«Օրերը գեղեցիկ չեն», բայց… – Ազգ

Անդրադարձ

Շուրջ 100 տարի առաջ, նախորդ դարի 30-ականներին, մեր ամենազգայուն գրողներից Վազգեն Շուշանյանը, առավելաբար հայտնի «Սիրոյ եւ արկածի տղաքը» իր գրքով, որը շատ երիտասարդների «բարձի գիրքն» է եղել, Փարիզում հրապարակ էր հանում ազգային-քաղաքական խորքով վերոհիշյալ հատորը՝ «Օրերը գեղեցիկ չեն»:

Շատ մեղմ էր ասված: Օրերը ի՞նչպես կարող էին գեղեցիկ լինել, երբ Եվրոպայում ֆաշիզմի ու նացիզմի ուրվականն էր շրջում, մինչ Մ. Նահանգներն ապրում էր իր տնտեսական ամենադժվարին՝ depression-ի տարիները, իսկ տարատունկ հայությունը ամբողջովին զրկված իր բնօրրանից ու գրեթե ամբողջությամբ կտրված Հայաստանից, փորձում էր որպես ազգային հավաքականություն վերապրել: Անորոշ, տագնապալի օրեր, որոնք, բնականաբար, չէին կարող գեղեցիկ լինել:

Օրերը գեղեցիկ չեն նաեւ այսօր, մեր երկրում, միապետական, խուժանապետական, բռնապետական դարձած Հայաստանում, որտեղ ազգային, համամարդկային արժեքները մամոնայի դիմաց ոչնչության են վերածվում, մարդկային կյանքն ու արժանապատվությունը՝ կտտանքի գործիք, նվաստացման առարկա: Երկիր՝ ուր նախարարներ, դատավորներ, այն էլ հաճախ իգական սեռի, իրենց ստրուկների եւ ստրկուհիների աջակցությամբ, հանդես են գալիս եղերամայրերի դերում, թե, օրինակ, տեսնո՞ւմ եք, որ այլեւս ոչ ոք թերթ կամ գիրք չի կարդում, թե տպագիրը, թղթի վրա տպվածը, լուր լինի այն, հոդված թե գրականություն, ժամանցված սովորություն է ընդամենը, պետք է գնալ դեպի Եվրոպա, Արեւմուտք, դեպի տոտալիտարիզմ: Ասում են նրանք, գլխավորությամբ իրենց նախարարուհու, որը մի քանի ամիս առաջ քաղաքացիներին խորհուրդ էր տալիս իրենց ծանուցումները պարտադիր կարգով «Ազդարար» պետական էջին տալ, որպեսզի վավերական եւ ընդունելի լինեն, դրանով զրկելով տպագիր մամուլը ծանուցումներից խեղճուկ եկամուտներ ստանալուց:

Ու պատկերացնել, որ այս աղջկերքը, մեկ օրից մյուսը դարձել են տպագիր մամուլին եւ ընդհանրապես տպագիր մամուլի լրագրողներին ու թերթերին վերեւից նայողներ, տգետների մի հավաքածու, որը հենց «Ազդարար» ֆոնդի՛ միջոցներով են զվարճալի վուայաժներ  ունենում եվրոպական տարբեր երկրներում, հավանաբար նաեւ Լոնդոնում, որտեղ պետք էր տեսած լինեին,- եթե երբեւիցե հետաքրքրված են եղել իրենց չսիրած ու չկարդացած մամուլի վիճակով,- անգլիական մամուլի վաճառքի աշխուժությունը մամուլի կրպակների առաջ: Եթե հետաքրքրված լինեին, ապա հարց տված պիտի լինեին, թե ինչո՞ւ են բրիտանական իշխանությունները ինչ-որ կերպ նպաստում, օգնում, որ տպագիր մամուլը գոյատեւի, դիմանա էլեկտրոնային, համացանցային լրատվամիջոցների հուժկու հարձակմանը, որից խուսափելն անկարելի է, անիմաստ, անհեթեթ, անհեռանկար, քանզի գալիս է, արդեն եկել է, AID-ի, Արհեստական բանականության ժամանակը, երբ ռոբոտները փոխարինում են ինֆորմացիայի բոլոր միջոցներին, բայց, սակայն, սեփական ուղեղը աշխատեցնելու առումով չեն կարողանալու փոխարինել տպագիր մամուլին, քանզի ընթերցելը միաժամանակ մտածելու միջոց է, իսկ հայտնի բան է, որ ժողովրդավարական երկրները պետք ունեն մտածո՛ղ հասարակության:

