Մենք դիվերսիֆիկացնելու ենք՝ անկախ ամեն ինչից. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին

Կառավարությունից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ասուլիսի ժամանակ ակնարկել է՝ ԵԱՏՄ անդամությունից զրկվելով ՀՀ-ն կարող է զրկվել գազի արտոնյալ սակագնից:

Հարցին, թե արդյոք նման սցենարի դեպքում այլընտրանք կա, Փաշինյանը պատասխանել է.

«Եթե նման իրավիճակ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանալ: Հանգիստ, աշխատանքային մթնոլորտում պետք է և կարող ենք քննարկել: Էլ չեմ ասում, որ մենք դիվերսիֆիկացնելու ենք՝ անկախ ամեն ինչից: Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք:

Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից գազ բերելու կամ երկրորդ տեղից բերելու ավելի շատ, գնալու ենք այդ ճանապարհով: Եթե կա հնարավորություն երրորդ տեղից բերելու, գնալու ենք այդ ճանապարհով: Եթե կա հնարավորություն չորրորդ տեղից բերելու, մենք այդ ճանապարհով էլ ենք գնալու: Եթե հնարավորություն կա, որ TRIPP-ով գազամուղ անցնի Հայաստանով, որից մենք այդ թվում տրանզիտային վճարներ կստանանք, այդ ճանապարհով էլ կարող ենք գնալ»:

Leave a Comment