
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը իշխող գաղափարախոսություն և պետական ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին:
«Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, կառավարությունը դրա դեմ պետք է գոևծողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: մեր հեևությունն այն է, որ այս ամենով հանդերձ եթե մենք խոսում ենք համապարփակ անվտանգություն և դիմակայունություն մասին, պետք է արձանագրենք մի բան, որ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն», – ընդգծեց Փաշինյանը:
14 կետից բաղկացած «Իրական Հայաստանի գաղափախոսությունում» Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հայրենիքը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն է. «Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով»:
Արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն կոմպոնենտը միջազգային լեգիտիմությունն է. Փաշինյան
«Միջազգային լեգիտիմություն ասելով նկատի ունենք, որ ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումները և անվտանգային ոլորտի դիրքորոշումները պետք է հինված լինեն միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ շրջանակի վրա: Սա է պատճառը, որ մենք խոսում ենք 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքի մասին», – ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հայտարարեց նաև՝ «պետք է կառուցենք մեր հարևանների հետ այնպիսի հարաբերություններ, որ միմյանց կայունությունն ու տնտեսական բարեկեցությունը ձեռնտու լինի իրար»
Վարչապետի խոսքով՝ մինչև 2022 թվականը Հայաստանի անվտանգության բանաձևն իր էության մեջ «պրիմիտիվ» էր, «որովհետև կազմված էր մի նախադասությունից՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կապահովի մեր անվտանգությունը»:
«Եթե վերլուծենք 1994 թվականից մինչև 2022 թվականի մամուլը, կտեսնենք հազարավոր փորձագիտական գնահատականներ, որ ՀԱՊԿ-ը անհրաժեշտ պահին չի ապահովելու Հայաստանի անվտանգությունը, հարցն այն է՝ ինչո՞ւ այդ բոլոր փորձագիտական ու նաև քաղաքական պնդումները չեն բերել գործողությունների կամ հետությունների», – հայտարարեց Փաշինյանը:
Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։
2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։