Ջուսթին Ռապաչոլի. Վենետիկի, հայ երաժշտության եւ կատարման ավանդույթի մասին

ԵՐԵՎԱՆ-ՎԵՆԵՏԻԿ – Խմբավար եւ երգահան Ջուսթին Ռապաչոլիի հետ ծանոթացա անցյալ օգոտոսին, Վենետիկում, քաղաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տրված պատարագից հետո: Ջուսթինը ծնվել եւ մեծացել է Մեծ Բրիտանիայում, ուսանել Ռոյալ Հոլոուեյում (Լոնդոնի համալսարան), Պիզայի համալսարանում, Վենետիկի կոնսերվատորիայում, Պեսկարայի երաժշտական ակադեմիայում եւ Վիչենցայի Եվրոպական ակադեմիայում՝ մասնագիտանալով ջութակի, դաշնամուրի, երգչախմբային եւ նվագախմբային խմբավարության մեջ:

Արդի երաժշտության բնագավառում աշխույժ գործունեություն ծավալող Ջուսթինը խմբավարությամբ հանդես է եկել Վենետիկի «Բիենալե Մուզիկա» եւ «Բիենալե Արտե» փառատոներին: Որպես խմբավարության մասնագետ պարբերաբար հրավիրվում է միջազգային աշխատաժողովների եւ սեմինարների: Որպես կոմպոզիտոր՝ հիմնականում ստեղծագործում է երգչախմբի համար, նրա խմբերգերը կատարվել են Իտալիայում, Անգլիայում եւ Ֆրանսիայում: 2019 թվականին «Թալիս Սքոլըրզ» երգչախումբը  երկձայն երգչախմբի համար գրված նրա «Quae est ista» մոտետը կատարել է Հռոմում, Ֆլորենցիայում եւ Ջենովայում: 2023-ին նրա «Da Pacem Domine» ստեղծագործությունը, գրված հինգ բարոկկո տրոմբոնի եւ երգչախմբային դրոնի համար, առաջին անգամ կատարվել է Վերսալի պալատի Թագավորական մատուռում:

Նա «Էդես անսամբլը» վոկալ խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է, Կոմիտասի մեդալի դափնեկիր է եւ Իտալիայի այն սակավաթիվ վոկալ համույթներից մեկի ղեկավարը, որն ակտիվորեն ընդգրկում է հայկական երաժշտությունն իր ծրագրերում:

Ջուսթին Ռապաչոլին Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի երգչախմբի՝ Կապելլա Մարչիանայի փոխխմբավարն է: Նրա գործունեության մասին հարցազրույցներ հեռարձակվել են նաեւ BBC Radio 3-ով:

–Հարգելի՛ Ջուսթին, դուք միաժամանակ զբաղվում եք խմբավարությամբ եւ կոմպոզիտորությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երգչախմբային երաժշտությանը: Ինչպե՞ս են ձեր երաժշտական կյանքի այս երկու կողմերն ազդում միմյանց վրա: Եվ խմբավարի ձեր փորձը փոխո՞ւմ է ձայների համար ձեր գրելու կերպը:

-Այս երկու ասպեկտներն, անշուշտ, փոխկապակցված են, թեեւ կոմպոզիտորական գործունեության վրա հիմնականում ազդում է խմբավարությունը: Խմբավարի աշխատանքը բնականաբար ենթադրում է խորասուզվել այն երաժշտության մեջ, որը պետք է կատարես, իսկ սկզբնական փուլում դա նշանակում է պարտիտուրի մանրակրկիտ ուսումնասիրություն: Դա հնարավորություն է տալիս պատկերացում կազմել կոմպոզիտորի ստեղծագործական գործընթացի եւ ոճի առանձնահատկությունների մասին: Այնուհետեւ խմբավարության բուն ֆիզիկական գործընթացը ցույց է տալիս, թե ինչպես են երգիչներն արձագանքում այն ամենին, ինչը կարդում են էջի վրա՝ որտեղ են հեշտ մասերը կամ դժվարությունները՝ հնչերանգի, շնչառության, տեմբրի, երաժշտական դարձվածքի գիծը պահպանելու եւ այլ առումներով: Այս ամենը կարեւոր է դառնում, երբ գրում եմ իմ սեփական ստեղծագործությունները: Ինձ ոգեշնչում է այլ կոմպոզիտորների ստեղծագործական լեզուն, բայց միեւնույն ժամանակ ես շատ ուշադիր եմ, թե ինչն է առավել հարմար ձայնին եւ ինչն է գործնականում հնարավոր:

–Դուք առաջին կինն եք, որը ստանձնել է Վենետիկի պատմական Կապելլա Մարչիանայի փոխխմբավարի պաշտոնը երգչախմբի 700-ամյա պատմության ընթացքում: Այսպիսով, դուք աշխատում եք Եվրոպայի ամենանշանավոր երաժշտական ավանդույթներից մեկի շրջանակում՝ միաժամանակ խորապես ներգրավված լինելով ժամանակակից երաժշտության մեջ: Ինչպե՞ս եք համատեղում այս երկու աշխարհները՝ մեծ պատմական ժառանգության պահպանումն ու նոր երաժշտական լեզուների որոնումը:

-Երբ նշանակվեցի փոխխմբավար, առաջին մտքերիցս մեկն այս էր՝ շատ լավ է, որ ես այդ պաշտոնը ստանձնած առաջին կինն եմ, բայց չէի ցանկանա լինել այն առաջին փոխխմբավարը, որը երբեք որեւէ բան չի գրել երգչախմբի համար: Երգչախմբի երգացանկում իմ ներդրումն ունենալու գաղափարը միաժամանակ թե՛ վախեցնող, թե՛ մարտահրավերային էր՝ հաշվի առնելով, որ դրանում ներառված են Ադրիան Վիլարի, Անդրեա եւ Ջովանի Գաբրիելիների, Կլաուդիո Մոնտեվերդիի եւ բազմաթիվ այլ նշանավոր հեղինակների ստեղծագործություններ: Բացի այդ, պետք էր հաշվի առնել նաեւ որոշ գործնական հանգամանքներ: Երգչախումբը յուրաքանչյուր կիրակի պետք է կատարի նոր ստեղծագործություններ, ուստի յուրաքանչյուր նոր ստեղծագործություն չպետք է տեխնիկապես այնքան բարդ լինի, որ պահանջի երկարատեւ փորձեր, քանի որ դրա ժամանակը պարզապես չկա: Ավելին, երաժշտությունն ունի պատարագային եւ հոգեւոր նպատակ: Այն, այսպես ասած, դեպի աստվածայինը տանող միջոց է եւ պետք է օգնի, ոչ թե խոչընդոտի այդ ճանապարհին: Երբ առաջին անգամ սկսեցի գրել երգչախմբի համար, ինքնին նոր երաժշտական լեզու գտնելու նպատակ չէի հետապնդում: Ես պարզապես իմ անձնական արձագանքի միջոցով արտահայտում էի իմ զգացողություններն այդ բացառիկ ակուստիկ տարածության՝ բազիլիկի, եւ այնտեղ աշխատելու ընթացքում իմ մեջ կուտակված ամեն ինչի հանդեպ: Իմ նպատակը միշտ եղել է ստեղծել մի բան, որը իմաստալից կլինի թե՛ երաժշտության վերածվող տեքստի, թե՛ ունկնդրի համար: Իմ երաժշտական լեզուն նոր չէ: Այն պարզապես անձնական է:

–Դուք «Էդես անսամբլի» հիմնադիրն ու խմբավարն եք: Ինչո՞ւ Էդես՝ Եդեսիա: Այն կապ ունի՞ ձեր հայ նախնիների հետ:

-Մորս կողմից տատիկս եւ պապիկս հայեր էին, եւ «Էդեսի» կապը գալիս է պապիկիս ընտանիքից: Նա ծնվել է Երուսաղեմի հայկական թաղամասում, որտեղ նրա ընտանիքի բազմաթիվ սերունդներ են ապրել, սակայն ենթադրվում է, որ նրա նախնիները սերել են հնագույն Եդեսիա քաղաքից: Պապիկիս մի հորեղբայրը՝ Սահակ Գասպարյանը, 19-րդ դարի վերջին կրթաթոշակ է ստացել Փարիզի կոնսերվատորիայում դաշնամուր սովորելու համար: Ցավոք, կապն այդ ազգականի հետ հետագայում ամբողջությամբ կորել է, սակայն պապիկիս պատմել են, որ նա հաջողակ երաժիշտ է դարձել՝ հանդես գալով Գասպար Էդես անունով (Էդեսը Եդեսիայի ֆրանսերեն անվանումն է): Երբ հիմնեցի իմ համույթը եւ անուն էի փնտրում, որոշեցի անվանել «Էդես»՝ ի նշան թե՛ իմ հայ ծագման, թե՛ պապիկիս երաժիշտ հորեղբոր հիշատակի:

–Կարո՞ղ է մի օր Կապելլա Մարչիանան եւս կատարի հայ հոգեւոր երաժշտություն:

-Արդեն կատարել է: Եվ դա մեծապես կապված է Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության ներկայության հետ: Դեռ 1977 թվականի հոկտեմբերին Մխիթար Սեբաստացու ծննդյան 300-ամյակի առթիվ միաբանության կազմակերպած միջոցառումների շրջանակում Կապելլա Մարչիանան Դոժերի պալատում կատարել է Կոմիտասի, Եկմալյանի, Մխիթար Սեբաստացու ու Կանաչյանի հոգեւոր եւ աշխարհիկ ստեղծագործությունների ծրագիր: Այդ ժամանակ երգչախումբը ղեկավարում էր Դոն Ալֆրեդո Բրավին, որն անձամբ քառաձայն մշակել է Մխիթարի՝ Սուրբ Անտոնիոսին նվիրված օրհներգը: Ավելի ուշ՝ 2011 թվականի դեկտեմբերին, Սուրբ Մարկոսի տաճարում երգչախումբը կատարել է հայ հոգեւոր երաժշտության ծրագիր: Համերգը կազմակերպվել էր որպես Վենետիկում առաջին հայերեն գրքի տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումների մաս: Ես պատիվ ունեցա ղեկավարելու այդ կատարումը: Ավելացնեմ, որ երգչախումբը կիրակնօրյա պատարագի ընթացքում կատարել է նաեւ իմ երկու ստեղծագործությունները՝ հայ միջնադարյան տեքստերի հիման վրա՝ առաջին հայ բանաստեղծուհի Սահակդուխտ Սյունեցու «Սրբուհի Մարիամ սափոր ոսկի» օրհներգի մշակումը չորս ձայնի համար եւ Առաքել Սյունեցու խորհրդապաշտական «Առ ճշմարիտ բաղձալին Քրիստոս» բանաստեղծության մշակումն ութ ձայնի եւ թավջութակի համար: Չգիտեմ, կարելի՞ է դրանք հայ երաժշտություն համարել, սակայն ինձ համար կարեւոր էր, ի նշան իմ հայկական ժառանգության, Սուրբ Մարկոսի տաճար բերել հայերեն խոսքը՝ իմ անձնական ձեւով:

–Հրաշալի է: Ուրի՞շ ինչ կապեր ունեք հայ երաժշտության ու երաժիշտների հետ:

-Երբ հիմնեցի «Էդես անսամբլը», իմ «առաքելություններից» մեկը հայ երաժշտություն կատարելն էր, որին մինչ այդ քիչ էի ծանոթ: Տարիների ընթացքում մենք կատարել ենք հայ կոմպոզիտորների, հատկապես Կոմիտասի բազմաթիվ ստեղծագործություններ, եւ դա անձամբ ինձ համար շատ նշանակալի ու հարստացնող փորձառություն է եղել: Սուրբ Ղազարի Մխիթարյան հայրերի շնորհիվ ես կարողացել եմ շատ հեշտությամբ ձեռք բերել հայ երաժշտության պարտիտուրներ: Սա Վենետիկում ապրելու առավելություններից է: 2012-ին հայերեն առաջին գրքի տպագրության 500-ամյակի կապակցությամբ, որի մասին արդեն նշեցի, «Էդեսը» հանդես եկավ մի թատերական ներկայացմամբ, որտեղ համադրված էին հայկական երաժշտությունը եւ պոեզիան: Բեմադրիչն իտալացի հայտնի օպերային ռեժիսոր Մարկո Բելուսին էր: Ներկայացումն անվանեցինք  Mia Nairi luminosa  (Իմ պայծառ Նաիրի), որը Վահան Տերյանի «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունից է: Ի գնահատանք ներկայացման եւ հայ մշակույթը քարոզելու մեր կատարած աշխատանքի՝ պատիվ ունեցանք Հայաստանի Սփյուռքի այն ժամանակվա նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգեւատրվելու Կոմիտասի անվան մեդալով:

Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու եւ աշխատելու մի քանի հայ երաժիշտների հետ, որոնցից հատկապես պետք է նշեմ Գեւորգ Դաբաղյանին, որը 2017 թվականին ելույթ ունեցավ «Էդես անսամբլի» հետ: Բացի այդ, բացառիկ պատիվ ունեցա վիրտուալ կերպով ղեկավարելու Հայաստանի «Հովեր» կամերային երգչախումբը: Դա տեղի ունեցավ 2019 թվականին, երբ Կապելլա Մարչիանան եւ «Հովերը» մասնակցում էին մի նախագծի, որի շրջանակում Վենետիկն ու Երեւանը կապվեցին LoLa տեխնոլոգիայի(*) միջոցով: Չնայած միմյանցից մոտ 3400 կիլոմետր հեռավորության վրա էինք, երկու երգչախմբերը միասին երգեցին. Սոնա Հովհաննիսյանը ղեկավարում էր Կոմիտասի «Անձրեւն եկավ»-ը, իսկ ես՝ Ջովանի Կրոչեի «Ecce Panis»-ը երկու երգչախմբի համար: Դա իսկապես անսովոր փորձառություն էր:

–Նշեցիք, որ ձեր պապիկը Երուսաղեմից էր: Իսկ որտեղի՞ց էր ձեր հայ տատիկը:

-Տատիկս ծնվել է Թուրքիայի Ալբիստան քաղաքում՝ Հայոց ցեղասպանությունից ընդամենը երկու տարի առաջ: Նրա ընտանիքի անդամների մեծ մասը զոհվել է 1915 թվականին, սակայն ինքն ու մայրը ողջ են մնացել: Հետագայում նրանք հաստատվել են Բրիտանական մանդատի ներքո գտնվող Պաղեստինում, որտեղ էլ պապիկս ու տատիկս ծանոթացել եւ ամուսնացել են: Ի դեպ, պապիկս առաջին (եւ միակ) հայն էր, որը դատավոր է նշանակվել բրիտանական մանդատային իշխանությունների կողմից: Նա աշխատելիս է եղել Տիբերիայում, երբ 1948 թվականին այնտեղ ռազմական գործողություններ են սկսվել, ինչից հետո տատիկիս հետ տեղափոխվել է նախ Հորդանան, ապա՝ Կիպրոս: Ցավոք, 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժման հետեւանքով նրանք կրկին ստիպված են եղել տեղահանվել եւ Անգլիայում կյանքը սկսել զրոյից: Ինձ միշտ հիացրել է նրանց պատմությունը, եւ այժմ գիրք եմ գրում նրանց մասին: Ես խորապես համոզված եմ, որ պետք է պատմել ծայրահեղ դժվարությունների պայմաններում դրսեւորված տոկունության այս պատմությունները…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

* Լսատեսողական նյութերի՝ մի փոքր ուշացումով հեռավար փոխանցման  համակարգ, հատուկ մշակվել է աշխարհագրորեն տարբեր վայրերում գտնվող երաժիշտների համատեղ նվագակցության, առցանց փորձերի եւ վարպետության դասերի կազմակերպման համար:

Leave a Comment