Վերադառնամ իմ բուն ասելիքին: Վերջերս մեր ոչ գեղեցիկ առօրյայում տեղի է ունեցել հազվադեպ պատահող մի երեւույթ, որը, իմ կարծիքով, գեղեցիկ օրերից մեկը դարձավ մեր երկրում տիրող տգեղությունների ֆոնին: Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ու նրա գլխավորած վարչության,- բոլորն էլ՝ լրագրողներ,- այս տարվա մրցանակը շնորհել են մեր անխոնջ խմբագիր Արամ Աբրահամյանին, դարձյալ մամուլի գործիչ եւ լրագրող՝ այժմ հանգուցյալ Արմեն Դուլյանի անվան մրցանակը, որն ստեղծվել է ու հովանավորվում է նրա տիկնոջ՝ դարձյալ լրագրող Ռուզաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ:
Ստացվում է, որ միայն լրագրողներն են գնահատում, երախտագիտություն  հայտնում իրենց գործընկերոջը, արդեն 30 տարուց ի վեր «Առավոտ» օրաթերթը խմբագրող, փայփայող, այնտեղ աշխատող եւ աշխատած լրագրողների ուսուցիչ Արամ Աբրահամյանին: Ինքնակարգավորման յուրատեսակ մի օրինակ, որը պետական, ակադեմիական, նույնիսկ հասարակական ներկա՝ անգեղեցիկ օրերում, թոհուբոհի, արժեզրկումների ներկա ժամանակներում հնչում է որպես սփոփանք եւ հույս, որ ամեն բան դեռ կորած չէ:

Չեմ ուզում գովասանական հավուր պատշաճի խոսքեր ասել իմ վաղեմի գործընկերոջ մասին, որը, կրկնում եմ, 30 տարի անընդհատ ապրել է տպագիր մամուլ, օրաթերթ ղեկավարելու, ֆինանսավորելու, երբեմն հալածվելու, անգամ դաժան ծեծի ենթարկվելու պայմաններում, միշտ պահելով հանրային պատասխանատու գործչի, հասարակական հավասարակշիռ կեցվածքի ոգեշնչողը լինելու իր առաքելությունը:

Հիշեցնեմ, որ Ա. Աբրահամյանը բազմաշնորհ մարդ է, հեռուստատեսությամբ նույնպես աչքառու դեմք: Երաժշտասերների, դասական երաժշտության երկրպագուների համար այժմ դեռեւս Հանրային հեռուստաընկերության եթերում նրա հաղորդումները, բացի մասնագիտական հմտության (նա ավարտել է մեր կոնսերվատորիան), նա իր հետեւորդներին հրապուրում էր նաեւ արտաքին կերպարով՝ սմոկին զգեստ՝ անխուսափելի «թիթեռնիկ» փողկապով, հստակ, մաքուր առոգանությամբ, ժամանակակից հեռուստադիտողին դեպի անցյալի մեծ երաժիշտներին մտերիմ դարձնելու ջերմությամբ:

Ներկա օրերը իսկապես գեղեցիկ չեն եւ, խոստովանեմ, տեղ ու կարիք էլ չկա գեղեցկության: Ռաբիսը խեղդում է մեզ, մեր ժողովրդին բոլո՛ր ասպարեզներում. քաղաքական, տնտեսա-գովազդային, կրթական, քաղաքակրթական եւ այլ: Դարը համբակներինն է, գովազդվում է տգիտությունը, մարդկանց ուղեղի գործունեությունը անդամալուծելու ձգտումը: Պետակա՛նորեն, ազգայնորեն: «Այսօր ո՞վ է թերթ կարդում», չարախոսում են կրթության, մշակույթի, արվեստի, հասարակական գիտակցության (commen sense) պատասխանատու պետական չինովնիկները, չինովնիկուհիները:

Ուշացած, բայց սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջը, եւ ի հեճուկս տպագիր մամուլի բոլոր հակառակորդների՝ կոչ ենք անում դեռեւս ընթերցանությունը սիրող մարդկանց.

Ամեն առավոտ կարդացեք «Առավոտ»:

Շնորհավորում ենք, միաժամանակ շնորհակալություն հայտնում մրցանակատվչությունը նախաձեռնողներին եւ իրականացնողներին:

Այո, օրերը գեղեցիկ չեն, բայց գեղեցիկ բաներ պատահում են դեռ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Leave a Comment