի քաղաքական գործչի մասին մի քիչ ավելին իմացավ այդ օրը, երբ մանավանդ Գյուլերն ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակեց, գրառում արեց: «Այսօր մեծ պատիվ ունեցա գովեստի խոսք ասելու ՀՀ վարչապետի՝ 2026-ի Հեսսենի խաղաղության մրցանակի դափնեկիր Փաշինյանի մասին, որ իսկապես ոգեշնչող անհատականություն է»: Գյուլերը գրել էր նաեւ, որ ՀՀ եւ Ադրբեջանը տասնամյակների հակամարտությունից հետո այժմ ավելի մոտ են խաղաղությանը, Հայաստանն ավելի մոտ է սահմանելու իր ապագան…Անդրադարձել էր «ամենամեծ մարտահրավեր ԼՂ-ի» հանդեպ վարչապետի դիրքորոշմանը: Եւ վերջին պարբերությամբ գրել՝« Իմ գովեստի խոսքում շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանի նախագահ Ալիեւին խաղաղ գործընթացի պատասխանտվությունը ստանձնելու համար: Վարչապետ Փաշինյանը նույնիսկ ասաց, որ նախագահ Ալիեւն արժանի էր հիշյալ մրցանակին նույնքան, որքան ինքը: Պահը հուզիչ է»: Սերափ Գյուլերը x-ի հարթակում չի կարեւորել, չի անդրադարձել Հեսսենի երկրամասի խաղաղության մրցանակի հանձնման արարողությանը: Այնտեղ ճակատ է տալիս Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության մարող վարկանիշը փրկելու համար: Խե՛ղճ Գերմանիա, նույն գետն ես մտնում: ՔԴ կուսակցության պատմության մեջ առաջին անգամ սեպտեմբերի 20-ին Մեքլենբուրգ Առաջավոր Պոմերանիայում կուսակցությունը դուրս մնաց երկրամասային խորհրդարանում ներկայությունից:
Ծայրահեղների՝ աջերի եւ ձախերի հաղթանակը երկրամասային վերջին շաբաթների ընտրություններում տարուբերում է երկիրը, եւ սա նաեւ, մի՛ զարմացեք, Արցախի հանդեպ մեծագույն ոճրին մասնակից դառնալու տիեզերական պատասխանն է: Դեռ նոր է սկսվում:
Սերափ Գյուլերը հրապարակային առիթ ունեցավ երախտիքի խոսք ուղղելու Ալիեւին:
Երբ գերմանական մեդիայում ադրբեջանական խավիարային դիվանագիտության մասին սկսեց գրվել, շատ բան ջրի երես ելավ: Առաջին ակնառու փաստն այն էր, որ Ալիեւի դիրիժորությամբ գործող գերմանա-ադրբեջանական ֆորումին ի թիվս այլ կուսակցությունների, հատկապես անսահման պատրաստակամ էին Քրիստոնյա դեմոկրատները եւ ադրբեջանական նավթի եւ արյան մեջ թաթախված եվրոների դիմաց պարզաջրում էին բռնակալի վարքը: Կաշառառուների մասին «Ազգում» գրել ենք, նաեւ ամփոփ լուսաբանել Լինթների եւ Ֆիշերի դատավարությունը: Եթե նախկինում գաստարբայթեր թուրքերը իրենց գաղափարական հենարանը գտնում էին սոցիալ դեմոկրատական կուսակցության շարքերում, ապա վերջին տասնամյակում քրիստոնյա եւ դեմոկրատ բառերը մագնիսի նման ձգում են հենց թուրքերին, եւ նրանք առանց դավանափոխ լինելու անդամակցում են այս կուսակցությանը: 2022 թվականին Haypress-ի հարցմանը 2021-ին Քյոլնից ընտրված Բունդեսթագի Քրիստոնյա դեմոկրատական(CDU) կուսակցության պատգամավոր Սերափ Գյուլերը չպատասխանեց, թե ինչ ազդեցություն ունի իր վրա փեսան՝ Բահաթթին Կայան, որի հետ չի խուսափում երեւալ հանրությանն ի տես նաեւ գերմանական քաղաքական վերնախավի ընկերակցությամբ: 2016 թվականին դիկտատոր Ալիեւը «ծառայությունների» համար պարգեւատրել էր Կայային, ինչպես ծանուցում էր Ադրբեջանի կառավարության կայքում իրենց սփյուռքի բաժինը: 2014-ին թուրք-ադրբեջանական միությունը Գերմանիայում ակտիվ աշխատանք էր տանում «կանխելու հայերի սադրանքը»՝ 2015-ին Հայոց ցեղասպանության 100 -ամյակի միջոցառումները, եւ Կայան նիստի մասնակիցներից էր:
Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի եւ դրանից բխող պահանջների՝ դպրոցներում թեման ուսումնասիրելու, թուրք հասարակությանը սեփական պատմության անփառունակ էջերին առերեսվելու, դրա հիմքի վրա հայերի հետ հաշտություն կառուցելու, Քյոլնի «Այս ցավը բոլորինս է» փորագրությամբ՝ Հայոց ցեղասպանության հուշարձանին սատարելու վերաբերյալ Գյուլերին հարց էր ուղղվել: Լռում էր, ջնջում սոցցանցերում իրեն ուղղված փաստերը: Ի՞նչ կարծիք ունի իր կուսակցության ադրբեջանամերձ լոբբիստական, կոռուպցիոն գործարքների, գերմանա ադրբեջանական ֆորումի մասին, որի վարչության անդամ է փեսան՝ Բահաթթին Կայան: Լռել է միշտ: Ընտրել էր խոսելու, երախտիքն արտահայտելու օրը՝ սեպտեմբերի 18-ին, Վիսբադենում:
Պարզ է, որ ոճրագործ Ալիեւի մեծ՝ թուրք- ադրբեջանական ընտանիքը սատարում է նրան Գերմանիայում, բայց գերմանացիները զգույշ են ԼՂ-ի մասին ոչ ծավալուն գրառման մեջ էլ ապահովագրում են իրենց՝ «վիճահարույց» բնորոշմամբ, ուստի նրանց համար էլ աչքառու է հոգեբանական այն ախտանշանը, որով զոհն իրեն հավասարեցնում է դահճին: «Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին»: Եթե շատերի համար ընկալելի, ընդունելի է ՀՀ վարչապետի մեծահոգության այս անսահման դրսեւորումը, ապա իրավունքի ուժը կարեւորող հանրության, պետության համար վիճահարույց է դառնում արդարադատությանը, իրավական պետությանը հավատարիմ լինելու ՀՀ խոստումը, որ ամեն օր շեշտվում է՝ հատկապես ԵՄ-ին անդամակցության առիթով: Եւ միջազգային իրավունքը կարեւորող հաստատությունները հնարավոր է սա ընկալեն որպես ագրեսորին եւ ագրեսիան դատապարտելուց բառացի հրաժարում, նկատեն ոճրագործին սատարելու, նրա վայրագությունը ընդունելու (ան)մեղսունակ որոշում:
Սեպտեմբերի 16-ին Հաագայի դատարանը 25 տարվա ազատազրկման դատապարտեց Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Տաչիին՝ նրան մեղավոր ճանաչելով ի թիվս այլնի՝ 96 քաղաքական սպանության, 385 հոգու կամայական կալանքի, 303-ին խոշտանգելու համար:
Հանցագործությունները կատարվել են 1990-ականներին, երբ Կոսովոն անջատվում էր Սերբիայից: Հակամարտությունը աշխարհի համար լուծվել, ավարտվել է, բայց գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի լրագրողները կիրակի օրը՝ սեպտեմբերի 20-ի «Եւրոպական հանդես»ի եթերում պատմում էին, որ այն դեռ ավարտ չի գտել մարդկանց մտքում եւ հոգիներում:
Իլհամ Ալիեւը մի օր կանգնելու է դատարանի առջեւ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարը՝ Սերափ Գյուլերի ֆբ էջից