Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարի խոշոր վթարից հետո Երևանում և հարակից մարզերում ջրամատակարարումն իրականացվում է ժամանակացույցի խախտումներով։ Վերականգնման աշխատանքներին զուգահեռ տարբեր բնակավայրերում բնակիչներն ահազանգում են ծորակի ջրի որակի վերաբերյալ։ «Վեոլիա Ջուր»-ը վստահեցնում է, որ որակական խնդիրներ չկան, իսկ վթարավերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը երեկ տեղեկացրել է ջրատարի խոշոր վթարի մասին, որի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրանջատումներ են Երևանի մի շարք վարչական շրջաններում, նաև Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Տեղեկացնում ենք, որ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված որևէ խնդիր տարածքներում չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Վեոլիաթիմը տեղում է և իրականացնում է օպերատիվ վթարավերացման աշխատանքներ»։
Մինչ «Վեոլիա Ջուր»-ը վստահեցնում է, որ ջրի որակի հետ կապված խնդիրներ չկան, սոցիալական ցանցերում սպառողներն այլ մտահոգություններ են հնչեցնում։ Օգտատերերը նշում են, որ ծորակից հոսող ջուրը տհաճ և տարօրինակ համ, նաև պղտոր գույն ունի։ Բազմաթիվ գրառումներից մի քանիսը։
—Կոմիտասում ջուրը երեկվանից պղտոր է
— Ավանում արդեն երկու շաբաթ է առավոտները ժանգաջուր է գալիս։
-Ահավոր է ջրի համը, գույնը, լավ ե՞րբ է վերջապես էս հարցը լուծվելու։
—Ծորակից հոսող ջուրը խնդիր ունի։ Պղտորը դեռ մի կողմ, բա հոտը, ահավոր քիմիական։
«Ռադիոլուրը» զրուցել է նաև քաղաքացիների հետ։ Մամիկոնյանց 29 շենքի բնակիչ Արամ Գևորգյանն ասում է, որ թեև ջրամատակարարումը նորմալ է, բայց ջրի որակն անհանգստացնում է բնակիչներին։
«Շենքի առաջին մուտքում ջուրը պղտոր է ու վատ հոտ ունի։ Ճիշտ է, մեր տանն այս պահին նորմալ է, բայց հարևանների մոտ շատ վատ վիճակ է․ ստիպված խանութից ջուր են գնում, որ խմեն»։
«Ռադիոլուրի» հետ զրույցում Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներից մեկն էլ ասում է, որ արդեն տևական ժամանակ հրաժարվել է ծորակի ջրից։ Նրա խոսքով՝ ջրի տարօրինակ համն ու հոտը վաղուց է նկատել, և առողջական հնարավոր խնդիրներից խուսափելու համար նախընտրել է ջուրը ոչ թե ծորակից խմել, այլ գնել։
«Նկատում եմ սպիտակ նստվածք, իսկ եթե, ասենք, 3 օր սպասքի չորանոցը չեմ լվանում, դրա վրա (երբ ամանները չորանում են) առաջանում է ժելեանման, լպրծուն, վարդագույն գոյացություն։ Չեմ կարողանում բացատրել, թե դա ինչ է»։
Ի պատասխան այս բոլոր մտահգոգությունների՝ «Վեոլիա Ջուր»–ը պարզաբանում է, որ Արզական–Քանաքեռ–Զովունի ջրատարում վթարի հայտնաբերումից անմիջապես հետո ջրատարից սնվող տարածքներում ջրամատակարարումը դադարեցվել է։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ժամանակավոր պղտորություն։ «Վեոլիա Ջուր»–ն ընդգծում է, որ այս պահն առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը։ «Ամբողջ գիշեր ընկերության մասնագետները լուսարձակների ներքո աշխատել են 6 մետր խորությամբ վթարի վայրում»,-կարդում ենք ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Թեպետ այս պահին ընկերությունը տեխնիկական և ինժեներական հնարավոր բոլոր լուծումներով փորձում է բնակավայրերում ջրամատակարարում ապահովել այլ տարածքներից, սակայն հաշվի առնելով վթարի բարդությունն ու ջրատարի տեխնիկական վիճակը՝ որոշ բնակավայրերում ջրամատակարարման խնդիրները, ցավոք, հնարավոր չէ բացառել։ Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված բարդ իրավիճակին և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»։
Մինչ «Վեոլիա Ջուր»-ը փորձում է լուծել խնդիրը և տեղեկացնում, որ ջրամատակարարման բնականոն ռեժիմը կվերականգնվի աշխատանքների ավարտից հետո, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը բնակիչներին հորդորում է ուշադիր լինել ծորակի ջրի համի, հոտի և գույնի նկատմամբ։
«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր»,-զգուշացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։