ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ Սահմանադրության տեքստի ներկայիս նախագծում Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթներ կան։ Նախարարն այս մասին հայտնել է Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում։
«Եկեղեցու մասին նշումը, այս պահի դրությամբ, Սահմանադրության տեքստի նախագծում առկա է»,- ասել է Գալյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա հատուկ շեշտել է, որ իր ներկայացրած տեղեկությունը վերաբերում է այս պահի դրությամբ առկա տարբերակին։ Գալյանը նաև պարզաբանել է, որ հրապարակվելիք նոր Սահմանադրության տեքստը վերջնական տարբերակը չի լինելու։ Այն ներկայացվելու է որպես նախագիծ և անցնելու է շրջանառության համար նախատեսված համապատասխան փուլերով։
Դեռ հունիսին Գալյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստում եկեղեցի-պետություն հարաբերությունների վերանայման հարց այդ պահին չի քննարկվում։ Դրանից առաջ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ նոր Սահմանադրության տեքստում կարող են վերանայվել եկեղեցի-պետություն հարաբերությունները, ինչպես նաև եկեղեցու գործունեությանը պետության հնարավոր մասնակցության հարցը՝ «թափանցիկության ապահովման» նպատակով։