Մահվան դեպքերը բանակում․ պետական մարմիններն ու իրավապաշտպանները տարբեր մեթոդաբանությամբ են առաջնորդվում

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026-ի առաջին 9 ամիսներին Հայաստանի  զինված ուժերում արձանագրվել է մահացության 34 դեպք։ Դրանց մի մասն, ըստ կառույցի, տեղի է ունեցել ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Պաշտոնյաներն այս տվյալները չեն վիճարկում, բայց կարևորում են վիճակագրության լիարժեքության գործոնը։ Արթուր Սաքունցն, ի դեպ, նշել է, որ վիճակագրության վարման առումով պետական մարմինների և իրավապաշտպանների միջև առկա է մեթոդաբանական էական տարբերություն։

2026 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, ըստ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաքած տեղեկությունների, զինված ուժերում մահացության 34 դեպք է արձանագրվել։ Դրանցից 19-ը, ըստ կազմակերպության, զինվորական ծառայության հետ կապ չունեն, իսկ մեկի հանգամանքները դեռ պարզված չեն։

Ծառայության հետ չկապված 19 դեպքերի մեծ մասի պատճառն առողջական խնդիրներն ու վթարներն են։ Ծառայության հետ կապված 14 դեպքերի գերակշիռ մասում՝ 7-ում, պատճառը  ինքնասպանությունն է, 3–ի դեպքում՝ սպանությունը, մյուսներում՝ զենք-ռազմամթերքի հետ վարվելու կանոնների խախտումը։

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը բացատրում է «զինծառայության հետ չկապված հանգամանքներ» արտահայտության իմաստը․

«Այսինքն՝ զինծառայողը զորամասում չի գտնվել կամ զինվորական պարտականության կատարման ժամանակ չի գտնվել։ Սա է մեթոդաբանության հիմքում ընկած այդ տարանջատումը»։

Սաքունցն ասում է, որ պետական մարմինների և իր ղեկավարած կառույցի մոտեցումներն այս կետում տարբերվում են։ Իրենց վիճակագրությունը ներառում է զինված ուժերում մահվան բոլոր դեպքերը՝ անկախ այն հանգամանքից՝ դա տեղի է ունեցել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, թե ոչ․

«Որովհետև այդքան մարդ, երբ որ տարբեր պատճառներով՝ առողջական կամ ընտանեկան, չգիտեմ ինչ, մահանում է, ինքը հաշվառումից պետք է հանվի և նրա փոխարեն պետք է նոր մարդ մտցվի»։

Համեմատության համար կառույցի ղեկավարը նշում է՝ 2025-ին գրանցվել է  մահացության 35 դեպք, որից 25-ը՝ զինվորական ծառայության հետ կապված։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած թվերը չի վիճարկում, սակայն շեշտում է՝ զինված ուժերում մահվան դեպքերը պետք է ճիշտ տարանջատել․

«Մեր աշխատանքը պետք է հիմնված լինի հենց այդ վիճակագրության ու  դրա վերլուծության վրա։ Օրինակ, եթե պարոն Սաքունցն ասեր, որ խաղաղ պայմաններում ունենք 33 զոհ և չտարանջատեր երևույթները, մենք չէինք իմանալու, թե ինչի մասին ենք խոսում և ինչպես պետք է լուծենք այդ խնդիրները»։

Գաբրիելյանը բանակում առկա  խնդիրները լուծելու համար կարևորում է պաշտպանական գերատեսչության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության գործակցությունը։

Բանակում մահվան դեպքերին, դրանց պատճառների ուսումնասիրությանն ու  կանխարգելմանը  խորհրդարանում անձրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Ինքնասպանությունների, ինքնասպանությունների հասցնելու դեպքերը, սպանությունները, տարբեր պատճառներով մեր զինվորների մահերը խորապես մտահոգում են Կառավարությանը, և այս խնդիրները հասցրեագրելու մեր ջանքերը չեն դադարելու և մենք արդեն կոնկրետ ծրագրեր ենք նախանշում, թե ինչպես պետք է լուծենք այդ խնդիրը՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ դա որոշակի կապվածություն ունի նաև արտաքին միջավայրի փոփոխության հետ»։

Բանակում մահվան դեպքերի պատճառներն ու դրանց հանգեցնող պայմանները ուսումնասիրելու նպատակով ՊՆ-ում ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ղեկավարում է նախարար Սուրեն Պապիկյանը։

Օգոստոսին անցկացված առաջին նիստում քննարկվել են զինված ուժերում ինքնասպանությունների, սպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառները։ Պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը կարծում է՝ չկա այնպիսի բանաձև, որը կարելի է  ներկայացնել զինված ուժերի հրամանատարական կազմին, և որի  միջոցով հնարավոր է լուծել խնդիրները․

«Մեր հիմնական թերացումները գալիս են նրանից, որ լուրջ կադրային սով ունենք։ Մասնավորապես՝ դասակ, մարտկոց և վաշտ օղակներում։ Դա մեր կրտսեր հրամանատարական կազմի թերբացակա լինելն է»։

Պահեստազորի գնդապետի խոսքով՝ կրտսեր հրամանատարական կազմի ոչ լիարժեք համալրման  պատճառով պարտականությունները հաճախ դրվում են ավելի ցածր օղակների ծառայողների վրա։

Զինված ուժերի համալրման հարցը Պաշտպանության նախարարությունում առանձին քննարկման թեմա է։ Վերջերս նախարարը խորհրդակցություն էր անցկացրել սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման ուղղությամբ կատարվող աշխատանքի վերաբերյալ։

Leave a Comment