Հայաստանն առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը կանանց 65 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում ժամանակից շուտ հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինությանին և, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

«Վճռորոշ մենամարտում Էլիդան ոչ մի շանս չտվեց մրցակցին: Գրագետ օգտագործելով իր ֆիզիկական տվյալները հայ մարզուհին մրցակցին պահում էր տարածության վրա ու տեղ հասցնում ուժգին հարվածները: Արդյունքում մեկ նոկդաուն առաջին ռաունդում և երկու նոկդաուն երկրորդ ռաունդում, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտն ու հաղթանակը շնորհեց Էլիդային»,- նշված է ՀԲՖ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ են դուրս եկել և մեդալների համար կպայքարեն նաև Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ):

Leave a Comment