Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ, ստանում է նման տնտեսական արտոնություն. ԱԳՄԱ նախարարություն

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության է արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, ԵՄ խորհուրդը տվել էր իր համաձայնությունը նախագծին՝ առանց փոփոխությունների։ Այնուհետև՝ սեպտեմբերի 15-ին, լիագումար նիստում, իր հերթին փաստաթղթին հավանություն էր տվել Եվրոպական խորհրդարանը։ Երեկ՝ սեպտեմբերի 23-ին նախագիծն ընդունվել էր նաև ԵՄ խորհրդի` անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում:

Հայաստանի արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ հիշյալ կարգավորման ընդունմամբ Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն, ինչը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ԵՄ գործընկերության աննախադեպ բարձր մակարդակի մասին և համահունչ է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հռչակագրի ոգուն և գործընկերության ռազմավարական օրակարգին:

Leave a Comment