2016 թվականից ի վեր Մոնիկա Առաքելյանի մեղմ ու վստահ ձայնը ուղեկցում է «Air France»-ի այն ուղեւորներին, ովքեր մեկնում են Երեւան ու Երեւանից Փարիզ: Այս ծանոթ ձայնի ետեւում թաքնված է բացառիկ ճանապարհ՝ Երեւանի պետական համալսարանի պատմաբան- միջազգայնագետի դիպլոմ, լրագրություն, բանավոր թարգմանություն եւ իրավական մասնագիտացում, մարդասիրական նվիրվածությունից մինչեւ մշակութային միջնորդություն:
Սա մի կնոջ դիմանկար է, որը միավորում է երկու աշխարհ, երկու լեզու եւ երկու հայրենիք:
Նա, ում ձայնը հանդիսանում է կամուրջ իր ինքնությունների միջեւ՝ եռալեզու (հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն) բանավոր թարգմանիչ, վավերացված գրավոր թարգմանիչ, միջմշակութային միջնորդ եւ հասարակական գործիչ: Արդեն ավելի քան քսան տարի նա կապ է ստեղծում այնտեղ, որտեղ լեզվական ու մշակութային պատնեշներ են կանգնած:
Լրագրությունից մինչեւ բանավոր թարգմանություն
Ամեն ինչ սկսվում է Երեւանից: Ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան, Երեւանի պետական համալսարանում մասնագիտանալով միջազգային իրավունք եւ միջազգային լրագրություն ուղղությամբ, Մոնիկա Առաքելյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությունում վարում է ՊՆ «Զինուժ» հաղորդաշարը ( ի դեպ «ԶԻՆՈՒԺ»-ի առաջին կին հաղորդավարն է): Այստեղ նա ձեւավորում է իր խստապահանջությունը, վերլուծական միտքը եւ հրապարակային խոսքի վարպետությունը:

2005 թվականին տեղափոխվելով Ֆրանսիա, մի քանի տարի AYP FM ռադիոկայանում իր երկու հաղորդաշարով ՝«Սփյուռք»- ներկայացնում է հայկական սփյուռքի պատմությանը, եւ «Courriers Intimes»- հայտնի անձանց նամակները:
Այնուհետեւ, Մոնիկա Առաքելյանն աշխատում է Փարիզի Շառլ Դը Գոլի օդանավակայանում որպես սահմանային ու մաքսային ոստիկանության թարգմանիչ:
Սովորելով Փարիզի Դիդերո համալսարանում (Universite՛ Paris Diderot) Մոնիկա Առաքելյանը ստանում է միջմշակութային միջնորդ-թարգմանչի համալսարանական դիպլոմ, այնուհետեւ իրավական թարգմանության մասնագիտացում՝ Սորբոնի համալսարանում:
Այսօր նա աշխատում է ամենապահանջված միջավայրերում՝ հիվանդանոցներում, դատարաններում, ապաստան հայցողների կենտրոններում, որտեղ յուրաքանչյուր բառ ունի իր կշիռը:
«Իմ աշխատանքն է հնարավորություն տալ, որ երկու օտարալեզու մարդիկ կարողանան միմյանց հասկանալ: Ես թարգմանում եմ նաեւ նրանց լռությունը, ցավերը: Ամեն բառի հետեւում մի կյանք կա»,- ասում է Մոնիկան, երբ նման նյութի շուրջ խոսելու առիթ է լինում:
Նա բազմիցս ուղեկցել է հայկական կառավարական պատվիրակություններին, մասնավորապես, Տավուշի մարզի հետ ապակենտրոնացված համագործակցության ծրագրի շրջանակում, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի հետ՝ ապահովելով բանավոր թարգմանության բարձր մակարդակ պաշտոնական հանդիպումների եւ համաժողովների ընթացքում՝ մասնավորապես Օ-դը-Սեն (Hauts-de-Seine) դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի, դեպարտամենտի խորհրդի անդամների, ինչպես նաեւ Տավուշի նահանգապետի եւ նրա տեղակալների հետ հանդիպումների ժամանակ:
Ձայնալարի կաթվածը մի օր սպառնաց նրա մասնագիտական գլխավոր գործիքին՝ ձայնին : Խստապահանջ բուժման եւ անսասան կամքի շնորհիվ՝ երբեք չհանձնվելով՝ աստիճանաբար վերականգնվում է Մոնիկայի ձայնը:

Նվիրվածություն՝ բառերից անդին
Մոնիկա Առաքելյանը երբեք չի առանձնացնում իր մասնագիտությունը համոզմունքներից:
Նա Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի (Հյուսիսային շրջան) քարտուղարն է, նախկինում՝ «Սատար Արցախին» ասոցիացիայի քարտուղարը, Ֆրանսիայի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ակտիվ անդամ, 2005 թվականից Միջազգային լրագրողների ֆեդերացիայի անդամ:
2018 թվականին, Հայաստան իր այցի ընթացքում, Մոնիկա Առաքելյանն առաջարկեց Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդման պրոդյուսերին պատրաստել հատուկ հաղորդում՝ նվիրված ֆրանսահայ երգչուհի Լիզ Սարյանին: Առաջարկը սիրով ընդունվեց եւ երկուստեք ջանքերով, Մոնիկա Առաքելյանի մասնակցությամբ, փայլուն հաղորդում ստացվեց: Նրա ցանկությունն էր, որ Հայաստանի նոր սերունդը ճանաչի Փարիզի նշանավոր տարբեր դահլիճներում Ֆրանսիայի հանրաճանաչ երգիչների երգերի կատարման ցանկում «Հայաստան», «Զարթիր Լաո», «Գետաշեն» երգող սփյուռքահայ երգչուհուն, որը դեռեւս 1984 թվականին, 15 օր անընդմեջ, լեփ-լեցուն դահլիճով հանդես էր եկել Երեւանի Մարզահամերգային համալիրում:
Կյանքը՝ որպես կամուրջ երկու մշակույթների միջեւ
«Արցախ փորձություն, Շեխեր՝ իմ ցավ» այս վերնագիրն է կրում ֆրանսահայ բարերար Շառլ-Կարպիս Նիկողոսյանի գիրքը, որը Արցախի, Մարտունու շրջանի Շեխեր գյուղում դպրոց է կառուցել: 2023 թվականին Մոնիկա Առաքելյանը գիրքը թարգմանեց, որպեսզի արցախցիները ու մանավանդ Շեխեր գյուղի բնակիչները կարողանան կարդալ եւ զգալ մեծ հայրենասերի ցավը: ARTE et MEZZO ալիքների համար, սիրով թարգմանեց նաեւ «Արամ Խաչատրյան 120» վավերագրական ֆիլմի ենթագրերը:
«Սփյուռքահայ կին լինել՝ նշանակում է կրել երկու մշակույթ ու դրանց միջեւ փոխհասկացության եզրեր գտնել»,- ասում է նա:
Մոնիկա Առաքելյանը իր մեջ մարմնավորում է ակտիվ, կրթված ու նվիրված սփյուռքը: Եվ երբ նրա ձայնը հնչում է «Air France»-ի ինքնաթիռներում, այն լուռ հիշեցնում է, որ յուրաքանչյուր թռիչք՝ Փարիզ – Երեւան, Երեւան – Փարիզ, ոչ միայն ճանապարհորդություն է, նաեւ՝ երկխոսություն հիշողության, ինքնության ու ապագայի միջեւ:
Nouvelle d Armenie ( armenews.com 08.10. 2025)
Նուվել Դ Արմենի
Թարգմանությունը ֆրանսերենից՝ «ԱԶԳ» –ի
16.09.2026թ.