Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը քայլ է անում դեպի հաջորդ փուլ՝ գաղափարներից ու ստարտափներից անցնելով կարողությունների ընդլայնման և միջազգային շուկայում դիրքավորվելու փուլ։ Հայաստանում ձևավորվում են նոր ենթակառուցվածքներ, ներգրավվում են խոշոր ներդրումներ, իսկ ոլորտի մասնագետները կարևորում են մարդկային ներուժի զարգացումը։ Նոյեմբերին այս ամենը մեկ հարթակում ԱԲ ոլորտի առաջատարներին կներկայացնի Digitec 2026-ը։
Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնելու է արհեստական բանականության ոլորտի ոչ թե մեկ բաղադրիչ, այլ ամբողջ շղթան՝ նոյեմբերի 20-ից 22-ը կայանալիք միջոցառմանը նվիրված ասուլիսում հայտարարում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը:

«Digitec-ն ինքն իրենով ցույց է տալիս այն մոդելը, որը որ մենք ուզում ենք Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի բոլոր կազմակերպություններն անցնեն։ Այսինքն՝ սկսվի մի համեստ գաղափարից, միգուցե մի ստարթափից և հասնի մի կարգավիճակի, որտեղ իր ազդեցությունը, նշանակությունը և դերն, անշուշտ, դուրս են գալիս Հայաստանի սահմաններից»։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը մեծապես կախված է պետության և մասնավոր հատվածի արդյունավետ գործակցությունից։ Նրա գնահատմամբ՝ Digitec-ը այդ գործակցության լավագույն օրինակներից է։ Նախորդ տարի ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 30 հազար այցելու և 200-ից ավելի մասնակից–կազմակերպություն՝ շուրջ 30 երկրից։
Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի ամենամյա նշանակալի իրադարձություններից մեկի կազմակերպիչ կառույցի՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Արմեն Քոչարյանը վստահեցնում է՝ այս տարի միջոցառումն ունենալու է մասնակիցների ավելի մեծ ու ներկայանալի կազմ:

«Որովհետև մենք արդեն ունենք այնպիսի ընկերություններ, որոնք ստեղծում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ունեն համաշխարհային պահանջարկ։ Եվ դա մի հարթակ է, որտեղ մենք պետք է ցույց տանք այդ ամեն ինչը»։
Հայաստանն ունի պատմական հնարավորություն ԱԲ ոլորտում, այսպես ասենք աչքի ընկնելու՝ նշում է ԱՏՁՄ տնօրենը։ Էդիտա Ղազարյանի խոսքով՝ այս հնարավորության հիմքում երկու կարևոր գործոն կա՝ Հայաստանում տվյալների և հաշվողական հզորությունների կենտրոնների ստեղծումն ու մարդկային կապիտալը։

«Այդ երկու, այսպես ասած հենասյուների վրա կառուցում ու դիրքավորում ենք Հայաստանը որպես աշխարհում ԱԲ նոր հանգույց։ Մերիդիանում մենք հավաքելու ենք աշխարհում ԱԲ ոլորտի առաջնորդներին»։
Արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումն արդեն Հայաստանում իրականացվող կոնկրետ ծրագրերի առանցքում է։ Նյու Յորքում, «Կոնկորդիա» գագաթնաժողովի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱԲ ենթակառուցվածքների զարգացման վերջին արդյունքները՝ նշելով, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվել է երեք կենտրոն, որոնցից երկուսը խոշոր ներդրումային ծրագրեր են։

«Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, նախորդ տարի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին։ Մեկ տարվա ընթացքում ԱԲ երեք կենտրոն ունենք։ Դրանցից երկուսը շատ մեծ մասշտաբի նախագծեր են՝ Firebird ընկերությունը համագործակցելով Nvidia-ի հետ հիմնել է մոտ 500 մլն դոլարի ծրագիր»։
Firebird-ի ծրագիրը նախատեսում է Հայաստանում ստեղծել հաշվարկային խոշոր ենթակառուցվածքներ՝ արհեստական բանականության ոլորտի համար։
ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնմանը զուգահեռ ոլորտի ներկայացուցիչները կարևորում են նաև մարդկային ներուժի զարգացումը։ Նոր հաշվարկային հնարավորությունները, նրանց գնահատմամբ, ինքնին բավարար չեն․ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք այդ ռեսուրսը կօգտագործեն նոր տեխնոլոգիաներ ու արտադրանք ստեղծելու համար։
Այս առումով Digitec-ը կարևոր հարթակ է՝ ներկայացնելու ոչ միայն արդեն ստեղծված տեխնոլոգիաները, այլև այն հնարավորությունները, որոնք Հայաստանը փորձում է ձևավորել արհեստական բանականության ոլորտում։