ԱՄՆ-ը և Չինաստանը կերկարաձգեն «առևտրային հրադադարը»

Միացյալ Նահանգները և Չինաստանը պայմանավորվել են երկարաձգել իբրև «Պուսանի համաձայնություն» հայտնի երկկողմ «առևտրային հրադադարը» մինչև 2027 թվականի հունվարի 10-ը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News-ին տված հարցազրույցում:

«Այսօր մենք պայմանավորվեցինք երկարաձգել երկու երկրների միջև այսպես կոչված «Պուսանի համաձայնությունը», որի գործողության ժամկետը պետք է ավարտվեր նոյեմբերի 10-ին, մինչև հունվարի 10-ը՝ մեզ տնտեսական ոլորտում մեր հնարավորությունները գնահատելու ավելի շատ ժամանակ տալու համար», – ասել է Բեսենթը:

Սա տեղի է ունենում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ԱՄՆ պետական այցի ֆոնին: Չինաստանի նախագահը ժամանել է երեկ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմավորել օդանավից իջնող Սի Ծինփինին Էնդրյուս ռազմաբազայում, ինչը նահանջ էր արդեն 60 տարուց ավելի գործող դիվանագիտական պրակտիկայից: Նախագահների հիմնական բանակցությունները ծրագրված են այսօր Վաշինգտոնում: Սա Սի Ծինփինի առաջին պետական այցն է Վաշինգտոն 11 տարվա ընթացքում: Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահն էր այցելել Չինաստան:

«Պուսանի համաձայնությունը» երկու պետությունների ղեկավարների միջև ձեռք է բերվել հարավկորեական Պուսան քաղաքում անցած տարվա հոկտեմբերի 30-ին: Կողմերը պայմանավորվել են մեղմացնել առևտրային դիմակայության ընթացքում մտցված սահմանափակումները: ԱՄՆ-ը չինական ապրանքների մաքսատուրքը 57 տոկոսից իջեցրել է 47 տոկոսի, իսկ Չինաստանը համաձայնել է սահմանափակումներ մտցնել հազվագյուտ նյութերի արտահանման նկատմամբ:

Leave a Comment