Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Հարավային Կովկասը միջազգային օրակարգի առանցքային թեմաների շարքում է։ Աշխարհի առաջնորդների ելույթներում հնչել են ուղերձներ տարածաշրջանում հաստատված նոր իրավիճակի և դրա հնարավոր արդյունքների մասին։ ՄԱԿ-ի ամբիոնից սպասվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Մինչև այդ նա արդեն որպես բանախոս մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսված է նաև առանձին միջոցառում՝ TRIPP նախագծին նվիրված, որտեղ, ըստ ամերիկյան կողմի, կներկայացվեն նախագծի իրականացման հաջորդ քայլերը։
Արարատ Միրզոյանը առաջիկայում խորհրդարան կտանի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը, իսկ հայկական պատվիրակությունը Նյու Յորքից կբերի նախագծի հաջորդ փուլին վերաբերող նոր պայմանավորվածություններն ու քայլերը։ Ամերիկյան իշխանությունը դրանք նախատեսում է ներկայացնել TRIPP-ին նվիրված հատուկ միջոցառման ժամանակ՝ նախագիծը խաղաղության նախաձեռնությունից գործնական փուլ տեղափոխելու տրամաբանությամբ։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է ակնկալիքը՝ TRIPP-ը «նոր դարաշրջան կբացի մեր երկրի համար»։ Նրա խոսքով՝ սա զուգահեռվում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
«Ծրագրի արդյունքում մենք լիարժեք կբացենք տարածաշրջանային կապակցվածությունը։ Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ։ Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը, և դրա շրջանակում նաև երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև բացվի, իսկ ընդհանուր դա կփոխի միջազգային լոգիստիկան։ Միջազգային հանրությունը նոր ուղի կստանա Արևելքի և Արևմուտքի միջև։ Մի շատ կարևոր նրբություն կա նաև․ որպես TRIPP–ի զուգահեռ արդյունք կբացվի երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև»։
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները նախօրեին ուշ երեկոյան լրագրողներին հայտնել են, որ TRIPP-ին նվիրված միջոցառմանը ներգրավված են ավելի քան 40 ընկերության, նաև՝ Հայաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ներկայացուցիչներ։ Ըստ հրապարակումների՝ Վաշինգտոնը պատրաստվում է հայտարարել նաև Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին։
Միջոցառման ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, կներկայացվի, թե ինչպես է TRIPP-ը «բացելու Միջին միջանցքը»՝ գործարկելով դեպի արևմուտք ձգվող առևտրային նոր ուղի։ Այն Եվրոպան կկապի Կենտրոնական Ասիայի հետ՝ միաժամանակ նվազեցնելով տարանցիկ փոխադրումների կախվածությունը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի տարածքից։
TRIPP-ի շուրջ քննարկումներին զուգահեռ՝ Հարավային Կովկասում հաստատվող խաղաղության և դրա հնարավոր արդյունքների մասին ՄԱԿ-ի տարբեր հարթակներում խոսել են Երևանը, Վաշինգտոնը, Բաքուն և Անկարան։
Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է նախատեսվածի համաձայն, և որ Անկարան վճռականորեն պաշտպանում է գործընթացը։ Թուրքիան նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման հույս ունի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթում ԱՄՆ նախագահ անդրադարձել է իր վարչակազմի արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով հատկապես խաղաղության հաստատման գործում դերակատարությունը։
Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը՝ մեջբերելով Փաշինյանի և Ալիևի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը։ Թրամփի փոխանցմամբ՝ Փաշինյանը հայտարարել է՝ «առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության՝ այս բեկումը հնարավոր չէր լինի»։ Ալիևից էլ ԱՄՆ նախագահը մեջբերել է հետևյալը՝ «Նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց»։
Այս ամենի կողքին կա Իրանի խնդիրը,որի հարցում Թրամփի վարչակազմը դեռ չի գտնում ընդհանուր եզրեր։ «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Հայաստանի վարչապետը խոսել է նաև այս խնդրի մասին։
«Բայց տարածաշրջանում ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, բավական մտահոգիչ է, բնականաբար, մեզ համար, և մենք անհամբեր սպասում ենք, որ իրավիճակը կայունանա»։
Այս հարցում կայունացում Թրամփն ակնկալում է ընտրություններից հետո և համոզված է, որ իրանական կողմն իր հետ չհամաձայնելու որևէ պատճառ չունի։