Սյունիքում եվրոպական ներդրումները միայն ճանապարհների, ջրի կամ ենթակառուցվածքների ուղղությամբ առանձին ծրագրեր չեն։ Դրանք, ըստ Եվրոպական միության ձևակերպման, նաև մարզի դիմակայունության, զարգացման ու Հայաստանի կապակցվածության օրակարգին են միտված։ Վերջին չորս տարում ԵՄ-ն Սյունիքում տարբեր ծրագրերի 250 միլիոն եվրո է ուղղել։ Հիմա էլ քննարկվում է ԹՐԻՓՓ նախագծում կառույցի ներգրավվածության հարցը։
Եռօրյա այցով Սյունիքում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ու ԵՄ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները։ Նրանք տեղում տեսել են, թե ինչ ծրագրերի է վերածվել եվրոպական ֆինանսավորումը՝ վերականգնվող պատմամշակութային հուշարձաններից մինչև խմելու ջրի համակարգեր։։
Տաթևի Մեծ անապատի վերականգնում, հետիոտնային արահետների բարեկարգում, Սպանդարյանի ջրամբարի նորոգման համաֆինանսավորում, Լեհվազում խմելու ջրի մաքրման ու հավաքման կայան, Մեղրիի սահմանային անցակետի հիմնանորոգում։

Տարբեր ծրագրեր, բայց, ըստ Վասիլիս Մարագոսի, մեկ ընդհանուր նպատակով՝ Սյունիքում մարդկանց համար նոր հնարավորություններ ստեղծել և բարելավել կյանքի որակը։
«Բոլորս էլ գիտենք, որ Սյունիքը Հայաստանի համար մեծ կարևորություն ունի ու խորհրդանշական մարզ է։ Սյունիքը կարևոր է երկրի դիմակայունությունը բարձրացնելու, ինքնիշխանության, անկախության ու ինքնության առումով։ Վերջին 4 տարում Եվրամիությունը 250 մլն եվրոյի ծրագիր է իրականացնում Սյունիքում՝ դրամաշնորհային ծրագրեր, վարկային միջոցների տրամադրում, ենթակառուցվածքների նորոգում, նաև սոցիալական ծրագրեր»։
Այս ներդրումների մի մասը Սյունիքի համայնքների առօրյայի ամենապարզ խնդիրների լուծման մասին է։ Սիսիանի Բնունիս, Սալվարդ և Լծեն բնակավայրերում, օրինակ, վերակառուցվում են խմելու ջրի ցանցերը։ Գորիսում նորոգվում է հին աղբավայր տանող ճանապարհը։

Ծրագրերն ամփոփել են նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմում՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ աշխատաժողովում։ Մարզի համայնքների ղեկավարներն ու միջազգային գործընկերները խոսել են ոչ միայն արդեն արվածի, այլև հաջորդ ծրագրերի մասին։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ կարևոր է, որ համայնքների առաջնահերթությունները հասնեն ոչ միայն կառավարություն, այլև միջազգային գործընկերներին։
«Ծրագրերն իրականացվում են տարբեր ոլորտներում, բայց հատկանշական է, որ առաջին անգամ այս ծրագրերը ներկայացված են սուբվենցիոն ծրագրերում։ Սա շատ կարևոր է, քանի որ սուբվենցիոն ծրագրերի մեջ ներառելու համար մի քանի նախապայման է անհրաժեշտ՝ առաջին հերթին որակը։ Այսօր բոլորս նկատում ենք, որ սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները որակապես բարձր մակարդակի վրա են։ Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ համայնքներից առաջնահերթությունները գնում են ոչ միայն կառավարություն, այլ նաև միջազգային գործընկերներին»։

Եվրոպական ներգրավվածության հաջորդ հնարավոր ուղղությունը արդեն Սյունիքի առանձին համայնքը չէ, այլ տարածաշրջանային կապակցվածությունն է։ Լրագրողների հետ զրույցում Վասիլիս Մարագոսը հայտնել է, որ ԵՄ-ն կառավարության հետ քննարկում է ԹՐԻՓՓ նախագծում իր ներգրավվածության հարցը։ Նման նոր նախաձեռնությունները, նոր ծրագրերի ներդրումը շարունակական են լինելու
«Այդ համատեքստում գործընկերների հետ քննարկում ենք տարբեր ներդրումային պլատֆորմների մեկնարկն ու գործարկումը։ Շատ կարևորում ենք ԹՐԻՓ-ը ու կառավարության հետ քննարկում ենք մեր ներգրավվածության հարցը ԹՐԻՓՓ նախագծում։ Մեր ներգրավվածությունը Սյունիքում իրականացվող ծրագրերին շատ կարևոր է»։

Լրագրողների հետ ճեպազրույցում Մարագոսը նախ մեկ անգամ ևս հավաստիացնում է, որ Եվրոպական միությունը սատարում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ ԹՐԻՓ-ի շուրջ անելիքներին ԵՄ-ի հնարավոր ներգրավվածությունը Մարագոսը կապում է նաև «Կապակցվածության օրակարգի» հետ, որի նպատակն է ամրապնդել Եվրոպան, Սևծովյան տարածաշրջանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները։
ԵՄ պատվիրակության անդամների այցը Սյունիք շարունակվել է Մեղրիի տարածաշրջանում։