Շրի Լանկայի դատարանը 15 մարդու դատապարտել է երկարատև ազատազրկման՝ 2019 թվականին եկեղեցիների և հյուրանոցների վրա տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներին մասնակցելու համար, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։
Այսպիսով, գործով հինգ մեղադրյալ դատապարտվել է 200 տարվա ազատազրկման, ևս հինգը՝ 220 տարվա, չորսը՝ 240 տարվա, իսկ մեկը՝ 260 տարվա՝ դավադրությանը մասնակցելու և ահաբեկչական հարձակումներին օժանդակելու համար։ Դատապարտված անձանց ողջ ունեցվածքը կբռնագրավվի։
Նույն դատավարության ընթացքում ինը մարդ արդարացվել է ահաբեկչական հարձակումներին մասնակցելու մեղադրանքներից։
Դատավճիռը հրապարակվել է անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում, դատարանի շենքի շուրջը տեղակայված են հարյուրավոր ոստիկաններ։
Դատախազության տվյալներով՝ դատապարտված տղամարդիկ մասնակցել են քրիստոնյաների սպանության նպատակով հարձակման նախապատրաստմանը։ Դատարանը վերանայել է պայթյուններից մեկ օր առաջ արված տեսագրությունը, որում հարձակվողները հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին և խոստացել պայքարել Շրի Լանկան իսլամական երկիր դարձնելու համար։