«Հաշտության դեպքում այլևս 25 տոկոս չի վերադարձվելու, ապօրինի գույքը վերցնելու ենք ամբողջությամբ». Փաշինյան

Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում հաշտության դեպքում պետությանը վերադարձվող 25 տոկոսի կարգավորումը կվերացվի․ առաջիկայում նախատեսվում է օրենսդրական փոփոխություն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հաշտության դեպքում այլևս չի լինելու 75/25 տոկոս հարաբերակցություն, և պետությանը պետք է վերադարձվի գույքի 100 տոկոսը. «Այսինքն, ապօրինի ձեռքբերված կոշիկից սկսած վերցնելու ենք», – հայտարարեց նա:

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործերին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նո՞ր իմացանք, որ Ռոբերը Քոչարյանը միլիարդատեր է, միլիոնատեր է, կամ որ Գագիկ Խաչատրյանը միլիարդատեր է: Այսինքն, ինչ-որ մեկը մտածում է, որ մենք էդ փաստին նայելու ենք, ասելու ենք՝ առողջական վիճա՞կ: Մարդիկ 2 ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ: Էս ի՞նչ տրամաբանություն է»:

Գագիկ Խաչատրյանը մեղադրյալ է միանգամից մի քանի գործերով. կա մի գործ, որը քննվում է դեռևս 2019 թվականից՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փողերի լվացման հանցակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ կապված։ Հենց այդ գործով էր այսօրվա դատական նիստը։ Եվ արդեն օգոստոսի 29-ին գումարվեց ևս մեկ գործ՝ արդեն փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման, գումարի հանցավոր ծագումը քողարկելու, խոշոր չափով կաշառք ստանալու հետ կապված, որի շրջանակներում էլ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց։

Արդեն 4-րդ անգամ կալանավորված Ռոբերտ Քոչարյանն էլ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և կաշառք ստանալու մեջ: Ռոբերտ Քոչարյանն իր դեմ հարուցված քրեական գործը որակել է «իրավական դեբիլիզմ կամ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում»։

«Ես դատաիրավական համակարգի առաջ լուրջ խնդիր եմ դրել. ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում, որովհետև մեծ հավանականությամբ տենց դեպք տեղի է ունենում այն երեխաների հետ, ովքեր ամուր սոցիալական թիկունք չունեն: Ես մեծ պրոբլեմ եմ տեսնում այդտեղ: Երբ ուզում ենք դրա քաղաքական պատասխանատվությունը կրենք, ասում են՝ բա անկախությունը: Այսինքն դատարանի անկախությունը բանի համա՞ր է՝ թալանչու օգտին ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞ է», – հայտարարեց Փաշինյանը:

Leave a Comment