Ովքե՞ր պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր․ ո՞ր եկամուտները և որտե՞ղ պետք է լրացնել հայտարարագրում

2026 թվականին՝ 2025 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում ՀՀ ռեզիդենտ և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացի են։ Բացառություն են միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ 2025 հաշվետու տարվա համար ներկայացվող հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ Եթե նշված ժամկետում հայտարարագիր չեք ներկայացնում, ապա հարկային մարմնի կողմից, իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, նախալրացրած եկամուտների տարեկան հայտարարագիրը համարվում է հանձնված՝ առանց լրացուցիչ գործողությունների։

Հիշեցնենք, եթե ցանկանում եք օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից, ապա էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագիրը հաստատելը պարտադիր է։ Հայտարարագրում լրացվում են բոլոր եկամուտները, այդ թվում՝ չհարկվող եկամուտները։ Չհարկվող եկամուտները հայտարարագրում լրացնելիս՝ որևէ հարկային պարտավորություն չի առաջանում, օրինակ՝ Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ, ապա, այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։

Ծախսերը, անշարժ և շարժական գույքը հայտարարագրման ենթակա չեն, եկամուտների տարեկան հայտարարագրում պետք է ներառեք միայն հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։

Ո՞ր եկամուտներն են հայտարարագրում լրացվում ինքնաշխատ
Եկամուտների տարեկան հայտարարագրում հարկային մարմնի տեղեկատվական բազայի հիման վրա ինքնաշխատ լրացվում են հետևյալ եկամուտները․

-հարկային գործակալից աշխատանքային պայմանագրի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտները (օրինակ՝ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ),
– հարկային գործակալից ստացվող այլ եկամուտները (օրինակ՝ շահաբաժին [1.2.8], ռոյալթի, վարձավճար, գույքի օտարումից եկամուտներ, նվիրատվություն, մրցանակ և այլն),
– հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուից (դիվանագիտական ներկայացուցչություններ, հյուպատոսական հիմնարկներ, միջազգային կազմակերպություններ) աշխատանքային պայմանագրի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացվող եկամուտները,
– նպաստները՝ 2-րդ բաժնի [2.1] տողում,
– բոլոր տեսակի կենսաթոշակները` 2-րդ բաժնի [2.2] տողում,
– պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումները` 2-րդ բաժնի [2.5] տողում,
– hատուցման հիմնադրամից ստացվող հատուցումները՝ 2-րդ բաժնի [2.25] տողում,
– սոցիալական պաշտպանության շրջանակում ստացվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները՝ 2-րդ բաժնի [2.6] տողում,
– հաշվետու տարվա ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներից ստացած եկամուտները՝ 2-րդ բաժնի [2.21] տողում։

Leave a Comment