Ընտանեկան բռնության զոհերի մեծ մասը կանայք են, սակայն բռնության ենթարկվում են նաև տղամարդիկ։ Այս տարի, օրինակ, Արմավիրի աջակցման կայանում տղամարդկանց նկատմամբ ընտանեկան բռնության 4 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզում տարեկան շուրջ 130 բռնության դեպք է արձանագրվում, որոնց մի մասն է միայն հասնում դատարան։
Նոր օրենսդրական փաթեթով նախատեսվում է փոխել ընտանեկան բռնության դեմ պայքարի տրամաբանությունը։
«Ով ես դու, որ ինձ հակառակվես»․ այս խոսքերից հետո Կարինեի սկեսրայրը ռետինե խողովակով հարվածել է նրան։ Կինը դիմել է ոստիկանություն, բայց հետո բողոքը հետ է վերցրել՝ լսելով, որ գուցե առաջին դեպքն է, և այլևս չկրկնվի։ Կրկնվել է։ Ամուսնությունից առաջ Կարինեն (անունը փոխված է) երբևէ չէր պատկերացրել, որ իր կյանքը գլխիվայր շուռ է գալու և սիրո փոխարեն պարբերաբար բռնության է ենթարկվելու ոչ միայն ամուսնու, այլև նրա հարազատների կողմից։
Կարինե. «Ամուսնուս ծնողների կողմից, իրենց դրդմամբ, իրենց անմիջական միջամտությամբ անընդհատ վեճեր, տարաձայնություններ ու անհաշտություններ էին լինում տանը: Մայրը կարող էր դրդել ու ինձ ծեծել տար, եթե ինչ-որ բան իրեն դուր չէր գալիս, հետո՝ նաև հայրը: Մի անգամ կենցաղային հարցերի շուրջ միջադեպ եղավ, սկեսրայրս, թե՝ ով ես դու, որ ինձ հակառակվես, ինչ-որ բան ասես, ու սկսեց ռետինե խողովակով ինձ հարվածել: Ոստիկանությունն այդ մասով տեղյակ էր, դիմեցի, բայց հետո ինչ-ինչ խորհուրդներ լսելով, որ առաջին դեպքն է, լավ, միգուցե, էլ չկրկնվի, բողոքը հետ վերցրի»:
Կարինեի պատմությունը ընտանեկան բռնության այն դեպքերից է, որոնք երկար ժամանակ մնում են ընտանիքի ներսում։ Իսկ ոստիկանություն հասնում են հաճախ այն ժամանակ, երբ բռնությունն արդեն պարբերական բնույթ է ստացել։
ՆԳՆ տվյալներով՝ 2026-ի առաջին վեց ամսում ոստիկանությունը ընտանեկան և կենցաղային բռնության մասին մոտ 1 400 հաղորդում է ստացել։ Բռնություն գործադրած 1155 անձ հաշվառվել է։ ՆԳՆ-ն արձանագրում է նաև, որ ընտանեկան բռնությունը հաճախ լատենտ բնույթ ունի, և հաղորդումների աճը կարող է պայմանավորված լինել նախկինում չարձանագրված դեպքերի բացահայտմամբ։
Արմավիրի մարզում տարեկան շուրջ 130 բռնության դեպք է գրանցվում, որոնց մի մասն է հասնում դատարան, քանի որ ոստիկանները երբեմն դառնում են հաշտարարներ՝ «Ռադիոլուրին» ասում է Արմավիրի աջակցման կայանի համակարգող Սուսաննա Մատինյանը։
«Հիմնականում կանայք դիմում են այն ժամանակ, երբ բռնությունը կրկնվում է 5 և ավելի անգամ: Հաճախ, ոստիկանների գնահատմամբ, ընտանիքը լիարժեք է, երբ ամուսիններն ու երեխաները միասին են բնակվում: Եվ, ըստ էության, շատ հաճախ իրենց գործունեության ընթացքում հաշտարարի դեր են ստանձնում»:

Օրենքի պահանջով ոստիկանությունում բռնության դեպքերի մասով պաշտպանական երեք միջոց է կիրառվում՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանություն՝ դատարանի միջոցով։ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ՝ նախազգուշացումը հանվում է, իսկ բռնության դեպքերն, անկախ տուժողի բողոքից, անհետևանք չեն մնալու՝ վստահեցնում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Այսինքն՝ պետության արձագանքը այլևս չպետք է կախված լինի նրանից, թե տուժողը կկարողանա՞ շարունակել գործընթացը և ներկայացնել բողոք։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան․
«Այսօր պետությունը գրեթե ամբողջ բեռը թողնում է բռնության զոհի վրա, որպեսզի ինքը ներկայացնի հաղորդում՝ հետագայում այն ընթացքավորվի: Նախագծով առաջարկում են չկապել տուժողի բողոքի կամ հաղորդման հետ, և բոլոր դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի առարկա, սկսել քրեական վարույթ: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք գործընթացում բացառելու ենք որևէ հաշտություն: Պետությունը գնալու է մինչև վերջ և պատասխանատվության է ենթարկելու բռնարարին»:
Կյանքին վտանգ սպառնացող դեպքերում պետությունը, ըստ գործող օրենքի, տուժողներին մինչև 2 ամսով տրամադրում է ապաստարան, որից հետո զոհերը հաճախ վերադառնում են բռնարարի մոտ ու կրկնակի բռնության ենթարկվում։ Օրենքի փոփոխությունների փաթեթով մեկուսացվելու են ոչ թե բռնության զոհերը, ասում է նախարարը, այլ բռնարարը։ Զուգահեռաբար, նրա հետ աշխատանքներ կտարվեն՝ բռնության հետագա դեպքերը կանխելու նպատակով։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան։
«Եթե մենք ուզում ենք կանխարգելման մեծ բաղադրիչ ունենալ, տրամաբանական է, որ պատժից զատ պետք է աշխատել բռնարարի վարքագծային փոփոխության վրա: Նախատեսում ենք պատժին զուգահեռ պարտադիր վերականգնողական ծրագիր իրականացնել»:
Բայց միայն բռնարարի մեկուսացումը բավարար չէ։ Բռնության ենթարկված մարդը հաճախ միաժամանակ կանգնում է սոցիալական ու տնտեսական խնդիրների առաջ։ Բռնության ենթարկված կանանց աջակցման կայանը նրանց տրամադրում է իրավաբանական, հոգեբանական ու սոցիալական աջակցություն։ Սուսաննա Մատինյանի գնահատմամբ՝ կրկնակի զոհականացվում են սոցիալական խնդիրներն ինքնուրույն հաղթահարելու անկարող կանայք։
«Երբ կանայք չունեն մասնագիտություն, մենք փորձում ենք կարիքների հիման վրա նրանց տալ նոր հմտություններ, նաև աշխատանքային գործիքներ, որպեսզի աշխատաշուկայում դառնան մրցունակ կամ ինքնազբաղվածություն ապահովեն»:
Երբեմն ընտանեկան բռնության շղթայում բռնարարը կինն է, զոհը՝ տղամարդը։ Այս տարի Արմավիրի աջակցման կայանում գրանցվել է այդպիսի 4 դեպք։ Այդ տղամարդիկ նույնպես օգտվել են աջակցման ծրագրից։