TRIPP-ը՝ «Թրամփի ուղին»՝ Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքային ծրագիրը, հաղթահարել է իրավական կարևոր փուլ․ Սահմանադրական դատարանը տվել է դրա սահմանադրականության հաստատումը։ Այժմ հերթը Ազգային ժողովինն է։ Բայց մինչ Երևանում քննարկվում է փաստաթղթի վավերացման հարցը, դրա շուրջ գործընթացն արդեն դուրս է եկել միայն հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանակից․ TRIPP-ին անդրադառնում են Վաշինգտոնում, Բաքվում և Անկարայում, իսկ Դոնալդ Թրամփը դրա մասին ուշագրավ դիտարկում է արել։
Սահմանադրական դատարանը TRIPP-ի շրջանակային համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հաջորդիվ վավերացման օրինագիծը կներկայացվի Ազգային ժողով։ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին՝ Երևանում՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Հուլիսին Հայաստանի կառավարությունն արդեն հավանություն էր տվել դրա վավերացման նախագծին։
Մինչ Երևանում համաձայնագիրը մտնում է իրավական ընթացակարգի հաջորդ փուլ, Վաշինգտոնում այն ներկայացվում է որպես տարածաշրջանային ավելի լայն աշխարհաքաղաքական նախաձեռնություն։
Ամերիկյան The Hill-ը գրում է, որ Իրանի և Ռուսաստանի միջև գտնվող Հարավային Կովկասն այսօր վերածվում է Միացյալ Նահանգների ուշադրության կարևոր կենտրոններից մեկի։ Հոդվածում ներկայացված է նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հարցազրույցը։ Նարեկ Մկրտչյանը շեշտել է, որ Հայաստանը TRIPP-ի վերաբերյալ հարևաններին, այդ թվում՝ Իրանին փոխանցել է հստակ ուղերձ՝ նախագիծը որևէ երկրի դեմ չէ և վերաբերում է հաղորդակցություններին և էներգետիկ և թվային ենթակառուցվածքներին։
TRIPP-ի շրջանակում մաքսային, սահմանային վերահսկողության, հարկային, ոստիկանության և անվտանգության գործառույթները շարունակելու են մնալ հայկական պետական կառույցների իրավազորության ներքո։
TRIPP-ի առանցքում Հայաստանի տարածքով անցնող մոտ 42 կիլոմետրանոց հատվածն է՝ տրանսպորտային կապերի համար։ Համաձայնագրով ստեղծվելիք TRIPP Development Company-ում ԱՄՆ-ը նախատեսում է ունենալ 74, իսկ Հայաստանը՝ 26 տոկոս բաժնեմաս։ Ընկերությանը Հայաստանի հողօգտագործման և կառուցապատման իրավունքները սկզբնական շրջանում տրվելու են 49 տարով։ Այսինքն՝ համաձայնագիրը չի նշանակում, որ ԱՄՆ-ը 49 տարով սեփականության իրավունք է ստանում Հայաստանի ճանապարհների, երկաթուղիների կամ այլ ենթակառուցվածքների նկատմամբ, ինչպես երբեմն թյուրիմացաբար ենթադրվում էր, և որը նաև ՍԴ դիտարկման հարցերից էր։ Դեռ մինչև ՍԴ ուղարկելը արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը շեշտել էր․
49 տարվա ժամկետից հետո կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ երկարացնել համագործակցությունը ևս 50 տարով։ Այդ դեպքում Հայաստանի բաժնեմասը պետք է հասնի 49 տոկոսի։ Նախագծին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահը։ The Hill-ը փոխանցել է Դոնալդ Թրամփի դիտարկումը, որ TRIPP-ը կարող է նպաստել տարածաշրջանային խաղաղությանը և տնտեսական գործակցությանը։ Սակայն Թրամփը միաժամանակ ընդգծել է, նախագիծը Միացյալ Նահանգներին տալիս է, իր ձևակերպմամբ, «մեծ առավելություն» Իրանի հետ հետագա հարաբերություններում։
Պաշտոնական Երևանը, սակայն, քանիցս շեշտել է՝ նախագիծն իրականացվելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. օգոստոսի 24-ի ելույթում շեշտել է, որ TRIPP-ը չի ենթադրում որևէ օտարերկրյա ռազմական կամ զինված ներկայություն։ TRIPP-ը նաև երկաթուղային կապ կբացի Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Իրանի, Նախիջևանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով, ինչը Փաշինյանի ձևակերպմամբ, կարևոր փոփոխություն է նաև Իրանի համար։ Պաշտոնական Թեհրանից արձագանքել են՝ հայ գործընկերների վստահեցումները հիմք են ընդունվել։
Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը, իր հերթին, նշել է, որ Երևանը նորմալ է վերաբերվում տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը և TRIPP Development Company-ում ամերիկյան մեծ բաժնեմասին։
Սրան զուգահեռ՝ TRIPP-ի հեռանկարը քննարկվում է նաև Անկարայում և Բաքվում։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Բաքվում համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Անկարան գոհունակությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերջին զարգացումներին։ Ֆիդանն ասել է՝ խաղաղության գործընթացի ավարտը Հարավային Կովկասում կարող է նոր դարաշրջան բացել՝ տրանսպորտային կապերով, էներգետիկայով, առևտրով և տնտեսական զարգացմամբ։
Բաքվից էլ հնչում են արդեն ավելի կոնկրետ ժամկետներ։ Բայրամովն ասել է․ «Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների կառուցումը եզրափակիչ փուլում է։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027-ի առաջին կիսամյակում։ Այս հարցով բանակցություններն ընթանում են անմիջականորեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև»։
Բայրամովի ներկայացմամբ՝ Ադրբեջանի հիմնական տարածքում դեպի Հայաստանի սահման տանող ավտոճանապարհի մոտ 95 տոկոսը, իսկ երկաթուղու մոտ 75 տոկոսն արդեն կառուցված է։
Սահմանադրական դատարանի որոշումից հետո TRIPP-ի վավերացման հաջորդ փուլն Ազգային ժողովում է։ Վավերացման դեպքում համաձայնագրի ուժի մեջ մտնելու ընթացակարգերը կշարունակվեն, իսկ նախագիծը կանցնի գործնական փուլ։
TRIPP-ի հիմնարկեքը, ըստ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի վերջին հայտարարության, կարող է տեղի ունենալ 2027-ի սկզբին։