Ապրանք վերադարձնելիս և հարկային հաշիվ չեղարկելիս նոր կարգ է սահմանվելու․ ինչ է փոխվելու

Iravaban.net–ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ։ Փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել ՀԴՄ կտրոնով ձեռքբերված ապրանքների վերադարձի, չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշվի դուրսգրման և այդ հաշիվներում ԱԱՀ-ի հաշվանցման հետ կապված կարգավորումները։ Նոր կարգավորումները նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից։

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի նպատակը հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգի, այդ թվում՝ գործարքների ճշգրտման, ՀԴՄ կտրոնով ապրանքների վերադարձի և հաշվարկային փաստաթղթերի չեղարկման դեպքերի մասով, ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշմամբ սահմանված պահանջների համապատասխանեցումն է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 2027թ. հունվարի 1-ից գործող դրույթներին, հաշվի առնելով նաև 2027թ. հունվարի 1-ից գործող՝ օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 5-ի ՀՕ-234-Ն օրենքով կատարված փոփոխություններով վերանայվել ու փոփոխվել են՝

– օրենսգրքի շրջանակներում գործարքների ճշգրտման, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնով ապրանքների վերադարձի մասով կարգավորումները,

– չեղարկված հարկային հաշվով ձեռքբերման մասով ԱԱՀ-ի հաշվանցման կանոնները, եթե չեղարկված հարկային հաշվով իրականացված գործարքի մասով դուրս է գրվել նոր հարկային հաշիվ: Մասնավորապես, օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ հաշվանցվել (պակասեցվել) է չեղարկված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

Նշված փոփոխություններով պայմանավորված առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման մեջ՝ որոշմամբ սահմանված պահանջները համապատասխանեցնելով օրենսգրքի դրույթներին, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովմամբ շարունակել իրականացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի նախալրացման գործընթացը:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝

1) հստակեցնել, որ ՀԴՄ կտրոնով ձեռքբերված ապրանքի վերադարձի մասով օրենսգրքով սահմանված կարգով տրամադրվում է ՀԴՄ-ի վերադարձի կտրոն,

2) սահմանել, որ օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում`

– ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման նույն գործարքի մասով սահմանված կարգով չեղարկված հարկային հաշվի փոխարեն կարող է դուրս գրվել նոր հարկային հաշիվ, որը դուրս է գրվելու այն սահմանված կարգով չեղարկված համարվելուց հետո,

– չեղարկված հարկային հաշվի փոխարեն դուրս գրվող նոր հարկային հաշվում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև չեղարկված այն հարկային հաշվի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը՝ ապահովելով չեղարկված և դուրս գրված նոր հարկային հաշվի միջև կապը: Ներկայումս համանման կարգավորում կիրառվում է գործարքների ճշգրտման դեպքում՝ ապահովելով կապը ճշգրտվող և ճշգրտող հաշվարկային փաստաթղթերի միջև,

– չեղարկված հարկային հաշվի փոխարեն դուրս գրվող նոր հարկային հաշվում, անկախ այդ հաշվի դուրս գրման ամսաթվից, որպես ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ամսաթիվ լրացնել չեղարկված հարկային հաշվում լրացված՝ ապրանքները մատակարարած կամ աշխատանքները կատարված կամ ծառայությունները մատուցված համարվելու ամսաթիվը՝ հաշվի առնելով, որ օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները վերաբերում են օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 5-6-րդ կետերով սահմանված դեպքերին: Այսինքն՝ չեղարկված և դուրս գրված նոր հարկային հաշիվների մատակարարման ամսաթվերը պետք է լինեն նույնը,

– չեղարկված հարկային հաշվի փոխարեն դուրս գրվող նոր հարկային հաշվում պետք է լրացվեն մատակարարված ապրանքների անվանացանկի կամ քանակի կամ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների տեսակի կամ ծավալի, հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալների մասով տեղեկատվությունը՝ ճշտված տվյալներով:

Հաշվի առնելով, որ 2026 թվականի մայիսի 5-ի ՀՕ-234-Ն օրենքով օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 71-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ են 2027թ. հունվարի 1-ից, նախատեսվում է, որ որոշման փոփոխությունները ևս ուժի մեջ կմտնեն 2027թ. հունվարի 1-ից։

Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման համապատասխանեցումն է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դրույթներին, մասնավորապես՝ ՀԴՄ կտրոններով ձեռքբերված ապրանքների վերադարձի և օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում հարկային հաշիվների չեղարկման և նոր հարկային հաշիվների դուրս գրման գործընթացի մասով:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «3. Հարկային հսկողության ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ ստվերի կրճատում» նպատակի «3.1 Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականության կամ գործարքների լիարժեք փաստաթղթավորման կարգապահության բարելավում, հսկողական գործիքակազմի կատարելագործում» միջոցառումների հետ:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման համապատասխանեցումն է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դրույթներին։

Leave a Comment